Լրահոս
Օրվա լրահոսը

Հելսինկիում Ռուսաստանին շատ չկշտամբեցին

Դեկտեմբեր 06,2008 00:00

Փոխարենը քննարկեցին եվրոպական անվտանգության նոր պայմանագիր ստեղծելու մասին ՌԴ առաջարկը

Հելսինկիում շարունակվում է ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպումը, որի «ղարաբաղյան օրակարգին» արդեն անդրադարձել ենք թերթի երեկվա համարում: Սակայն հանդիպման գլխավոր թեման էր, բնականաբար, կովկասյան պատերազմը: Այդ առիթով ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը առաջադրել է եվրոպական անվտանգության նոր պայմանագիր մշակելու գաղափարը, որով էլ Հելսինկի էր ժամանել այդ երկրի արտգործնախարար Լավրովը: Հանդիպման միջանցքներում խոսակցությունները նույնպես Ռուսաստանի եւ Վրաստանի մասին էին: «Ճակատագրի հեգնանքը նրանում է, որ հանդիպումը տեղի է ունենում Հելսինկիում, որտեղ ընդունվել էր Եվրոպական անվտանգության եզրափակիչ ակտը: Այդ փաստաթղթի առանցքային կետը սահմանների անձեռնմխելիության սկզբունքն է, իսկ մենք այսօր ստիպված ենք խոսել Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի ճանաչման մասին»,- ասաց եվրոպական դիվանագետներից մեկը:

Հանդիպման գլխավոր հերոսները, բնականաբար, Սերգեյ Լավրովը եւ Վրաստանի արտգործնախարար Էկա Տկեշելաշվիլին էին (վերջինս, ի դեպ, երեկ երեկոյան պաշտոնանկ է արվել), որոնք, սակայն, բոլոր համատեղ միջոցառումների ժամանակ համառորեն ձեւ էին անում, թե իրար չեն նկատում: Ամեն անգամ, երբ խոսք էր գնում պատերազմի մասին, Էկան ու Սերգեյը քարացած դեմքեր էին ընդունում: Ավելի շատ էին ՌԴ արտգործնախարարի հոգսերը: Մեկ տարի առաջ Մադրիդում տեղի ունեցած նմանատիպ հանդիպման ժամանակ եվրոպացի գործընկերները միահամուռ դժգոհություն էին հայտնել հետխորհրդային տարածքում անցկացվող ընտրությունների վերաբերյալ: Մոսկվան այն ժամանակ թույլ չէր տվել ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչներին Դումայի ընտրություններում դիտորդական առաքելություն անցկացնել, իսկ Պուտինը խորհուրդ էր տվել այդ կազմակերպությանը «իր փսլնքոտ քիթը չխոթել Ռուսաստանի գործերի մեջ»: Այս հանդիպմանն էլ նախորդեց Ռուսաստանի ներկայիս նախագահի հայտարարությունն այն մասին, որ պատրաստվում է հրթիռային համալիրներ տեղադրել Կալինինգրադի մարզում: Այդ հանգամանքը պետք է որ դժվարացներ Լավրովի գործը:

Սակայն Մոսկվան որոշել էր քննարկման նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել եւ առաջարկել եվրոպական անվտանգության նոր պայմանագրի նախագիծ: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին առաջարկել էր այդ գաղափարը շարունակել 2009-ին՝ ԵԱՀԿ-ի շրջանակներում: Լավրովի գործընկերները բավականին բարյացակամ գտնվեցին Մեդվեդեւի գաղափարի նկատմամբ, եւ, մասնավորապես, հանդիպմանը նախագահող Ֆինլանդիայի արտգործնախարար Ալեքսանդր Ստուբբը նշեց, որ առաջարկը չափազանց կառուցողական է եւ նախագծի կմախքը արդեն բաժանվել է մասնակիցներին: Սակայն այնուհետեւ Ստուբբը հայտարարեց, որ պաշտոնական ճաշկերույթի ժամանակ տեքստը որպես այդպիսին չի քննարկվել, բայց Լավրովը շարադրել է ռուսաստանյան դիրքորոշումը եւ պատասխանել գործընկերների հարցերին: Իր հերթին ամերիկյան պատվիրակության ղեկավար, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բերնսն իր պաշտոնական ելույթում նշեց, որ դեմ չէ այդ թեմայով բանավեճերի, սակայն եվրոպական անվտանգության ներկայիս ռեժիմը նույնպես վատը չէ: Լավրովը փորձեր չէր անում շփումներ հաստատել ամերիկյան պատվիրակության հետ՝ գիտակցելով, որ հաջորդ տարի Պետքարտուղարությունում աշխատելու են բոլորովին այլ մարդիկ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել