Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈՒ Է ՁԳՁԳՎՈՒՄ ԱՐՏԱՇԱՏԻ ԵԿԵՂԵՑՈՒ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ

Դեկտեմբեր 06,2008 00:00

\"\"Քաղաքում օրեցօր ավելանում են աղանդավորները

Հայաստանի նախկին մայրաքաղաքներից մեկը՝ Արտաշատը, մինչ այսօր եկեղեցի չունի: Քաղաքում միայն մի քանի մատուռներ կան, որտեղ հավատացյալները կարող են մոմ վառել, աղոթել: 2003 թ. մայիսի 25-ից, ԱԺ ներկայիս նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ, սկսվեց Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու կառուցումը, որի շինարարությունը անավարտ է մնացել, եւ, ինչպես «Առավոտի» հետ զրույցում ասաց շինարարության վրա առաջին օրվանից աշխատող վարպետ Ռազմիկ Փանոսյանը՝ «դեռ շատ գործ կա անելու, 2 տարուց շուտ չի ավարտվի»: Հավատացյալները, որոնց թիվն այնքան էլ մեծ չէ, քաղաքում եկեղեցու բացակայությունը լրացնում են մոտակա գյուղերի եկեղեցիներ գնալով: 55-ամյա Նելլա Մանուկյանին հանդիպեցինք կառուցվող եկեղեցու բակում թոռան հետ հանգստանալիս, նա բնակվում է եկեղեցու դիմացի շենքում եւ ասաց, որ մասնակցում է Մրգավանի եկեղեցու պատարագներին:

Արտաշատի բնակիչները եկեղեցու կառուցման ձգձգման հետ կապված՝ արդեն լեգենդներ են հյուսել, իբր շինարարության ընթացքում 7 աշխատող մահացել է, ու շատերը հրաժարվել են հետագա աշխատանքից: Սակայն «Առավոտի» հետ զրույցում վարպետ Ռազմիկն ասաց. «2 հոգի են մահացել. մեկը պահակն է եղել, իսկ մյուսը՝ հյուսնը, որ ընկել է, որովհետեւ փայտն անորակ է եղել ու կոտրվել է, ի՞նչ անենք, էդպես էլ է պատահում»: Արտաշատցիների շրջանում տարածված են զրույցներ, որ եթե եկեղեցու կառուցումը 7 տարուց շուտ ավարտվի, լավ չի լինի: Երբ երիտասարդներից մեկին հարցրի, թե ինչո՞ւ լավ չի լինի, պատասխանեց՝ «Չգիտեմ, այդպես մեր ուսուցիչներն են ասել դպրոցում»: Մեր այցելության պահին՝ ժամը 12-ին, բոլոր աշխատողները խանդավառությամբ պատրաստվում էին այս տարվա մեջ հերթական՝ 4-րդ մատաղի արարողությանը: Շինարարները մատաղ են անում, երբ սկսում եւ ավարտում են որեւէ մեծ գործ, ասենք՝ սյուները, գմբեթը դնելիս ու ավարտելիս: Աշխատանքային ժամերն ամեն օր 9-18-ն են, բացի կիրակի օրվանից: Աշխատողներից հարցրի, թե մատաղից հետո ե՞րբ են շարունակելու աշխատանքը, վարպետ Ռազմիկն ասաց. «Հաց ուտելուց հետո կաշխատե՞ն»:

Իսկ մինչ եկեղեցին կկառուցվի, քաղաքում օրեցօր հայտնվում են նոր շենքեր, որտեղ իրենց հավաքներն են անցկացնում աղանդավորները: Երբ Արտաշատի կենտրոնական փողոցում ծաղկավաճառից փորձեցինք հետաքրքրվել, թե լճի կողքին կառուցված մարմարապատ շենքն ի՞նչ է, ինձ շրջապատեցին մի խումբ մարդիկ, եւ նրանցից միայն մեկը՝ ազգությամբ ասորի, մանկավարժ Զոյա Գիվոեւան էր առաքելական եկեղեցու հետեւորդ: Նա մեզ պատմեց, որ ականատես է եղել, թե աղանդավորների միջեւ ինչպիսի կռիվներ են լինում բաժանվող հագուստի ու նվերների համար: Հավաքվածներից Նելլի Սարգսյանն ասաց, որ 18 տարի մասնակցում է «Ավետարանի հավատքի» հավաքներին: Նրանք իրենց քարոզներն անցկացնում են Արտաշատի կինոյի շենքում: Մեկ ուրիշը, որ չցանկացավ ներկայանալ, ասաց, որ քաղաքում շատ կան աղանդներ՝ մորմոններ, հիսունականներ, սատանիստներ, եհովայի վկաներ, բուդդիստներ, բողոքականներ (վերջին երկուսի՝ աղանդ լինելու տեսակետը մեր զրուցակցինն է): Ինչպես հետո պարզեցինք, վերոնշյալ մարմարապատ շենքում հավաքներն անցկացնում է «Եղբայրական եկեղեցին»:

Հենց մարմարապատ շենքի դիմաց գտնվող մատուռի մոմավաճառ, 80-ամյա պարսկահայ Կարեն Քուչեյանն ասում է. «Արտաշատցիներն անհավատ ժողովուրդ են, քչերն են Աստծուն հավատում, շատերը ճանապարհն են փոխում, որ եկեղեցին չտեսնեն, հակաքրիստոս են»: Հետո սրտնեղած շարունակեց. «Աղանդավորները գալիս են՝ սրբապատկերներ, գլխակապեր, թաշկինակներ գողանում»:

Մեծ թվով աղանդավորներ կան Արտաշատի գրեթե բոլոր գյուղերում: Նորաշեն գյուղի բնակիչ Սրբուհի Ալոյանն ասաց, որ աղանդավորներ իրենց գյուղում էլ շատ կան. «Իմանալով, որ եղբայրս Արարատյան հայրապետական թեմի հովիվ տեր Մխիթար քահանա Ալոյանն է, եւ ինձ շեղելն ավելի դժվար է, աղանդավորներն էլի գալիս են մեր տուն, նույնիսկ այգում աշխատելիս հանգիստ չեն թողնում»:

1952 թ. ձեւավորված ընդամենը 1100 բնակիչ ունեցող Բերդիկ գյուղը մինչ այսօր չունի կոյուղի, ոռոգման ջրի խնդիրը լուծված չէ, ժողովրդի սոցիալական վիճակը ծանր է: Թերեւս այս պատճառով է, որ աղանդներն այստեղ էլ լայն տարածում ունեն: Դեռ մի քանի տարի առաջ գյուղապետարանի շենքում էին տեղի ունենում քարոզներ, իսկ այժմ դրա համար հատուկ վայր ունեն: Երբ գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Գրիգոր Գրիգորյանին հարցրինք, թե գյուղապետարանի կողքին կառուցվածն ի՞նչ շենք է, պատասխանեց. «Էս տանն էլ եկեղեցական հավաքներ են լինում, մարդիկ գալիս են՝ աղոթում, գնում: Դրանք ո\’չ եհովա են, ո\’չ հոգեգալստական, ո\’չ ուրիշ մոլի աղանդներ»: Հարցիս՝ բա ի՞նչ հավաքներ են, պատասխանեց՝ «այ, չգիտեմ»: Հավաքներին հաճախողներն ասում են, որ շենքն իրենց եկեղեցին է լինելու, պարզապես ֆինանսական միջոցների սղության պատճառով առայժմ միայն վերանորոգվել է: Իսկ «տունը» գնել է Արտաշատում մեծ ճանաչում ունեցող քարոզիչ «Կարո եղբայրը»: Պարզվում է, որ հավաքներն անցկացնում է Հայ առաքելական եկեղեցուն կից եղբայրակցական միությունը (ինչպես իրենք են իրենց անվանում): Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանի մամլո դիվանում տեղեկացանք, որ այդ կազմակերպությունը ոչ մի կապ չունի առաքելական եկեղեցու հետ: Նույն աղբյուրից մեզ տեղեկացրեցին, որ նման խմբերը առաքելական եկեղեցու անվան ներքո խաբեությամբ իրենց շարքերն են ընդլայնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել