Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԵՎՈՆ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆ. «ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼԸ ՊԱՏՎԱԲԵՐ Է»

Դեկտեմբեր 06,2008 00:00

\"\"Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը 2009 թվականի փետրվարին առաջին անգամ մասնակցելու է աշխարհի գավաթի խաղարկությանը: Այդ առիթով զրուցեցինք հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի հետ:

– Ի՞նչ կարգով են ընտրվում աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցող հավաքականները:

– Մասնակցելու իրավունք տրվում է աշխարհի ութ լավագույն թիմերին: Մրցաշրջան 2008-ի արդյունքներով՝ Հայաստանի ազգային հավաքականը տեղ է գտել այդ ութնյակի մեջ, որի համար էլ հրավիրվել է: Սա պատվաբեր է մեզ համար:

– Նախապատրաստվել արդեն սկսե՞լ եք:

– Նոր օլիմպիական ցիկլ է սկսվում: Հունվարին Հայաստանի առաջնություն պետք է անցկացնենք, որից հետո միայն հավաքականի կազմը կձեւավորվի: Աշխարհի գավաթի խաղարկությունից մոտավորապես մեկ ամիս տասն օր հետո մեկնարկելու է Եվրոպայի առաջնությունը: Դրա համար էլ մտածում ենք, թե ամբողջ կազմով դրանցից որի՞ն մասնակցենք: Ամեն դեպքում շատ կարեւոր հանգամանք է, որ մեր հավաքականն այսօր արդեն դասվում է աշխարհի ութ ուժեղագույնների շարքում եւ աշխարհի գավաթի խաղարկության մասնակցության հրավեր է ստացել: Պետք է նախապատրաստվենք լրջորեն, մասնակցենք բարձր մակարդակով եւ հնարավորինս լավ արդյունքների հասնենք:

– Հավաքականի կազմը մոտավո՞ր էլ չեք ընտրել:

– Ոչինչ դեռ որոշված չէ:

– Այնուամենայնիվ, առաջատարներ կան, որոնք հավաքականում տեղ ունենալու ամենահավանական թեկնածուներն են: Նրանք ինչպե՞ս են տրամադրված նոր մրցաշրջանին:

– Այդ տղաները, եւ ոչ միայն նրանք, միշտ էլ ձգտում են հաղթանակի: Մոտ ժամանակներս կսկսվեն ուսումնամարզական հավաքները: Այդ ժամանակ բոլորն էլ ավելի լուրջ կտրամադրվեն գալիք մեկնարկներին:

– Ազգային հավաքականը ֆինանսավորման խնդիրներ ունի՞:

– Պետությունը միշտ էլ մեզ պատշաճ մակարդակով ֆինանսապես աջակցել է: Իսկ 2009-ի ֆինանսավորումն ավելի է մեծացրել: Այդ խնդրով նաեւ ըմբշամարտի ֆեդերացիան է զբաղվում: Այնպես որ, մենք լրացուցիչ հովանավորների կարիք երբեք չենք ունեցել:

– Տղաներն իրենց ապագա մրցակիցներին ճանաչո՞ւմ են:

– Սովորաբար, բոլոր երկրներում օլիմպիական ցիկլի ավարտին հաջորդող առաջին տարին նոր փորձարկումների ժամանակաշրջան է լինում, եւ բավականին երիտասարդ ըմբիշներ են համալրում մեծահասակների շարքերը: Այնպես որ, մրցակիցների մասին խոսելն առայժմ վաղ է:

– Օլիմպիական 2 բրոնզե մեդալներից գո՞հ եք:

– Ընդհանուր առմամբ՝ այո, բայց կարող էր ավելին լինել: Տղաները ցույց տվեցին, որ ի վիճակի են մասնակցել օլիմպիական խաղերին եւ մեդալների համար պայքարել: Հուսով ենք, որ հաջորդ օլիմպիական խաղերում ավելի լավ արդյունքներ կունենանք: Ֆեդերացիայի նիստերում քննարկել ենք նաեւ Պեկինում կրած պարտությունների պատճառները եւ աշխատելու ենք դրանք վերացնել:

– Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելն ի՞նչ կտա մեր թիմին:

– Բոլոր երկրներին չէ, որ նման բախտ է վիճակվում: Բայց հարցն այն է, որ դա անհատական մրցում չէ, այլ թիմային: Հնարավոր է, որ երկու հոգի բոլոր գոտեմարտերը հաղթեն, բայց ընդհանուր թիմը մրցանակային տեղ չգրավի: Հետեւաբար, բոլորը պետք է բարձր մակարդակով պայքարեն: Այնտեղ յուրաքանչյուր հաղթանակ շատ կարեւոր է ամբողջ կոլեկտիվի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել