Դեկտեմբերի 4-ին Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում, երկրաշարժից քսան տարի անց, համերգով կրկին հանդես եկավ «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար, աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ: Նկատենք, որ թատրոնի դահլիճը երբեք այդքան մարդաշատ չէր եղել եւ վերջին քսան տարվա ընթացքում այդպիսի բավականություն հանդիսատեսը չէր ստացել: Մոտ երկու ժամ տեւած համերգի վերջում Սպիվակովը փորձեց խոսել նաեւ հայերեն: «Ես միշտ հիշում եմ երկրաշարժի ծանր օրերը… բայց չեմ խոսի այն մասին, թե ինչքան ենք արել ու ինչ ենք արել, դա լավ չէ… Երբ ձախ ձեռքդ բարություն է անում, աջը պարտավոր է լռել: Երկրագնդի ցանկացած կետում, որտեղ մենք եղել ենք, անպայման գտնվել է մի հայ մարդ, որը մոտեցել է ինձ ու ասել՝ Վլադիմիր ջան, ցավդ տանեմ»,- ասաց երաժիշտը: Երեկ էլ նա Երեւանում հանդիպեց լրագրողների հետ ու տեղեկացրեց այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք համերգի մասին: Մաեստրոն փաստեց, որ Գյումրիի վերքերը դեռ չեն սպիացել. «Ուրախ եմ, որ այնտեղ տեսա բազմաթիվ շնորհալի երեխաներ, որոնք համերգից հետո երգում էին»:
Վ. Սպիվակովը նշեց, որ այս տարի լրանում է նվագախմբի 30-ամյակը, ինչի առիթով համերգներով հանդես են եկել Չուկոտկայից մինչեւ Լոնդոն ու մյուս երկրներ: