Վանաձորում այդպիսի երեխաները համապատասխան դպրոց չունեն, իսկ մեծահասակները՝ աշխատանք
«Խոսողների դպրոցները մշտապես ու կանոնավոր գործում են, ինչո՞ւ մեզ համար էլ նման դպրոցներ չեն գործում»,- ասում է Վանաձորի 20-ամյա բնակիչ Անդրանիկ Կնյազյանը, որը խուլուհամր է եւ հաղորդակցման խնդիրներ ունի:
Այսօր Վանաձորում բացված Հայաստանի խուլերի միավորման Լոռու մարզային մասնաճյուղը ծառայելու է որպես ժամանցի կենտրոն, ուր նույնատիպ խնդիրներ ունեցող մարդիկ կկարողանան շփվել միմյանց հետ, սակայն թե՛ խուլուհամրերի, թե՛ նրանց ծնողների կարծիքով՝ առավել կարեւոր է հատուկ դպրոցի ստեղծումը:
Հիշեցնենք, որ Վանաձորի խուլուհամրերը ժեստերի լեզվի դասեր անցնելու հնարավորություն են ունեցել 2002-2005թթ.՝ Խուլերի կրթամշակութային կենտրոնում անցկացվող դասընթացների միջոցով: Տարբեր դրամաշնորհային ծրագրերի շնորհիվ, որոշակի ընդմիջումներով, համապատասխան դպրոցը գործել է մինչեւ 2006-ը ու դադարեցրել իր գործունեությունը: «Ֆինանսների բացակայության պատճառով դպրոցը փակվեց: Երեխաներից մի քանիսը մեկնեցին Երեւան՝ հատուկ դպրոցում սովորելու, մեծ մասը չկարողացավ դա անել՝ գումար չունենալու պատճառով: Այժմ նրանք պարփակված են տանը, եւ հասարակությանը վերաինտեգրվելու աշխատանքները կրկնակի դժվար են լինելու»,- ասում է Վանաձորի Խուլերի կրթամշակութային կենտրոնի տնօրեն Գագիկ Սերոբյանը:
Լոռու մարզում բնակվում է լսողական ու խոսակցական խնդիրներ ունեցող 180-ից ավելի մարդ, որից շուրջ 50-ը երեխաներ են: Կենտրոնի տնօրենի կարծիքով՝ ամենակարեւոր խնդիրը ժեստերի լեզվի ուսուցումն է:
Լոռու մարզպետ, մարզի հաշմանդամների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Արամ Քոչարյանը, պատասխանելով մեր հարցին, թե մարզային իշխանություններն ինչո՞ւ չեն աջակցում խուլուհամրերի համար դասընթացների կազմակերպմանը, ասաց. «Ամբողջ հանրապետությունում խուլուհամրերի համար նախատեսված մեկ դպրոց կա՝ Երեւանում: Դպրոց պահելը թանկ հաճույք է, ամեն համայնքում հնարավոր չէ ունենալ, մանավանդ՝ մասնագետի խնդիր կա…»:
Խուլուհամրերի ժեստերի լեզվի ինքնուս ուսուցչուհի Անահիտ Դալալյանը մասնագիտական կրթություն չունի, սակայն այլ մասնագետ չլինելու պատճառով մինչ օրս հանձն է առել ժեստերի լեզուն ուսուցանելու դժվարին գործը: Այժմ նա եւս հայցում է մարզային իշխանությունների աջակցությունը, որպեսզի կարողանա մասնագիտական վերապատրաստում անցնել եւ գրագետ ձեւով ուսուցանել:
Կրթական խնդիրներից զատ, խուլուհամրերն ունեն նաեւ զբաղվածության խնդիր: Նրանցից աշխատանք ունի մոտ 10-ը՝ մի քանիսը զբաղվում են առեւտրով, մի քանիսը՝ կոշկակարությամբ: Մյուսների համար սա գրեթե անլուծելի խնդիր է, եւ նրանք մնում են պետության կողմից տրվող թոշակի հույսին: «Պետության տված 8000 դրամ թոշակը շատ քիչ է: Դրանով ոչինչ հնարավոր չէ անել»,- ասում է 33-ամյա Մարինեն, որը կարողանում է հաղորդակցվել դասընթացների ժամանակ սովորած տարրական գիտելիքների շնորհիվ: Մարինեն սոցիալական վիճակն ինչ-որ կերպ բարելավելու համար զբաղվում է գոբելենագործությամբ, սակայն դրանք չի կարողանում վաճառել՝ համապատասխան ցուցահանդեսներ չլինելու պատճառով: «Երազանքս է, որ գործերս կարողանամ վաճառել ու զգալ աշխատանք ունենալու բերկրանքը»,- ասում է նա: