Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Դեկտեմբեր 06,2008 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք յոթերորդ

Գլուխ տասներեքերորդ

ԱՆՁՐԵՎԱԲԵՐ ԱՄՊԵՐ

Եվ ես Արիսին ասացի՝ «ուրեմն, Հրանտենց տները գյուղի էս հակառակ կողմը պիտի ըլնեն», եւ Արիսը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ըտենց ա ստացվում», եւ Գագոն ասաց՝ «երեւի էն թթի ծառով տունն ա», եւ Արիսն ասաց՝ «իրանց տունը պիտի որ ավելի հին ըլնի», եւ ես ժպտալով Արիսին հարցրի՝ «Հրանտի գրածով ե՞ս ասում», եւ Արիսը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «Հովիկի պատմածով եմ ասում», եւ Գագոն ասաց՝ «Հովիկին պիտի հետներս բերած ըլնեինք», եւ Արիսն ասաց՝ «ինքն էս օրերին Կիմ Բակշիով ա զբաղված. Մատենադարանի էն ֆիլմն են շարունակում», եւ ես հարցրի՝ «ինչքա՞ն պիտի շարունակեն», եւ Արիսն ասաց՝ «ինչքան որ Աստված կամենա», եւ Գագոն ասաց՝ «Հովիկը որ հետներս ըլներ, Հրանտենց տունը վռազ կգտնեինք», եւ ես ծիծաղելով ասացի՝ «որ Հրանտը հետներս ըլներ, ավելի հեշտ կգտնեինք», եւ Արիսն ասաց՝ «ես Հրանտին ասեցի, որ Ահնիձոր ենք գնում», եւ ես հարցրի՝ «ի՞նչ ասեց», եւ Արիսը ժպտալով ասաց՝ «ասեց՝ բարի ճանապարհ», եւ Գագոն ասաց՝ «որ ինքը հետներս գար՝ շատ լավ կըլներ», եւ Արիսն ասաց՝ «գալը կգար, բայց մի քիչ հիվանդ էր», եւ Գագոն հարցրեց՝ «ի՞նչ հիվանդ էր», եւ Արիսը պատասխանեց ու ասաց՝ «հեչ. մի քիչ մրսած էր», եւ ես ասացի՝ «էս գյուղում մի հատ կենդանի շունչ չկա, որ Հրանտենց տան տեղը հարցնենք», եւ Արիսն ասաց՝ «երեւի խոտհնձի են», եւ ես հարցրի՝ «մեծուփոքր խոտհնձի ե՞ն», եւ Արիսն ասաց՝ «էստեղի գյուղերում մեծուփոքր չկա. բոլորը հավասար աշխատում են», եւ Գագոն ասաց՝ «մանավանդ՝ հիմա դպրոցական արձակուրդներ են», եւ ես հարցրի՝ «դպրոցական արձակուրդներին էրեխեքը չեն հանգստանո՞ւմ», եւ Արիսը ծիծաղելով ասաց՝ «էս քո համար Շիլաչին չի, որ դպրոցական արձակուրդներին հանգստանան», եւ հենց էդ պահին Գագոն ասաց՝ «հեն ա՝ ձիով մարդ ա գալիս», եւ ես ձիավորին նայելով ասացի՝ «մարդ ա՞, թե՝ էրեխա», եւ Գագոն ասաց՝ «ի՞նչ կապ ունի. իրանից Հրանտենց տան տեղը կհարցնենք», եւ երբ ձիավորը մոտեցավ, տեսանք, որ իսկապես տասը կամ ամենաշատը տասնմեկ տարեկան տղա է, եւ երբ ձիավորը մոտեցավ, Արիսը հարցրեց՝ «բալիկ ջան, Հրանտ Մաթեւոսյանենց տունը ո՞րն ա», եւ ձիավորը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «ինքը ինչացո՞ւ ա», եւ Արիսը պատասխանեց ու ասաց՝ «գրող ա», եւ Գագոն ասաց՝ «ինքը շատ հայտնի գրող ա», եւ ձիավորն Արիսին հարցրեց՝ «ինքը գիր ա՞ անում, բիձի», եւ Արիսը պատասխանեց ու ասաց՝ «հա», եւ օգոստոսի կեսին փափախն աչքերին քաշած էդ մանուկ ձիավորն Արիսին հարցրեց՝ «ինքն ահնիձորցի չի՞», եւ Արիսը ոգեւորված պատասխանեց ու ասաց՝ «հա. էս գյուղից ա», եւ ձիավորը զարմացած նայեց Արիսին ու ասաց՝ «էս Ահնիձորը չի, բիձի», եւ Արիսն ապշահար հարցրեց՝ «բա էս ի՞նչ գյուղ ա», եւ ձիավորը պատասխանեց ու ասաց՝ «Աթանն ա», եւ Արիսը շփոթված հարցրեց՝ «բա Ահնիձոր ո՞նց գնանք», եւ ձիավորը հանգիստ բացատրեց ու ասաց՝ «ձեր էկած ճամփովը հետ գնացեք ու ճամփի պռնկի էն վենձ ծառի կռնից՝ ձախ», եւ Արիսն ասաց՝ «ապրես, բալիկ ջան, մերսի», եւ մանուկ ձիավորը մեծավարի ասաց՝ «չարժի, բիձի» եւ մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «կուզե՞ք հետներդ գամ», եւ Արիսը շփոթված պատասխանեց ու ասաց՝ «կգտնենք, բալիկ ջան, մերսի», եւ պստիկ ձիավորը մեծավարի ասաց՝ «ձեզ բարի ճամփա», եւ Արիսն ասաց՝ «մերսի, բալիկ ջան, քեզ է՛լ բարի ճամփա», եւ չնայած ձիավորն ահագին հեռացել էր, բավական ժամանակ լուռ էինք, եւ որոշ ժամանակ անց իրար նայելով փռթկացրինք, եւ Գագոն ծիծաղելով ասաց՝ «ա՜յ քեզ խայտառակությո՜ւն», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ա՜յ քեզ Ահնինձո՜ր», եւ Արիսը ծիծաղելով ասաց՝ «Աթանն ա», եւ Գագոն ծիծաղելով հարցրեց՝ «հիմա ի՞նչ անենք», եւ Արիսն ասաց՝ «ի՞նչ պիտի անենք. պիտի Ահնիձոր գնանք», եւ Գագոն ասաց՝ «դե նստեք՝ գնանք. ո՞ւմ ենք սպասում», եւ Արիսն ասաց՝ «քշի՝ գնանք», եւ մեր եկած ճանապարհով հետ գնացինք, եւ երբ հասանք ձիավորի ասած հսկա ծառին, տեսանք, որ ծառի վրայի ցուցանակին գրված էր՝ ԱԹԱՆ, եւ սլաքով աջ էր ցույց տրված, եւ ծառի մոտից Գագոն ձախ թեքվեց, եւ ահագին ժամանակ լուռ էինք՝ մինչեւ երեւաց ԱՀՆԻՁՈՐ ցուցանակը, եւ սլաքը ձախ էր ցույց տալիս, եւ ցուցանակից սկսած՝ ահավոր ցեխ էր, բայց Գագոն ու մանավանդ Արիսը վճռական էին տրամադրված, եւ երբ ասացի՝ «էս ի՜նչ ահավոր ցեխ ա», Արիսն ասաց՝ «կապ չունի. որոշել ենք՝ պիտի գնանք», եւ ես ծիծաղելով ասացի՝ «մենակ թե՝ էլի սխալ գյուղ չգնանք», եւ Գագոն ասաց՝ «էս անգամ սխալվելու վարիանտ չունենք» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մենակ թե՝ կարենանք տեղ հասնենք», եւ Արիսը Գագոյին հարցրեց՝ «կարող ա՞ ավտոդ խարաբ ա», եւ Գագոն պատասխանեց ու ասաց՝ «ավտոս խարաբ չի. էս ճամփեն ա խարաբ», եւ ես ասացի՝ «ցեխակոլոլ ենք ըլնելու», եւ Գագոն ասաց՝ «ցեխը հեչ, դու ասա՝ տակերը չխփի», եւ Գագոյի խոսքի վրա Գագոյի «Զրո մեկի» տակը, դը՛խկ, խփեց, եւ Գագոն ասաց՝ «էս դիքը դժվար թե հանենք», եւ Արիսն ասաց՝ «զադնի տուր՝ մի հատ էլ փորձենք», եւ Գագոն մեքենան հետ տվեց, հետո գազ տվեց, կտրուկ առաջացավ, բայց էլի մեքենայի տակը խփեց, եւ Արիսը Գագոյին ասաց՝ «էրեւում ա՝ ավտոդ սարքին չի», եւ Գագոն ասաց՝ «ես ճամփա գնալուց առաջ ավտոս օտ ի դո ստուգել եմ տալիս», եւ Արիսը հարցրեց՝ «բա խի՞ ա պադվադիտ անում», եւ Գագոն պատասխանեց ու ասաց՝ «էս դիքը նույնիսկ վիլիսը չի քաշի», եւ Արիսը մի քիչ մտածեց ու ասաց՝ «երեւի պիտի Սիրավի «Նիվայով» գայինք», եւ Գագոն մի քիչ մտածեց ու նեղացած ասաց՝ «Սիրավն էս ցեխերին հեչ մոտիկ էլ չէր գա», եւ Արիսը Գագոյին հարցրեց՝ «մի հատ էլ չփորձե՞նք», եւ Գագոն մեքենան հետ տալով ասաց՝ «մի քանի անգամ էլ որ փորձենք՝ ավտոյի հերը կանիծվի» եւ էդ ասելով՝ Գագոն նորից գազ տվեց, կտրուկ առաջ գնաց ու էդ անգամ մեքենան լռվեց ցեխերի մեջ, եւ չնայած էդ վերջին անգամ տակը չխփեց, բայց արդեն ցեխի մեջ խրվեց ու մնաց, եւ ես ու Արիսը ստիպված մեքենայից դուրս եկանք եւ սկսեցինք մեքենան հրել, եւ երբ մեքենան հետ հրելով՝ վերջապես դուրս հանեցինք ցեխից, Գագոն ասաց՝ «ոտներդ խոտերի վրա մաքրեք՝ նոր նստեք», եւ Արիսը ոտքերը խոտերի վրա մաքրելով հարցրեց՝ «հիմի ո՞նց ենք որոշում», եւ Գագոն ասաց՝ «մեր որոշելուց շատ քիչ բան ա կախված», եւ Արիսը հարցրեց՝ «ասածդ ի՞նչ ա», եւ Գագոն պատասխանեց ու ասաց՝ «ասածս էն ա, որ ավտոս խեղճանում ա», եւ էդ պահին ծառերի արանքներից հայտնվեց մանուկ ձիավորը եւ ժպտալով Արիսին հարցրեց՝ «էս բուքսավատ ե՞ք անում, բիձի», եւ Արիսը ձիավորին հարցրեց՝ «Ահնիձորը շատ ա՞ հեռու, բալես», եւ մանուկ ձիավորը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «ի՞նչ հեռու. էդ դիքը հանում եք՝ Ահնիձորն ա», եւ Արիսը ձիավորին հարցրեց՝ «այսինքն, հասե՞լ ենք», եւ ձիավորը ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «հասնելը հասել եք, բայց ձեր ավտոն դժվար թե հասնի», եւ Արիսը ձիավորին հարցրեց՝ «մինչեւ Ահնիձոր քանի՞ կիլոմետր կըլնի», եւ ձիավորը ծիծաղելով ասաց՝ «ի՞նչ կիլոմետր, բիձի. էս դիքը հանեցիք թե չէ՝ Ահնիձորն ա», եւ Արիսը Գագոյին մտահոգ հարցրեց՝ «հիմի ո՞նց ենք անում, Գա՛գ», եւ Գագոն ասաց՝ «ոնց ասեք», եւ ձիավորն ինձ ու Արիսին նայելով՝ ծիծաղելով Արիսին հարցրեց՝ «էս ո՞նց եք հաջողացրել, բիձի», եւ Արիսը հարցրեց՝ «ի՞նչ ենք հաջողացրել», եւ ձիավորն ինձ ու Արիսին նայելով՝ Արիսին ասաց՝ «ոտից գլուխ ցեխ եք», եւ Արիսը ձիավորին ասաց՝ «մեր բախտն էլ էս ա, բալես», եւ ձիավորը հարցրեց՝ «բա ո՞նց տեք անի», եւ Արիսն ասաց՝ «դո՛ւ պիտի խորհուրդ տաս», եւ ձիավորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինքը գրող մարդ ա. հիմի վայ թե բաղնիս էլ ունենան», եւ Արիսը ձիավորին ասաց՝ «ո՞նց հասնենք Ահնիձոր», եւ ձիավորը ծիծաղելով ասաց՝ «մենք հիմի Ահնիձորի մեջն ենք, բիձի», եւ Արիսը զարմացած հարցրեց՝ «ո՞նց ենք Ահնիձորի մեջ», եւ ձիավորն ասաց՝ «էս դիքը հանում եք թե չէ՝ մտած եք Ահնիձոր», եւ Գագոն ծիծաղելով ասաց՝ «դժվարն էս դիքը հանելն ա», եւ ձիավորը նայեց Գագոյի մեքենային ու Գագոյին ասաց՝ «քու էս ավտոն պիտանի չի, բիձի» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էս դքի մոմենտով ա անպիտան», եւ Արիսը ժպտալով ասաց՝ «կարեւորն էս դքի մոմենտն ա, բալես», եւ ձիավորն ասաց՝ «վիլիսնին շատ հեշտ են էս դիքը հելնում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «բայց էս ցեխի մեջով վայ թե վիլիսն էլ չհաներ», եւ Արիսը հոգոցով ասաց՝ «մեր բախտը մեր հետ ա», եւ ձիավորը հարցրեց՝ «հիմի Իգնատի տղեն ձեզ ա՞ սպասում», եւ Արիսը զարմացած հարցրեց՝ «Իգնատի՞ն որտեղից գիտես», եւ ձիավորը պատասխանեց ու ասաց՝ «առաջինն Իգնատին ենք իմացել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «իմ մերն Ահնիձորիցն ա», եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «մեր տան մեբելն իրա շինածն ա», եւ Արիսը հարցրեց՝ «ո՞ւմ շինածն ա», եւ ձիավորը պատասխանեց ու ասաց՝ «Իգնատի», եւ Արիսը հարցրեց՝ «ի՞նչ մեբել ա», եւ ձիավորը պատասխանեց ու ասաց՝ «մի հատ սեղան, չորս հատ աթոռ ու մի հատ էլ շիֆաներկի պես զադ», եւ Արիսը հարցրեց՝ «ե՞րբ ա շինել», եւ ձիավորը պատասխանեց ու ասաց՝ «ես որ ծնվա՝ էդ մեբելնին արդեն կային» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «փող էլ չի վերունել. համարյա ձրի շինել ա», եւ Արիսը հարցրեց՝ «համարյա ձրին ո՞րն ա», եւ ձիավորը պատասխանեց ու ասաց՝ «իմ հերը իրան զոռով իրեք հատ փեթակ ա տվել», եւ Արիսը ծիծաղելով հարցրեց՝ «էդ շատ ա՞, թե՝ քիչ», եւ ձիավորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էնքանով ա շատ, որ կարար էդ էլ չտար» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «զոռով ա տվել. ասում ա՝ չէր վերունում», եւ Արիսն ասաց՝ «բայց խի՞ չէր վերունում», եւ ձիավորն ասաց՝ «իրանք մեզի ազգական են գալի», եւ Արիսն ասաց՝ «փաստորեն, Հրանտին բարեկամ եք», եւ ձիավորը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ Հրանտ», եւ Արիսը պատասխանեց ու ասաց՝ «Մաթեւոսյան», եւ ձիավորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «բարեկամը բարեկամ չենք, բայց վայ թե ազգական ենք» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «իրանց ու մերոնց մեջ վայ թե խնամիական կապ էլ կա», եւ Արիսը հարցրեց՝ «ի՞նչ խնամիական կապ», եւ ձիավորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «իմ մերն Ահնիձորիցն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «իմ մորական պապը Ահնիձոր մի քանի տարի նախագահ ա էղել», եւ Արիսը հարցրեց՝ «հիմի նախագահ չի՞», եւ ձիավորը պատասխանեց ու ասաց՝ «հիմի մեռել ա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «նախագահությունը որ թողեց՝ էրկու ամիս հազիվ ձգեց» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «իրիկունը պառկել էր՝ առավոտը չէր վերկացել», եւ Արիսը հարցրեց՝ «ջահել է՞ր», եւ ձիավորն ասաց՝ «ի՞նչ ջահել. հիցունն անց մարդ էր» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «պապս Ահնիձոր շատ մեծ հարգանք ու պատիվ էր վայելում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «թաղմանն Ալավերդուց, Կիրովականից ու մինչեւը Էրեւանից ահագին մարդ կար», եւ Արիսն ասաց՝ «որ նախագահ ա էղել՝ կըլնեին», եւ ձիավորն ասաց՝ «իրանից առաջ ու իրանից հետո էլ են նախագահնի էղել, բայց իմ պապը շատ մեծ հարգանք ու պատիվ ա վայելելիս էղել», եւ Արիսը ծիծաղելով ասաց՝ «պարզ ա», եւ ձիավորն Արիսին հարցրեց՝ «չես հավատո՞ւմ, բիձի», եւ Արիսն ասաց՝ «խի՞ չպիտի հավատամ», եւ ձիավորն ասաց՝ «որ հավատում ես՝ խի՞ ես խնդում», եւ Արիսը ծիծաղելով ասաց՝ «որովհետեւ շատ հետաքրքիր ես խոսում», եւ Գագոն ասաց՝ «ինչքան չըլնի՝ Հրանտին բարեկամ ա», եւ ձիավորն ասաց՝ «բարեկամը բարեկամ չենք, բայց ազգական ենք գալի», եւ Արիսը ձիավորին ասաց՝ «շատ հետաքրքիր ես խոսում, բալես», եւ ձիավորը Արիսին հարցրեց՝ «հետաքրքիրն ու անհետաքրքիրն ո՞վ ա որոշում», եւ Արիսը մի քիչ մտածեց ու ասաց՝ «լսո՛ղը. լսո՛ղն ա որոշում», եւ ձիավորը ծիծաղելով ասաց՝ «որ լսող էիք՝ խի՞ էկաք մտաք էս ցեխերի մեջ» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «ձեզ ասի՝ հետներդ գամ», եւ Արիսը հարցրեց՝ «խի ուրիշ ճանապարհ էլ կա՞», եւ ձիավորը ծիծաղելով ասաց՝ «ուրիշ ճամփա չկա, բայց էդ չի նշանակում, որ ձեր էս կաստում շալվարներով պիտի էս ցեխերի մեջ մտնեիք», եւ Արիսն ասաց՝ «թե ուրիշ ճանապարհ կա՝ ասա, բալես», եւ ձիավորը ծիծաղելով ասաց՝ «էս մի ճամփեն ա», եւ Արիսը հարցրեց՝ «բա խի՞ ես ծիծաղում», եւ ձիավորը պատասխանեց ու ասաց՝ «չեմ ծիծաղում», եւ Արիսը հարցրեց՝ «բա ի՞նչ ես անում», եւ ձիավորը պատասխանեց ու ասաց՝ «ուրախանում եմ», եւ Արիսը հարցրեց՝ «ինչի՞ վրա ես ուրախանում», եւ ձիավորը ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «դուք իմ վրեն եք ուրախանում, ես էլ՝ ձեր» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «քաղաք տեղն աջուձախ թուրներնիդ կտրում ա, բայց գեղ տեղը շիվարում մնում եք», եւ Արիսը ծիծաղելով ասաց՝ «որ քո պես ձի քշել իմանայինք՝ չէինք շիվարի», եւ Գագոն ասաց՝ «ձի քշելը քիչ ա. պիտի ձի էլ ունենայինք», եւ ձիավորը ծիծաղելով Գագոյին ասաց՝ «էս ձիս ավտոյիդ հետ փոխե՞նք, բիձի», եւ Արիսը ձիավորին ասաց՝ «մեզ իրեք հատ ձի ա պետք», եւ ձիավորը ժպտալով ասաց՝ «որ սրա պես էրկու հատ էլ բերեմ՝ կփոխե՞ք», եւ Արիսը նայեց մեզ ու ծիծաղելով ասաց՝ «էս էրեխեն լրիվ փորձանք ա», եւ Գագոն ծիծաղելով ասաց՝ «շուտ քշենք գնանք՝ քանի չի համոզել», եւ ձիավորը խորամանկ ժպտալով Գագոյին ասաց՝ «համոզ չե՞ս, բիձի», եւ Գագոն ծիծաղելով ասաց՝ «էս տեղերում առանց ձիու չես կարա», եւ ձիավորն ասաց՝ «որ էդ ավտոդ իմն ըլնի, էլ խի՞ եմ էս գեղերը մնում», եւ Արիսը հարցրեց՝ «բա ո՞ւր կգնաս», եւ ձիավորը պատասխանեց ու ասաց՝ «Էրեւան մի հետ հորքուր ունեմ, էրկու հետ էլ՝ քեռի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «իրանց մոտ էլ վայ թե մնամ», եւ Արիսը հարցրեց՝ «ավտո քշել գիտե՞ս», եւ ձիավորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մենակ վիլիս», եւ Արիսն ասաց՝ «որ վիլիս քշում ես՝ Գագոյի ավտոն էլ կքշես», եւ ձիավորը հարցրեց՝ «Գագո՞ն ով ա», եւ Արիսը Գագոյին ցույց տալով ասաց՝ «էս ավտոյի տերն ինքն ա», եւ ձիավորն ասաց՝ «որ տա՝ խի՞ չեմ քշի», եւ Արիսն ասաց՝ «որ մյուս անգամ գանք, կտա՝ կքշես», եւ ձիավորը հարցրեց՝ «էդ ավտոն իրանը չի՞», եւ Արիսն ասաց՝ «իրանն ա», եւ ձիավորը հարցրեց՝ «բա խի՞ ես իրա անունից խոստում տալի», եւ Արիսը ծիծաղելով ասաց՝ «էս էրեխեն լրիվ շառ ա», եւ ձիավորը ժպտալով հարցրեց՝ «իմ բոյին էրեխա ձեր էրեւաններում լիքն ե՞ն, բիձի», եւ Արիսը հարցրեց՝ «քանի՞ տարեկան ես», եւ ձիավորը պատասխանեց ու ասաց՝ «մի ամսից ավել ա՝ տասներկուսի մեջն եմ», եւ Արիսը մի քիչ մտածեց ու ասաց՝ «փաստորեն, Գիքորի թայն ես», եւ ձիավորը հարցրեց՝ «Գիքո՞րն ով ա», եւ Արիսն ասաց՝ «չես ճանաչում», եւ ձիավորն ասաց՝ «Գիքորին էլ եմ ճանաչում, Համբոյին էլ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «Օհաննես Թումանյանին էլ», եւ Արիսը ժպտալով ասաց՝ «մենք էլ գիտենք՝ աշխարհից բեխաբար մարդ ես», եւ ձիավորը ժպտալով ասաց՝ «աշխարհն ա ինձանի բեխաբար», եւ Գագոն ժպտալով ձիավորին ասաց՝ «զգացվում ա, որ Հրանտենց բարեկամ ես», եւ ձիավորը հարցրեց՝ «ի՞նչ Հրանտ», եւ Գագոն պատասխանեց ու ասաց՝ «Մաթեւոսյան», եւ ձիավորը հարցրեց՝ «ինչի՞ց ա զգացվում», եւ Արիսը Գագոյի փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «խելքիցդ», եւ ձիավորը ժպտալով Արիսին հարցրեց՝ «էդ կաստումիդ ջիբումը խելք չափելու գործիք ունե՞ս, բիձի», եւ Արիսը ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «քոնն էնքան շատ ա, որ գործիքի կարիք չի զգացվում», եւ ձիավորը Արիսին հարցրեց՝ «հիմի ո՞ւր եք որոշում գնաք, բիձի», եւ Արիսը պատասխանեց ու ասաց՝ «Ահնիձոր էինք ուզում գնանք, բայց որ մեր ավտոն էս դիքը չի քաշում՝ ստիպված պիտի հետ էթանք», եւ ձիավորը հարցրեց՝ «գնալ տեիք Ահնիձոր՝ որ ի՞նչ անեիք», եւ Արիսը պատասխանեց ու ասաց՝ «ոչ մի բան. ընդամենն ուզում էինք գյուղը տենանք՝ թեկուզ հեռվից», եւ ձիավորը զարմացած մեզ նայեց ու սկսեց հռհռալ, եւ Արիսն ասաց՝ «էդ խի՞ ես ծիծաղում, ա՛յ բալա», եւ ձիավորը հռհռալով ասաց՝ «ցիրկ ե՞ք, ա՛յ բիձի», եւ Արիսը զարմացած հարցրեց՝ «խի՞ ենք ցիրկ», եւ ձիավորը ծիծաղելով ասաց՝ «էկել կայնել եք Ահնիձորի պռնկին՝ Ահնիձոր ե՞ք հարցնում», եւ Արիսը զարմացած հարցրեց՝ «ո՞նց ենք Ահնիձորի պռնկին կայնել», եւ ձիավորը ծիծաղելով հարցրեց՝ «Ահնիձորը ոչ մի անգամ տեհած չկա՞ք», եւ Արիսը պատասխանեց ու ասաց՝ «չէ», եւ ձիավորը Արիսին հարցրեց՝ «ուզում ե՞ք տենաք», եւ Գագոն Արիսի փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «շատ ենք ուզում», եւ ձիավորը ծիծաղելով ասաց՝ «Ահնիձորը Մոսկվան ա՞, որ ուզում եք տենաք», եւ Արիսն ասաց՝ «Ահնիձորը Մոսկվայից էլ ա կարեւոր», եւ ձիավորը հարցրեց՝ «ինչո՞վ ա կարեւոր», եւ Արիսն ասաց՝ «կմեծանաս՝ կիմանաս», եւ ձիավորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ շատ եք ուզում՝ հետեւիցս էկեք», եւ Արիսն ասաց՝ «ասեցինք՝ ավտոն էս դիքը չի քաշում», եւ ձիավորը հռհռալով ասաց՝ «ա՛յ բիձի, հիմի ձեզ ավտոյի քաշելն ա հարկավո՞ր, թե՞ Ահնիձորը տենալը», եւ Արիսը շփոթված պատասխանեց ու ասաց՝ «Ահնիձորը տենալը», եւ ձիավորը ծիծաղելով ասաց՝ «ասում եմ՝ ավտոն թող իրա տեղը մնա, դուք հետեւիցս ոտով էկեք», եւ Արիսը շփոթված հարցրեց՝ «հետեւիցդ ո՞ւր գանք», եւ ձիավորը ծիծաղելով ասաց՝ «ես ուր որ գնամ», եւ Արիսը զարմացած հարցրեց՝ «էս ցեխերի մեջո՞վ», եւ ձիավորը ծիծաղելով ասաց՝ «թե խելքերնիդ էդքան ա՝ կարաք ցեխերի մեջով գաք, թե չէ՝ էս կողքի խոտերի վրեքով էլ կարաք ման գալով գաք» եւ վերեւ նայելով ավելացրեց՝ «մենակ թե՝ շուտ արեք», եւ Արիսը հարցրեց՝ «վռազո՞ւմ ես», եւ ձիավորը երկինքը ցույց տալով ասաց՝ «ես չեմ վռազում, բայց ա՜յ էն ամպերը շատ են վռազում», եւ Արիսը հարցրեց՝ «ի՞նչ ամպեր», եւ ձիավորը պատասխանեց ու ասաց՝ «անձրեւաբեր ամպեր են. դուզ Ահնիձորի վրեն են քշում», եւ Արիսն ասաց՝ «էլի անձրեւ ա՞ գալու», եւ ձիավորը պատասխանեց ու ասաց՝ «անձրեւն է՛ն խոսքը չի. հեղեղ տի ըլնի», եւ Արիսը հարցրեց՝ «ի՞նչ գիտես», եւ ձիավորը ներողամտորեն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «մեկ-մեկ մենք էլ ենք հաց ուտում, բիձի» եւ ժպտալով ավելացրեց՝ «հետեւիցս խոտերի վրեքով շուտ արեք՝ էկեք», եւ մենք երեքով մի քսան կամ քսանհինգ մետր խոտերի վրայով բարձրացանք, ու Ահնիձորն արդեն դեմներս էր, եւ ծիածանի տակ շողշողացողը հաստատ Ահնիձորն էր, ու Ահնիձորն Աթանից ահագին տարբեր էր, եւ մինչ մենք ու մանավանդ Արիսն Ահնիձորով կզմայլվեինք, անձրեւն սկսեց կաթկթալ, եւ ձիավորն ասաց՝ «անձրեւն արդեն էկավ. ասում էի, չէ՞», եւ ես ծիածանը ցույց տալով ձիավորին հարցրի՝ «ամեն տեղ ծիածանն անձրեւից հետո ա դուս գալի. էս ձեր մոտ հակառակն ա՞», եւ ձիավորն ինձ ժպտալով ասաց՝ «այ բիձի, էսքան վախտ սուս էիր մնացել, բայց վերջը խոսացիր», եւ ես ժպտալով հարցրի՝ «սխալ ե՞մ ասում», եւ ձիավորը լրջանալով ասաց՝ «հեղեղն սկսվում ա. ես վազեցի» եւ ներողամտորեն ինձ ժպտալով ասաց՝ «ուրիշ անգամ որ ռաստ էկանք՝ կբացատրեմ», եւ ձին ծառս եղավ, եւ երկինքը որոտաց, եւ ձիավորը մեզ նայեց, ժպտաց ու ասաց՝ «ես թռա՛, հաջո՛ղ», եւ ես ասացի՝ «հաջող», եւ Գագոն ասաց՝ «հաջողություն», եւ Արիսն ասաց՝ «մերսի, բալես», եւ ձիավորը մեզ ժպտալով ասաց՝ «ավելպակաս ներող կըլնեք», եւ Արիսը հարցրեց՝ «ինչի՞ համար», եւ ձիավորը մեզ իր պայծառ ժպիտի մեջ ընդգրկելով պատասխանեց ու ասաց՝ «էս անձրեւի» ու էդ ասելով՝ տեղից կտրուկ պոկվեց, եւ երկինքն ահավոր որոտաց, եւ մինչ էդ մի քանի մետրը կվազեինք, արդեն ոտից գլուխ ջուր էինք, եւ Գագոն մեքենան գազ տալով ասաց՝ «էդ խեղճ էրեխեն ո՞նց ա էս սելավին տեղ հասնելու», եւ Արիսը ծիծաղելով ասաց՝ «լա՜վ խեղճ գտար», եւ ես ասացի՝ «էս սելավն իրա համար երեւի սովորական բան ա», եւ Արիսն ասաց՝ «էդ էրեխեն կորող էրեխա չի», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ձեզ բիձա էր ասում», եւ Գագոն ծիծաղելով ասաց՝ «վերջում քեզ էլ ասեց», եւ Արիսը ծիծաղելով ինձ ասաց՝ «տնաշեն, էդքան վախտ չէիր խոսացել, մի քիչ էլ դիմանայիր», եւ Գագոն ասաց՝ «ինքը ոչ թե բիձա էր ասում, այլ՝ բիձի», եւ Արիսն ասաց՝ «բիձին իրանց լեզվով նշանակում ա հորոխպեր», եւ ես ասացի՝ «գիտեմ», եւ Արիսը զարմացած հարցրեց՝ «դո՞ւ որտեղից գիտես», եւ ես ասացի՝ «մերոնք էլ են հորոխպորը բիձա ասում», եւ Գագոն ասաց՝ «ոչ թե բիձա, այլ՝ բիձի», եւ ես ասացի՝ «մերոնք բիձա են ասում», եւ Արիսը հարցրեց՝ «ձերոնք՝ ո՞վ», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «իգդիրցիք», եւ Արիսը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հնարավոր ա», եւ ես ասացի՝ «ես էլ եմ իմ հորոխպորը բիձա ասել», եւ Արիսը ծիծաղելով ասաց՝ «բայց իգդիրցիք չգիտեն՝ խի ա ծիածանն անձրեւից առաջ դուս գալի», եւ ես Արիսին հարցրի՝ «իջեւանցիք գիտե՞ն», եւ Արիսը ծիծաղելով ասաց՝ «կարող ա գիտեն, բայց ինձ չեն ասել», եւ Գագոն ասաց՝ «Արիսն ի՞նչ իջեւանցի. հազար տարի ա՝ Էրեւան ա ապրում», եւ ես Գագոյին հարցրի՝ «դու գիտե՞ս՝ խի ա ծիածանն անձրեւից առաջ դուս գալի», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «երեւի տեսողական պատրանք ա», եւ ես հարցրի՝ «ի՞նչ տեսողական պատրանք», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «երեւի էդ ծիածանը շատ հեռու էր, բայց մեզ մոտիկ էր թվում», եւ Արիսը մի քիչ մտածեց ու ասաց՝ «երեւի Գագոն ճիշտ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էդ ծիածանի տեղում երեւի անձրեւն արդեն կտրվել էր, բայց Ահնիձորում նոր էր սկսվում», եւ ես ասացի՝ «բայց ծիածանն Ահնիձորի վրա էր», եւ Գագոն ասաց՝ «կարող ա շատ հեռու էր, բայց Ահնիձորի վրա էր էրեւում. դրա համար եմ ասում՝ տեսողական պատրանք ա», եւ ես ծիծաղելով ասացի՝ «իսկական տեսողական պատրանքն Աթանն էր», եւ Գագոն ծիծաղելով ասաց՝ «սուս. խայտառակ էղանք», եւ Արիսն ասաց՝ «լավ ա՝ հետներս ուրիշ մարդ չկար», եւ Գագոն հարցրեց՝ «Արմենը քիչ ա՞», եւ Արիսն ասաց՝ «Արմենն ուրիշ մարդ չի», եւ Գագոն ասաց՝ «ուրիշ մարդ չի, բայց էս պատմությունն աշխարհով մեկ կանի» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «հասնենք Երեւան՝ սաղին կպատմի», եւ Արիսը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ղալաթ կանի՝ կպատմի», եւ ես ծիծաղելով ասացի՝ «մենակ Հրանտին եմ պատմելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել