Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքերն ունեն հայերի կարիքը

Դեկտեմբեր 06,2008 00:00

Կարծում են թուրք կինոգործիչները

Երեկ «Անի» հյուրանոցի սրահում մեկնարկեց «Կինոն՝ որպես երկխոսության եւ փոխըմբռնման միջոց» խորագրով հայ-թուրքական քառօրյա սեմինարը: Այն կազմակերպվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի նախաձեռնությամբ: Սեմինարին մասնակցում են 10 թուրք կինոգործիչներ, որոնք Հայաստանում կինոլեզվով փորձելու են համագործակցություն սկսել հայազգի գործընկերների հետ: Թուրքիայի ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգությունը վերհանելու առաքելությունը ստանձնած «Անադոլու Քյուլթեր» ասոցիացիայի ծրագրերի համակարգող Չիգդեմ Մաթերը նշեց. «Կինոն ավելի տարածական է. մեկ կադրն ավելին կարող է ասել, քան 1000-ավոր էջերով գրվածքները: Հայ-թուրքական մշակութային համագործակցության ճանապարհի հարթման առումով մեծ դերակատարում ուներ նաեւ Հրանտ Դինքը»: Սեմինարի կազմակերպման աշխատանքներին մասնակցում է նաեւ Հայաստանի գրողների միութունը: Նախագահ Լեւոն Անանյանը նկատեց. «Հայաստանը եւ Թուրքիան բաժանված են ընդամենը մեկ գետով, սակայն մենք շատ քիչ ենք ճանաչում միմյանց: Իսկ ճանաչել՝ նշանակում է հասկանալ իրար»:

Հայ-թուրքական այսպիսի սեմինար կազմակերպվել էր նաեւ ապրիլին՝ Ստամբուլում, որը կրում էր «Կինոն եւ պատմությունը» խորագիրը: Հայաստանյան սեմինարի ընթացքում շեշտը դրվելու է հայկական եւ թուրքական կինոարտադրության համագործակցության վրա: «Առավոտը» զրուցեց նաեւ սեմինարի մասնակից երիտասարդ թուրք կինոռեժիսորների հետ: Նրանց խոսքերով՝ հայերն ու թուրքերը շատ նմանություններ ունեն: Օրինակ, Սենեմ Թուզենը, որի նախանախատատը հայ է եղել, ասաց. «Երկրորդ անգամ եմ Հայաստանում: Թուրքիայում ֆիլմեր են նկարահանում սիրո, ընտանեկան հարաբերությունների մասին, որոնք միախառնված են սոցիալական եւ հանրային խնդրահարույց թեմաներով: Օրինակ՝ վերջին ֆիլմերից է երկու երիտասարդ կանանց՝ հայուհու եւ թրքուհու ընկերության մասին պատմող նկարը: «Լռության» ժամանակահատվածի պատճառով նրանցից ոչ մեկը չգիտի, թե ժամանակին հայերի եւ թուրքերի միջեւ ինչ է կատարվել»: Հետաքրքրվեցինք, թե Սենե՞մն ինչ գիտի այդ մասին: «Ինչ էլ որ գիտեմ՝ տատս է պատմել. օրինակ՝ նրա տատը ստիպված է եղել փոխել կրոնը, կորցրել է ընտանիքը»,- պատասխանեց զրուցակիցս: Խոսելով թուրքերի ազգային առանձնահատկություններից, նա նկատեց. «Թուրքերին՝ որպես առանձին ազգ, բնութագրել չեմ կարող, քանի որ նրանք խառնված են այլազգիների հետ»: «Առավոտի» մյուս զրուցակիցը՝ արմատներով քուրդ մարդինցի Մյուջդե Արսլանն էր: «Մենք հայերի կարիքն ունենք, ինչպես իմ ֆիլմի հերոս ծերունիներն ունեն օգնության կարիք, քանի որ հայտնվել են բաց երկնքի տակ»,- ասաց նա: Հարցրինք՝ ապրելով Մարդինում, որտեղ ժամանակին հայեր են ապրել, ի՞նչ գիտե այդ ազգի մասին: «Փոքր ժամանակ հաճախ փորում էի հողը եւ հայերի ոսկորներ գտնում: Հայրիկիս հարցնում էի, թե ի՞նչ է կատարվել ժամանակին, նա չէր պատասխանում, բայց հուզվում էր: Մյուս ֆիլմս կկոչվի «Ոսկորները»: Ես գիտեմ, որ ինչ-որ վատ բան կատարվել է հայերի եւ թուրքերի միջեւ: Բայց այդ ցավով այլեւ չենք կարող ապրել, անտանելի է, պետք է այն ինչ-որ կերպ ծածկել, փարատել, քանի որ այդ ցավը միշտ մեր ուղեղներում եւ հիշողության մեջ է»,- նեղսրտեց զրուցակիցս: Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ազատ է աշխատում ապագա «Ոսկորները» ֆիլմը ստեղծելիս: Մյուջդեն պատասխանեց. «1999-ից առաջ Թուրքիայում չէին օգտագործում այդտեղ ապրող ազգային փոքրամասնությունների անունները: Մենք կարծես կաշկանդված էինք մեր ազգային պատկանելությամբ, արտաքուստ էինք երջանիկ, որ թուրք ենք: Բայց հիմա իրավիճակն այլ է, նույնիսկ համշեցիների, քրդերի, հայերի մասին ֆիլմեր են նկարահանվում Թուրքիայում»: Խոսելով հայոց ցեղասպանության մասին՝ կինոռեժիսորը ասաց. «Այդ խնդիրը պաշտոնյաների մեջ է, թղթերի վրա: Եթե Դիարբեքիրում, Մուշում ապրողներին հարցնեք՝ բոլորն էլ գիտեն, թե իրականում ինչ է կատարվել»: Ֆիրաթ Մանքուհանն էլ նկատեց. «Մենք տարբեր լեզուներով ենք խոսում, բայց արտաքինով եւ պահվածքով նման ենք իրար: Քանի որ երեկ մեր չվերթը հետաձգվեց, Ստամբուլում մի հայ կինոքննադատ հրավիրեց ինձ իրենց տուն, նրա մայրն ինձ համար կերակուր պատրաստեց: Մտածեցի, թե հայերն էլ են թուրքերի պես հյուրասեր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել