Ոտքներս վերմակի չափով մեկնենք
Երեւի շատերը հիշում են այն երանելի ժամանակները, երբ, ամեն ինչից գոհ, գնում էինք կինոթատրոն՝ հերթական սովետական ֆիլմը դիտելու, ու եթե հանկարծ տիտրերի մեջ հայկական ազգանուն էր հանդիպում՝ դահլիճը պայթում էր ծափերից: Հիմա նույն ցավն ինձ կարծես նորից է պատել: Ընկել, Հայաստանն եմ ման գալիս գիտությունը բնութագրող թվերի մեջ, բայց, ավաղ…
Վերջին թիվը, որով ընդունված է բնութագրել տվյալ երկրում կատարված գիտական աշխատանքները, դա մեկ հոդվածին ընկնող հղումների քանակն է: Այսինքն, տվյալ երկրի անունից հրատարակված բոլոր հոդվածների վրա եղած ընդհանուր հղումների թիվը՝ բաժանած բոլոր հոդվածների թվի վրա: Եվ եթե տվյալ երկրում որակով եւ արդիական գիտական աշխատանքներ են կատարվել, եւ արդյունքները՝ տպագրվել քիչ թե շատ ընթերցվող ամսագրերում, ապա հոդվածների ընդհանուր թիվն արդեն էական չէ, եւ կապ չունի՝ երկիրը հարուստ է, թե ոչ: Եվ հույս կար, թե այս բնութագրիչ թիվը կարող էր դեռ ապացուցել, որ տարբեր ֆինանսական պրոբլեմների պատճառով քանակի ետեւից չենք ընկել, բայց փոքրաթիվ որակյալ գիտական արտադրանք ենք տվել՝ տպագրված գիտական աշխատությունների տեսքով:
Այս անգամ էլ ընթերցողի ուշադրությանն եմ ներկայացնում երրորդ աղյուսակը, որում բերված են 2007 թ. նոյեմբերի 31-ին դասակարգված 20 լավագույն երկրները՝ գիտության բոլոր բնագավառներում: Հաշվարկի ժամանակաշրջանը՝ 01.01.97-31.08.07թ., վերցված են 146 երկրների տվյալներ՝ «ISI Web of Knowledge» կայքից (աղբյուրը՝ «Essential Science Indicators»): Տեղերը բաշխված են ըստ մեկ հոդվածին ընկնող հղումների թվի: Տեղը ցույց տվող սյունակում փակագծի մեջ նշված է տվյալ երկրի զբաղեցրած տեղը՝ ըստ հոդվածների ընդհանուր թվի (տես՝ Ս. Գեւորգյանի «Հղումների թվով 70-ից ներքեւ ենք» հոդվածը «Առավոտի» 2008. 11.06 համարում): Վերջին սյունակում նշված է տվյալ երկրում մեկ շնչին ընկնող (ՄՇԸ) համախառն ներքին արտադրանքը (ՀՆԱ)՝ արտահայտված ԱՄՆ դոլարով: Այլ աղբյուր չունենալու պատճառով՝ 2007թ. տարբեր երկրներին վերաբերող ֆինանսական այս տվյալները վերցրել եմ բոլորին մատչելի WIKIPEDIA ինտերնետային հանրագիտարանից, որն իր հերթին հղումներ է անում մասնագիտական աղբյուրներին: Ավելացնեմ, որ Հայաստանն իր $12.07 մլրդ ՀՆԱ-ով եւ $3400 ՄՇԸ ՀՆԱ-ով 100-րդ տեղից էլ ներքեւ է:
Կարդացեք նաև
Ֆինանսական վիճակով ո՞ւմ հետ կհամեմատեք Հայաստանը՝ նայելով վերջին սյունակին: Հասկանում եմ, ես էլ վատ զգացի, ջուր խմեցի՝ փառք Աստծո, մեր ջուրն աշխարհում երկրորդ տեղն է գրավում: Գվինեա-Բիսաու, Գամբիա, Գաբոն. ահա գիտության բնագավառում ինչ-որ «հետք թողնող» այն երկրները, ում հետ կարող ենք համեմատվել ֆինանսներով: Մնացած բոլորը մեզանից հեռու են, համեմատվել նրանց հետ շատ կուզենայի, բայց… Նշեմ միայն, որ շատերին լավ ծանոթ (ոչ միայն գրքերից) Էստոնիան իր $20.9 մլրդ ՀՆԱ-ով եւ $15 569 ՄՇԸ ՀՆԱ-ով առաջատար գիտություն ունեցող երկրների շարքում չկա: Իսկ կրթական համակարգով, ենթադրում եմ, գոնե մեր չափ կա՝ նույն կայսրության փշրանքներն ենք:
«Քիչ ենք, բայց գվինեաբիսաուցի ենք» արտահայտությունը մեզ երեւի թե քիչ սփոփի, բայց թե ինչ խորհուրդ կա այս աղյուսակում բերված թվերի մեջ՝ պետք է հասկանալ: Հետաքրքիր է, թե գիտության որ ուղղություններով են աշխատում վերը նշված երեք աֆրիկյան պետությունները, որոնք դեռ 40-50 տարի առաջ գաղութ էին: Առաջինը, ինչը միանգամից աչքի է ընկնում, դա այն է, որ այս երկրների գիտական նվաճումները միայն բժշկական ուղղորդվածություն ունեցող բնագավառներում են: Մի քիչ ավելի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո հասկանում ես, որ ուսումնասիրվել են այդ երկրներում տարածված հիվանդությունները: Գիտնականների ճնշող մեծամասնությունն էլ օտարերկրացիներ են՝ հիմնականում նախկին գաղութատեր երկրներից: Տպագրված հոդվածներում սկզբում ընդգրկված են հատուկենտ տեղացիներ, որոնք ներկայացնում են ոչ թե ինստիտուտներ կամ համալսարաններ, այլ ծրագրեր, որոնց տեւողությունը վերջավոր է: Եվ ի՞նչ, կհարցնեք ինձ: Կարո՞ղ է խորհուրդ եմ տալիս գիտության ասպարեզում գնալ ազատագրված աֆրիկյան երկրների ճանապարհով: Չգիտեմ, բայց կարող եմ համոզված պնդել, որ սովորելու բան կա: Գիտության կազմակերպման այս մակարդակը, որը ես կանվանեի «ազնիվ գիտություն», ունի մի անվիճելի առավելություն՝ դրվել են գիտական խնդիրներ, որոնք տվյալ պահին թելադրել են տվյալ երկրի անհետաձգելի խնդիրները: Հիվանդություններ, համաճարակներ, էկոլոգիա. ահա այս երկրների առաջնահերթ խնդիրները: Ոչ մի խոսք՝ բարձր էներգիաների ֆիզիկայի, տիեզերքի ու մարդկային մտքի բարդ ելեւէջների մասին: Ամեն ինչ ազնիվ է ու շիտակ՝ սրանք են մեր պրոբլեմները: Սրանց վրա էլ ծախսում եմ իմ սուղ միջոցներն ու արտասահմանից եկած մասնագետների պոտենցիալը, որոնք նույնպես ինչ-որ ինվեստիցիաներ անում են՝ լաբորատոր սարքերի եւ նյութերի տեսքով: Եվ քանի որ որակյալ գիտական արդյունք էլ կա (բարձր հղումներ), թույլ տվեք ենթադրել, որ փող մսխողների թիվը չի կարող մեծ լինել: Իսկ երբ սկսում ես հաշվել տեղացի գիտնականների թվի աճն՝ ըստ տարիների, պարզվում է, որ ակնհայտ պրոգրես կա: Պատրաստվել են կադրեր՝ տեղում աշխատելու համար: Ամսագրերը, որտեղ տպագրվում են այս երկրների հեղինակները, ամենաբարձր կարգն ունեն (իմպակտ-ֆակտորի տեսքով):
Ավելացնեմ, որ վերջին 10 տարիների ամենացիտվող «հայկական» աշխատանքը, որտեղ 28 հեղինակներից մեկը ներկայացնում է Հայաստանը՝ վերաբերում է մեր առաջնահերթ խնդրին՝ սեյսմիկ գոտուն եւ երկրաշարժին: Բայց, չգիտես ինչու, աշխատանքը շարունակական չէ, չնայած, ցավոք սրտի, երկրաշարժների վտանգը Հայաստանում կա:
Վերլուծվող ժամանակաշրջանում, 1997-2007թթ., Հայաստանի անունը կա մոտավորապես նույն քանակության հոդվածներում՝ ինչ Իսլանդիայի անունը: Չնայած այս փոքրիկ (եվրոպական չափանիշներով) հյուսիսային երկրում ֆինանսական վիճակը մեզնից մոտ քսան անգամ լավ է: Երբ նայում ես, թե գիտության որ բնագավառներում են աշխատում եւ տպագրվում իսլանդացի հեղինակները, դարձյալ հասկանում ես, որ առաջնահերթ են տվյալ երկրի համար կարեւոր խնդիրները: Իսլանդիա՝ օվկիանոս, հրաբուխներ, առողջապահություն, ձկնորսություն: Եվ նորից որակյալ աշխատանքներ՝ տպագրված միջազգային բարձրորակ ամսագրերում եւ մեծ հղումներ: Գիտական ուղղությունների անուններն էլ, բնականաբար, գալիս են առաջնային խնդիրներից՝ երկրաբանություն, բժշկություն, իխտեոլոգիա (գիտություն ձկների մասին): Դարձյալ վերը նշված «ազնիվ գիտությունը»՝ իր հասկանալի խնդիրներով: Բայց, ի տարբերություն աֆրիկյան երկրների, այս դեպքում ավելանում են մեծաթիվ որակյալ աշխատանքները իրավագիտության բնագավառում (նավարկության միջազգային օրենքներ), տնտեսագիտության բնագավառում եւ այլն: Չկա մի ուղղություն, որը ակնհայտ ձեւով չհետեւի երկրի առաջնահերթ խնդիրներից: Հարյուր լավագույն գիտնականների մեջ, ովքեր ներկայացնում են Իսլանդիան, դժվար գտնեք օտարերկրացիներ՝ առնվազն իննսունի ազգանունը իսլանդական է (ինչքան ես եմ հասկանում՝ վիկինգների անուններից): Այս փաստը հատուկ եմ նշում, որովհետեւ դա մեզ պետք կլինի Հայաստանի գիտությունը ավելի մանրակրկիտ քննարկելիս:
Վերը նշված աղյուսակում ներկայացված երկրներից երեւի ԱՄՆ-ի դեպքում միայն պարզագույն ձեւով չեն հասկացվում գերակայությունները՝ թե ֆինանսները, թե կատարված աշխատանքի ծավալը հսկայական են: Բոլոր ուղղություններով՝ հավասար հաջողություններ: Դե, նրանցից էլ թող Չինաստանն ու Ռուսաստանը օրինակ վերցնեն: Նշեմ միայն, որ գիտության բնագավառում որակյալ աշխատանքներ կարելի է կատարել սահմանափակ ֆինանսների պայմաններում՝ պարզապես դրվող խնդիրների առաջնահերթությունը, դրանց քանակը եւ ամենակարեւորը՝ կատարողների քանակը պետք է սահմանափակել ֆինանսներին համապատասխան: Պլյուս՝ «Ոտներդ վերմակիդ չափով երկարացրու» պարզ ճշմարտությունը պետք չէ մոռանալ:
ՍԱՍՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի աշխատակից