Ջիվան Գասպարյան կրտսերը՝ իր եւ շոու-բիզնեսի մասին
«Դուդուկը դարձել է կյանքիս ամենամոտ ընկերը, ես էլ իրենը…»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է 26-ամյա երիտասարդ դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը: Ինչպես ինքն է խոստովանում, երաժիշտ դառնալու մտադրություն չի ունեցել. «Ժամանակին ավարտել եմ Սպենդիարովի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը, բայց պատանեկան տարիներին ուզում էի ատամնաբույժ դառնալ: Երբ ընտանիքով տեղափոխվեցինք ԱՄՆ՝ 15 տարեկան էի: Այնտեղ որոշեցի դպրոցն ավարտելուց հետո ուսումս շարունակել բժշկագիտության գծով: Մի քանի տարի սովորեցի, բայց չստացվեց. երաժշտությունը, դուդուկը ձգում էին…»: Դուդուկ նվագել ժառանգել է պապիկից, բայց սովորել է ինքնուրույն. «Պապս իր մեծ լուման ունի այդ գործում: Մանկուց լսել եմ նրա երաժշտությունը, մեծացել նրա դուդուկի հնչյունների ներքո»: Առաջին հանդիսատեսն էլ ոչ թե պապը, այլ մայրն ու մորաքույրն են եղել: «Արդեն բավական ժամանակ ԱՄՆ-ում էինք: Ընկերներիս, ընտանիքիս, Հայաստանի, մեր տան, անգամ բակի կարոտից մի օր պատահական վերցրի դուդուկն ու սկսեցի նվագել, այն էլ խոհանոցում՝ մորս ու մորաքրոջս մոտ: Նվագեցի «Դլե յամանը»: Նրանց շատ դուր եկավ, մայրս հուզվել էր… Երբ պապս եկավ մեզ տեսության ԱՄՆ, նրա համար էլ նվագեցի: Ոչինչ չասաց, միայն մի թեմա հանձնարարեց ու պահանջեց, որ մինչեւ իր հաջորդ այցելությունը՝ սովորած լինեմ: Ու այդպես նրա ամեն այցելությունը դարձավ քննություն ինձ համար»,- պատմում է Ջիվանը:
26-ամյա երիտասարդն արդեն հասցրել է համագործակցել այնպիսի գերաստղերի հետ, ինչպիսիք են Դերեք Շերինյանը, Զուկկերոն, Վոլենվեյդերը եւ այլք. «Հիմա նվագում եմ մի խմբում, որը կոչվում է «Վիզա»: 7 հոգուց բաղկացած խումբ է: Նվագում ենք տարբեր ոճի երաժշտություն: Խումբն ալտերնատիվ է՝ ես հայ եմ, մեկը հույն է, մյուսը՝ ճապոնացի եւ ամեն մեկս մեր ազգային նվագարանով ենք հանդես գալիս»: Այն ասեկոսեներին, թե Ջիվան կրտսերին ավագ Ջիվանն է «առաջ տանում», մեր զրուցակիցը պատասխանում է. «Նման խոսակցություններ, իհարկե, կլինեն: Սկզբնական շրջանում մի քիչ նեղվում էի, բայց հետո սովորեցի: Դրանց ի պատասխան՝ կասեմ, որ եթե պապս իմ մեջ այդ պոտենցիալը, նվագելու ունակությունը չտեսներ, երբեք ինձ թույլ չէր տա դուդուկը ձեռքս վերցնել: Ես առաջինը նրա անվան հետ կխաղայի… Սա կարիերա է, կյանքի պատասխանատու քայլ ե՛ւ նրա համար, ե՛ւ ինձ…»:
Հայաստանյան եւ սփյուռքահայ հանդիսատեսի տարբերությունների մասին երիտասարդն անկեղծանում է. «Հայաստանյան հանդիսատեսը մի փոքր կամակոր է եւ խիստ, սփյուռքահայ հանդիսատեսը՝ ավելի մեղմ. կարոտած հայացքներով է նայում քեզ, ինչ էլ նվագես՝ նրանց սրտին մոտ է եւ հարազատ, դուդուկի հնչյունները բավական են, որ նրանց մտովի տեղափոխեն Հայաստան: Մի խոսքով՝ հայաստանյան հանդիսատեսի առաջ նվագելիս շատ եմ հուզվում, պատասխանատու է»:
Ազատ ժամանակի պակասից էլ Ջիվանը դժգոհում է. «Ազատ ժամանակ գրեթե չեմ ունենում, եթե ունենում էլ եմ՝ միայն հասցնում եմ ընկերներիս հանդիպել: Շատ ընկերներ ունեմ, միայնակ մարդն առանց ընկերոջ այս կյանքում ո՞ւմ է պետք»:
«Առավոտը» ժամանակ առ ժամանակ Հայաստան հյուրընկալվող երիտասարդից հետաքրքրվեց նաեւ հայ երիտասարդության մասին. «Տարին տարվա վրա առաջընթաց եմ նկատում: Աղջիկները գեղեցկացել են, հատկապես նկատելի է նրանց ճաշակով հագուկապը: Տղաները սկսել են հետեւել իրենց արտաքինին: Միայն խոսակցականները ինձ դուր չեն գալիս՝ «օքեյ», «պրիվետ», «պակա»-ները շատ են: Ես 10 տարի արդեն դրսում եմ ապրում, բայց ոչ մի օտար բառ չեմ օգտագործում…»: Հայկական ժամանակակից երգարվեստի մասին խոսելիս դուդուկահարը ժպտում է. «Հատկապես հայկական ռեփը դուրս չի գալիս: Մեզ՝ հայերիս, ռեփ կարդալ չի սազում: Հայեցի չէ…»: