Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԵ ՈՒԶԱԾՆԵՐԸ ԻՆՉ Է՝ ՊԱՐԶ ՉԷ

Դեկտեմբեր 06,2008 00:00

Գլխավոր դատախազության պարզաբանման մեջ պարզություն չկա

ՀՀ գլխավոր դատախազությունը շատ օպերատիվորեն նույն օրը արձագանքել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի` դեկտեմբերի 4-ին արած բացահայտմանը: Հիշեցնենք, որ Դ. Շահնազարյանը հրապարակել էր մի փաստաթուղթ, որը փաստում էր, որ «Մարտի 1»-ի իրադարձություններն ուսումնասիրող «Փորձագետների փաստահավաք խմբի» իշխանական կոալիցիայի ներկայացուցիչ Գեւորգ Թովմասյանը, խումբ գործուղվելուց դեռ օրեր առաջ, ի պաշտոնե ուղղակի առնչություն է ունեցել «Մարտի 1»-ի դեպքերի հետ: Այս եւ այլ փաստերի հրապարակումից ժամեր անց Գլխավոր դատախազության կայքէջում հայտնվեց դատախազության համար շատ տիպիկ մի հայտարարություն, որով հերքվում էր մի բան, որը ոչ մի կապ չունի Դ. Շահնազարյանի արած հայտարարությունների հետ:

Նախ՝ Դ. Շահնազարյանը իր ասուլիսում հրապարակած փաստաթուղթը ամենեւին էլ չի ներկայացրել որպես «գաղտնազերծված փաստաթուղթ», ինչպես պնդում է Գլխավոր դատախազությունը: Ավելին, Դ. Շահնազարյանը մի քանի անգամ ասաց, որ այդ փաստաթուղթն իրենք ունեցել են վաղուց:

Երկրորդ՝ Գլխավոր դատախազությունն ասում է, թե Շահնազարյանի հրապարակած փաստաթուղթը «դեռեւս 10.03.08թ. տեղադրվել է ՀՀ գլխավոր դատախազության ինտերնետային էջի (www.genproc.am) Գերատեսչական փաստաթղթեր բաժնում: Եվ առնվազն տարօրինակ է, որ Դ. Շահնազարյանը միայն 9 ամիս անց՝ 2008 թ. դեկտեմբերին է այն «բացահայտել»: Այս առնչությամբ նկատենք, որ Դ. Շահնազարյանը պարտավորություն չունի ամեն օր բացել նշված կայքի համապատասխան էջը: Բացի այդ, 9 ամիս առաջ այն հրապարակելու որեւէ շարժառիթ չկար. մինչեւ հոկտեմբերի 20-ը Գ. Թովմասյանը Գլխավոր դատախազությունում պաշտոն է զբաղեցրել եւ գործունեություն է ծավալել միանգամայն օրինական հիմքով, իսկ նրան անդրադառնալու առիթը ծագել է միայն ս.թ. հոկտեմբերի 20-ից հետո, երբ նա հայտնվել է փաստահավաք խմբի կազմում, իբր, որպես «անկախ, հասարակության վստահությունը վայելող» փորձագետ:

Երրորդ՝ ՀՀ գլխավոր դատախազությունը նաեւ «պարզաբանել» է, թե՝ «Գ. Թովմասյանը քննչական խմբում ընդգրկված չի եղել, նախաքննություն չի իրականացրել եւ, լինելով դատախազ, հսկողություն է իրականացրել ՀՀ գլխավոր դատախազի վերոնշյալ ցուցումի ուղղությամբ կատարվող նախաքննության օրինականության նկատմամբ»: Այս պարզաբանումը ոչ թե հերքում, այլ հաստատում է Գ. Թովմասյանի գործառույթների վերաբերյալ Դ. Շահնազարյանի՝ ասուլիսում արած հայտարարությունը. իշխանական կոալիցիան փաստահավաք խումբ է գործուղել մեկին, «որը որպես «Մարտի 1»-ի գործով նախաքննության օրինականության նկատմամբ անմիջական հսկողությունն ու դատավարական ղեկավարումն իրականացրած անձ, ինքը պետք է կանչվեր այդ փաստահավաք խմբի կողմից եւ բացատրություններ տար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել