Հանցագործների խրախճանք՝ հայկական եթերում
Բրազիլական սերիալների առանցքը անբարոյական կամ կիսաբարոյական սերն է, մեր սերիալներում՝ հանցագործ աշխարհը։ Ըստ երեւույթին, այդ թեմաներն են արդիական յուրաքանչյուր հասարակության համար։ Բրազիլական սերիալների վերջում բոլորը դառնում են ազգականներ, իսկ մեզ մոտ՝ երեւի, հանցագործներ կամ, առնվազն, վրիժառուներ։ Հիշեցնեմ. որսորդմիության նախագահին սպանելուց հետո վերջերս տեղի ունեցած սպանությունը Աղվան Հովսեփյանը բնութագրեց որպես վրիժառություն։ Իհարկե, եթե իրավապահ մարմիններն իրենց բարձրության վրա չեն, ապա հանրապետությունում կզարգանա վենդետան։ Հետեւաբար, Գոռ Վարդանյանի «Վրիժառուն» ֆիլմը խիստ ակտուալ է։ Գոռն արդարության հասնելու համար առաջարկում է, որ բոլոր քաղաքացիները զբաղվեն կարատեով։ Ըստ երեւույթին՝ նա ուրիշ ելք չի տեսնում։
Նախկինում մեզ ֆիլմերում գրավում էին դրական գլխավոր հերոսները եւ մենք աշխատում էինք նմանվել նրանց։ Ներկայիս սերիալներում գլխավոր հերոսները հանցագործներն են եւ, հակառակի պես, այնքան լավ են խաղում, որ մանկության շրջանում եթե դրանք դիտեի՝ հաստատ հանցագործ կդառնայի։ Հիացած եմ Միսակի («Վրիժառուն»), Արտաշես Ռուբինյանի, Սրապի («Կյանքի գինը»), հանցագործ աշխարհի գույնզգույն հեղինակությունների («Որոգայթ»), Մարուխյանի, Մադաթյանի, Վարդանի, Շամամյանի, Մարինեի («Դժբախտ երջանկություն») կերպարներով։ Ափսոս, որ համարժեք դրական կերպարներ չկան։ Միակ դրական կերպարը Հայկն է, սակայն նա էլ՝ որպես ոստիկան, հիմար է։ Պատկերացնելո՞ւ բան է, կապիտանի կոչումով սպան հեռախոսով լսում եւ կատարում է հանցագործի հրամանները. վազում է, տաքսի նստում, փողերով ճամպրուկը ձորը նետում, իսկ հետո պարզվում է, որ փողը տվել է ուրիշ մարդու։ Կամ, իմանալով, որ վտանգավոր հանցագործը հաճախ է երեւում այդ ռեստորանում, ծպտված ոստիկան-մատուցողներ նշանակելու փոխարեն՝ մատուցողին խնդրում է, որ հանցագործի գալուն պես իրեն տեղյակ պահի։ Կամ թմրանյութերի բաժնի պետ՝ կապիտան Ռուբոյի պարզունակ գործողությունները։ Այսպիսի անտրամաբանական, ոչ մասնագիտական դրվագները ֆիլմում անթիվ են։ Լավ չէ՞ր լինի ընդհանրապես ոստիկանությանը հանել ֆիլմից, դաշտը թողնելով հանցագործ աշխարհին, ինչպես մյուս ֆիլմերում («Կյանքի գինը», «Որոգայթ»)։ Զարմանալի է, որ մեր ոստիկանության վերնախավն այս սերիալները չի նայում, հակառակ դեպքում՝ իր բողոքը կարտահայտեր։ Կամ գուցե ճիշտ է ընկալել ֆիլմի սցենարիստը մեր ոստիկանության գործունեությունը։ Եթե վերնագրվեր՝ «Ինչպես չպետք է գործեն ոստիկանները», այդ ֆիլմը կմրցակցեր «Օսկարի» համար։ Սրանք դեռ համեմատաբար լավ ֆիլմերն են։ Մեկ կամ երկու անգամ տեսնելուց հետո ես հրաժարվել եմ դիտել մի շարք սերիալներ եւ հաղորդումներ («Ճակատագրի գերիները», «Բլեֆը», «Չաղ հարսանիքը», «Երե1»-ը, «Բեռնարդ շոուն», «Հարեւանները»)։
Երեւի կարելի է համաձայնել Հենրիկ Հովհաննիսյանի հետ, որ հասարակությունը զգում է այս տիպի ֆիլմերի պահանջը։ Ես եւս էկրանի առջեւ հանգստանում եմ՝ դիտելով դրանք։ Բայց դրանց ուղղորդվածությունը, բարոյականությունը, տրամաբանությունը, անհրաժեշտությունը պետք է լինեն խիստ հսկողության տակ։ Հակառակ դեպքում, ես համաձայն եմ Ռուբեն Գեւորգյանցի հետ, որն այս ֆիլմերն անվանեց դիվերսիա՝ ժողովրդի դեմ։ Մի՞թե այդքան անհույս է մեր հասարակության վիճակը, որ ոչ ոք չի ընդվզում այդ հաղորդումների ու սերիալների դեմ։ Իշխանության վերնախավի կողմից բացասական կարծիք պետք է հայտնեին ինտելեկտուալները, եւ առաջին արձագանքը պետական մակարդակով լսեցի Արմեն Աշոտյանի կողմից, որի համար նրան շնորհակալություն եմ հայտնում։ Հեռուստատեսությունը օժտված է դաստիարակչական, ճաշակի զարգացման մեծ ուժով։ Երեւի անհրաժեշտ է անցյալի նման ստեղծել հանձնաժողովներ՝ նոր ֆիլմերը եւ հաղորդումները թույլատրելու համար։ Ներկայումս նման պրոցես գնում է։ Բնական ճանապարհով, մրցակցության միջոցով հեռուստադիտողն է որոշում, թե որ հաղորդումը դիտի, սակայն հանձնաժողովի օգնությամբ կարելի կլիներ անտեղի ծախսերն ուղղորդել առավել կարեւոր բնագավառ, օրինակ՝ բարեգործական։