Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր մեղքով չենք Սփյուռքում ծնվել

Դեկտեմբեր 06,2008 00:00

Սփյուռքահայ ուսանողները Հայաստանում իրենց նկատմամբ խտրականություն են զգում

Երեկ «Էրեբունի» հյուրանոցում ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԿԳ փոխնախարար Բագրատ Եսայանը եւ մի քանի բուհերի ղեկավարներ հանդիպեցին սփյուռքահայ ուսանողներին: Հանդիպման սկզբում Սփյուռքի նախարարը նախ ներկայացրեց իրենց ծրագրերը, ինչպիսիք են աշխարհում հայերի հաշվառումը, «Տուն արի» նախագիծը, որի շրջանակներում սփյուռքահայ ուսանողների խմբեր կբերվեն Հայաստան, Սփյուռքի կազմակերպումը՝ ըստ մասնագիտությունների: Այնուհետեւ սփյուռքահայ ուսանողներին հնարավորություն տրվեց հնչեցնելու իրենց հարցերը: «Առավոտը» զրուցեց նրանցից մի քանիսի հետ: Բոլորին ամենից շատ հուզում էր օրերս դժգոհությունների տեղիք տված՝ սփյուռքահայ ուսանողների՝ Հայաստանում ժամանակավոր կացության հարցը: Ըստ ՀՀ օրենքի՝ մեր երկրում ուսում ստանալու նպատակով նրանց մեկ տարով տրվում է ժամանակավոր կացության իրավունք: Ժամկետը լրանալուց 30 օր առաջ թույլատրվում է այն երկարաձգել եւս մեկ անգամ, ինչը բուհերի պարտականությունն է: Բայց նրանք ոչ պետտուրք էին վճարել, ոչ էլ դիմել անձնագրերի եւ վիզաների վարչություն, որպեսզի ուսանողները կարողանան շարունակել իրենց ժամանակավոր կացությունը: Ուստի անձնագրերի եւ վիզաների վարչությունը դիմել էր ոստիկանություն, եւ դրա աշխատակցներն, ընկած ուսանողների տներով, սպառնում էին երիտասարդներին Հայաստանից «դեպորտ» անել՝ տուգանքը չվճարելու դեպքում:

«Առավոտը» հետաքրքրվեց՝ ինչ-որ բան այս առումով փոխվե՞լ է: Իրանից ժամանած ԵՊՀ ուսանողուհի Արփին ասաց. «Հրանուշ Հակոբյանին դեռ մեկ ամիս առաջ ենք հանդիպել, ասաց, որ մեր խնդիրները կլուծվեն, սակայն ոչ մի փոփոխություն: Պետհամալսարանում ժամանակավոր կացության հետ կապված հարցը լուծվել է, բայց գիտեմ, որ Բժշկականում դա դեռ խնդիր է: Բուհի ղեկավարությունը հիմնավորում է, որ պահանջվող գումարը մուծելու համար ֆինանսական միջոցներ չունի, ուսանողներին ասել է, որ իրենք մուծեն, հետո բուհը կփոխհատուցի: Բայց ի՞նչ երաշխիք, որ այդպես կլինի: Մյուս խնդիրը, որը մեզ համար կարեւոր է, մեր եւ տեղացի ուսանողների ուսման վարձավճարների չափի տարբերությունն է: Մենք ոչ մի առավելություն չունենք, բայց մուծում ենք ավելի, քան տեղացիները»: ԵՊՀ ուսանողուհի Ազատուհի Սիմոնյանը անդրադարձավ սփյուռքահայ եւ հայաստանցի ուսանողների միջեւ դրվող խտրականությանը. «Բուհի ղեկավարների եւ դասախոսների կողմից հնչեցվող «մեր էրեխեքը» արտահայտությունը՝ ուղղված տեղացիներին, ամեն ինչ ասում է: Ախր մեր մեղքով չէ, որ Սփյուռքում ենք ծնվել»: Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողուհի Սվետլանա Սիմոնյանն էլ «Առավոտին» ասաց. «Մենք նույնիսկ հայաստանյան գրադարաններից օգտվելու իրավունք չունենք»: Գրադարանների խնդրի կապակցությամբ Հ. Հակոբյանն ասաց. «Այդ մասին մենք տեղյակ չէինք, բայց այսուհետեւ հարցին լուծում կտրվի»: Հրապարակավ վարձավճարների հարցը բարձրացրին նաեւ Ջավախքի ուսանողները: Իսկ Բժշկական համալսարանի ռեկտոր Գոհար Քյալյանը, մեղմ ասած, նրանց լռեցրեց՝ ասելով, թե ուսման մեջ առաջադիմությամբ արդյո՞ք առավելություն ունեն տեղացիների նկատմամբ: Սփյուռքահայ ուսանողների ժամանակավոր կացության երկարացման հարցում այժմ մեղքը գցում են բուհերի վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել