Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՆ ՈՐՊԵՍ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՆՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐ

Դեկտեմբեր 06,2008 00:00

\"\"Նոր միտումներ՝ տարածաշրջանային զարգացումներում

Միասնական եվրասիական տարածք ստեղծելու նպատակով Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի մերձեցումը պատմական գործոններով պայմանավորված խնդիր է, սակայն ներկայիս պայմաններում՝ դժվար իրագործելի: Այդպիսի եզրակացության եկան Մոսկվայում 2007-ին կայացած գիտագործնական կոնֆերանսի ժամանակ, որին ներկա էին ՌԴ-ում Թուրքիայի եւ Ադրբեջանի դեսպանները, իսկ տեսագրված ողջույնի խոսքով խորհրդաժողովի մասնակիցներին դիմել էր Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը: Վերջինս իր ելույթում շեշտը դրեց «Ռուսաստանի եւ Թուրքիայի տնտեսական համագործակցության զգալի պոտենցիալի վրա»: Փոխադարձ ներդրումների աճը կբերի բարգավաճման, իսկ դա դեպի համաձայնություն եւ խաղաղություն տանող ամենաճիշտ ճանապարհն է՝ այդպես է կարծում Թուրքիայի 9-րդ նախագահը: Իսկ որո՞նք են ժամանակակից Եվրասիայի սահմանները: Եթե դիտարկենք ոչ թե ամբողջ մայրցամաքը, նշեց Դեմիլերը, ապա այդ ընդհանրության մեջ մտնում են «Հարավային Ասիայի հյուսիսը, Եվրոպայի արեւելքը եւ Հարավարեւելյան Ասիայի արեւմուտքը»: Այսինքն՝ ԽՍՀՄ փլուզումից հետո առաջացած պետությունները, ինչպես նաեւ Իրանը, Թուրքիան եւ նրանց շրջապատը:

Աթաթուրքի ժամանակվանից Թուրքիան օժտված է ազգային բարձր ինքնագիտակցությամբ, սեփական պետականությունը դիտարկում է որպես բարձրագույն արժեք եւ ձգտում է տարածաշրջանում խաղալ ինքնուրույն եւ ուժեղ դեր: Նույնիսկ Վաշինգտոնի հետ հարաբերությունների սերտացման շրջանում Անկարան իրեն ընկալում էր ոչ թե որպես Ամերիկայի գաղութ, այլ՝ այդ երկրի գործընկեր, որը, այնուամենայնիվ, կատարել է իր աշխարհաքաղաքական ընտրությունը: Նույն Հյուսիսային Կիպրոսը յուրօրինակ փորձաքար դարձավ՝ որքանով ՆԱՏՕ-ի մնացած երկրները թույլ կտան Թուրքիայի եւ Հունաստանի հակամարտությունը: Փորձությունը համեմատաբար հաջող անցավ՝ լուրջ պատժամիջոցներ չկիրառվեցին: Այդ շրջանում Թուրքիան Մերձավոր Արեւելքում, Արեւմուտքի հուսալի հենարանի մեջ, իսկ ներսում աշխարհիկ կառավարումը զսպում էր իսլամական գործոնի զարգացումը: Պատմական հակասությունները Թուրքիայի եւ արաբների միջեւ ենթադրում էին մերձեցում Իսրայելի հետ: Միաժամանակ կարծր հակակոմունիզմը դարձնում էր Թուրքիան ԽՍՀՄ-ի հակառակորդ:

ԽՍՀՄ փլուզումը, թվում էր, թե պանթուրքիզմի համար լայն հնարավորություններ բացեց: Թուրքական կազմակերպությունները հեղեղեցին ԱՊՀ-ն՝ համատեղելով բիզնեսն ու քարոզչությունը, մարդասիրական ծրագրերն ու պանթուրքիստական գաղափարախոսությունը: Թուրքիայի վարչապետները հաճախ էին այցելում միջինասիական պետություններ եւ Ադրբեջան՝ բացեիբաց կոչ անելով ստեղծել համաթուրանական կոալիցիա: Այնտեղ, որտեղ Մոսկվայի դիրքերը թուլանում էին, Անկարան ինքն էր փորձում ամրապնդվել: Այդ միտումն իր գագաթնակետին հասավ չեչենական պատերազմի ժամանակ, երբ Թուրքիան ակտիվորեն աջակցում էր չեչենական կողմին:

Մյուս կողմից՝ ատլանտիստական եւ ամերիկամետ գծի շրջանակներում Թուրքիայի դիրքորոշումը հակաարաբական էր: Նոր նշանակություն ստացավ իսլամական գործոնը: Քանի որ արաբական աշխարհում, ինչպես նաեւ Իրանում, իսլամն ունի յուրահատուկ ֆունկցիաներ, Թուրքիայի ներգրավումը իսլամական աշխարհի մեջ՝ խախտելու է այն փխրուն հավասարակշռությունը, որը գոյություն ունի տարածաշրջանում: Այդ բոլոր գործոնների ազդեցության տակ 21-րդ դարի սահմանագծին Թուրքիայի աշխարհաքաղաքական ուղղվածությունը սկսեց կտրուկ փոխվել: Կողմնորոշումը դեպի ՆԱՏՕ եւ Վաշինգտոն՝ այսուհետեւ ավելի շատ հարցեր էր առաջացնում, քան պատասխաններ: Եվ եթե վերջնական ընտրությունն առայժմ չի կատարվել, ապա միեւնույն է, փաստը մնում է փաստ՝ Թուրքիան աստիճանաբար սկսել է հրաժարվել իր ատլանտյան ակտիվությունից հետխորհրդային ողջ տարածքում՝ Կենտրոնական Ասիայում, Կովկասում եւ Ռուսաստանում:

Եթե ղեկավարվենք Թուրքիայի եվրասիական ինքնությամբ, ապա տարածաշրջանում նոր ռազմավարությունը հիմնվում է 4 առանցքի վրա՝ Անկարա-Մոսկվա, Անկարա-Թեհրան, Անկարա-Բրյուսել, Անկարա-Էռ-Ռեադ: Բայց այդ դեպքում Անկարան սկսում է իրեն դրսեւորել ոչ թե որպես հակառուսական կամ հակաիրանական գործոն, այլ որպես լիակատար եվրասիական խաղացող: Թուրքական ազդեցության գործիքները Կովկասում այլեւս ուղղված չեն ինտեգրացիայի դեմ, այլ ընկալվում են որպես Մոսկվայի եւ Թեհրանի հետ եվրասիական ինտեգրացիայի մաս՝ բնականաբար հաշվի առնելով Թուրքիայի սեփական ազգային շահերը: Մոսկվայի հետ Անկարայի հարաբերությունները արդեն իսկ բարելավվում են: Քեմալիստական Թուրքիան, որպես մինիկայսրություն, ամերիկյան միաբեւեռ ծրագրերում կամաց-կամաց վերանալու է, դրան նպաստելու են Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Հյուսիսային Կիպրոսի եւ Հարավային Քրդստանի խնդիրները:

Թուրքիան պետք է նոր մոդել ընտրի, իսկ դրա համար անհրաժեշտ է տնտեսական եւ ռազմավարական «հովանավոր»: Տարածաշրջանային տեսակետից Թուրքիան եւ Ռուսաստանը փոխադարձաբար կարող են օգտակար լինել՝ իրենց կարեւորագույն եւ ցավոտ խնդիրները լուծելու համար: Եթե Թուրքիան ներգրավվի Կովկասում եւ Միջին Ասիայում եվրասիական քաղաքականության մեջ, ապա Ռուսաստանը հակառակորդի փոխարեն կստանա մի նոր գործընկեր:

Այսօրվա օրով հստակ ռուսամետ կողմնորոշում ունեցող երկրներից մնացել է միայն Հայաստանը, իսկ Ադրբեջանը կարելի է դիտել որպես կենսականորեն անհրաժեշտ «խցան», որի օգնությամբ հնարավոր է վերահսկել Կասպից ծովի եւ Կենտրոնական Ասիայի նավթային եւ գազային հարստությունները: Ադրբեջան-Թուրքիա երկյակը խանգարում է Ռուսաստանին մենաշնորհային դիրքեր ունենալ մեր տարածաշրջանում եւ զրկում է նրան Կենտրոնական Ասիայի պետությունների վրա մեծ ազդեցություն ունենալու հնարավորությունից: Այլ իրավիճակ կստեղծվի, եթե երկյակին փոխարինի եռյակը: Գուշակե՛ք, թե ով է այդ տրիոյում առաջին ջութակը…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել