Երեկ ամփոփվեցին դեկտեմբերի 3-ից «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի համատեքստում մեկնարկած «Հայկական պատմամշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ-ում եւ արտերկրում» խորագրով եռօրյա «կլոր սեղանի» արդյունքները, որին մասնակցում էր հայաստանցի եւ 15 երկրից ժամանած շուրջ 50 մասնագետ: Միջոցառման կազմակերպիչներն էին ՀՀ մշակույթի նախարարությունը, ԻԿՕՄՕՍ/ Հայաստան հ/կ-ն եւ Հայաստանի ճարտարապետների միությունը:
Մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը նշեց, որ առաջին դեպքն է, երբ պատմամշակութային ժառանգության թեման արծարծվում է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի շրջանակներում, նաեւ հավելեց, որ այս տեսակ «կլոր սեղանները», որոնք գիտական երանգ ունեն, հարկ է կազմակերպել ամեն տարի: «Այս օրերին հասու եղանք ներկա գտնված երկրների փորձին, հասկացանք, թե ինչպես է պահպանվում մեր ժառանգությունը՝ մասնավորապես Սիրիայում, Եգիպտոսում, Ռումինիայում, Իրանում ու Թուրքիայում, որովհետեւ այդ երկրների ներկայացուցիչներն այդ ամենը պրոֆեսիոնալ մակարդակով ներկայացրին»: Փոխնախարարը հայտնեց, որ առաջիկայում կստեղծվի հայկական պատմամշակութային ժառանգության համահայկական ցանց, որն արտերկրի մասնագետների, մշակութային հ/կ-ների, դիվանագիտական կառույցների, ՀՀ Սփյուռքի նախարարության եւ հոգեւոր թեմերի օժանդակությամբ կհավաքի համապատասխան տեղեկատվություն արտերկրում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության վերաբերյալ:
ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն էլ նշեց. «Այս պահին ունենք բավական հետաքրքիր փաստեր, որոնք պիտի ի մի բերել ռեալ աշխատելու համար: Այն հազարավոր հուշարձանները, որ հայ ժողովուրդը ստեղծել է իր գաղթօջախներում, իրավունք չունենք թողնելու բախտի քմահաճույքին, մանավանդ՝ դրանց մեծ մասին ներկայումս վտանգ է սպառնում»: