Երեք տարի շարունակ Սարգսյանների ընտանիքն արդարություն է փնտրում, բայց՝ ապարդյուն
ՀՀ կառավարության 01.08.02 թ. թիվ 1151 որոշմամբ հաստատվեց «Երեւանի Կենտրոն համայնքի վարչական սահմաններում կառուցապատման ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» օտարման գոտին: Այդ ժամանակվանից էլ սկսվեց երեւանցիների մի մասին «տուն-տնավեր» անելու ծրագիրը: «Պետական կարիքներից» տուժել է նաեւ Գագիկ Սարգսյանի ընտանիքը: Նրանք ապրել են Ամիրյան 4/18 հասցեում եւ սեփականության իրավունքով նրանց պատկանող 35.8 քմ մակերեսով բնակարանն արդեն հավասարեցվել է հողին: Բնակարանը գնահատվել է 7080 ԱՄՆ դոլար, եւ քանի որ Գ. Սարգսյանը ոչ մի փաստաթղթի տակ չի ստորագրել, մինչեւ հիմա չի ստացել այդ գումարը:
Սարգսյանների ընտանիքը 2005-ից ի վեր դատական քաշքշուկների մեջ է, սակայն ոչ մի ատյանում հօգուտ իրեն որոշում չի կայացվել: 12.07.2005թ. վերաքննիչ դատարանը (նախագահությամբ Դ. Խաչատրյանի), քննելով Երեւանի քաղաքապետարանի «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի հայցը, որոշել էր Գ. Սարգսյանին ու նրա կնոջը հարկադրաբար ստորագրել տալ «պետական կարիքների համար» վերցված բնակարանի առուվաճառքի պայմանագիր, որից հետո նրանց վտարել բնակարանից: Նույն թվականին վճռաբեկը վճիռը թողել է անփոփոխ: Այն վերանայելու բազմաթիվ փորձերով բնակարանից վտարվածները դիմել են տարբեր ատյանների օգնությանը, սակայն՝ ապարդյուն: Բայց քանի որ ՀՀ Սահմանադրական դատարանը 2006-ի ապրիլի 18-ի 630 որոշմամբ Սահմանադրությանը չհամապատասխանող էր ճանաչել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 218 հոդվածը՝ հասարակության եւ պետական կարիքների համար սեփականության հարկադիր օտարման իրավահարաբերությունների կանոնակարգման առումով, ինչպես նաեւ հակասահմանադրական են համարվել Հողային օրենսգրքի մի շարք հոդվածներ, Գ. Սարգսյանը վճռի վերանայման պահանջով 27.02. 07թ. դիմել էր վերաքննիչ դատարան: Նշենք, որ ՍԴ-ն հիշյալ որոշմամբ փաստել էր, որ կառավարության թիվ 1151-Ն որոշումը, հիմքում ունենալով Քաղաքացիական օրենսգրքի 218 եւ Հողային օրենսգրքի 104 հոդվածների դրույթները, չի համապատասխանում Սահմանադրության մի շարք հոդվածներին: Այս փաստերի ուժով բնակարանից վտարվածները գտնում էին, որ կառուցապատողը չէր կարող, հակառակ իրենց կամքի, դադարեցնել սեփականության իրավունքն ու վտարել նշված բնակարանից: Ըստ նրանց, դատարանն էլ չպետք է բավարարեր ՊՈԱԿ-ի պահանջը, քանի որ դրանով խախտվել են Սահմանադրության մի շարք հոդվածներով ու միջազգային պայմանագրերով երաշխավորված իրենց իրավունքները: ՍԴ-ի որոշման եզրափակիչ մասի 4-րդ կետի համաձայն՝ «որոշման մեջ ՀՀ Սահմանադրությանը չհամապատասխանող ճանաչված իրավական նորմերի ուժը կորցնելու վերջնական ժամկետ սահմանել օրենքի հիման վրա նման իրավական ռեժիմի ուժի մեջ մտնելու պահը, բայց ոչ ուշ, քան 2006թ. հոկտեմբերի 1-ը»: Սակայն այս ամենից հետո էլ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը (Դ. Խաչատրյանի նախագահությամբ), որոշեց ուժի մեջ թողնել 12.07.2005-ի վճիռը, իսկ Գագիկ եւ Արմենուհի Սարգսյանների դիմումը թողնել առանց քննության: Վճռի պատճառաբանական մասում դատարանը նշում է, որ մինչեւ ակտի իրավաբանական ուժը կորցնելը՝ ակտը պետք է համարվի Սահմանադրությանը համապատասխանող, իսկ վերը նշված վճիռը կայացնելիս վերաքննիչ դատարանը կիրառել է օրենքներ եւ իրավական ակտեր, որոնք այդ պահին համարվել են Սահմանադրությանը համապատասխանող: «Փաստորեն, դատարանն անուղղակիորեն մեկ անգամ եւս մեր նկատմամբ կիրառել է Քաղաքացիական օրենսգրքի 218-րդ հոդվածը: Դատարանի կողմից անտեսվել է, որ ՀՀ վերաքննիչ դատարանի 12.07.2005 թվականի վճռով կիրառված նորմերը՝ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիայի արձանագրության 1-ին հոդվածի իմաստով չէին կարող բավարարել «օրենքով նախատեսված» լինելու պահանջը, քանի որ փաստ է՝ դրանում կիրառված նորմերը հակասում են Սահմանադրության 3, 8 (1-ին մաս), 31 (3-րդ մաս) եւ 43 հոդվածների պահանջներին»,- ասում է Գ. Սարգսյանը: Նրա փոխանցմամբ, դատարաններում իր գործին կցված մի քանի փաստաթղթեր անհետացել են եւ մինչեւ հիմա այդ հարցով ոչ մեկը չի զբաղվել:
Նշենք, որ Գ. Սարգսյանը դեռեւս 2000 թ.-ին հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից: «Քանի որ ինձ հոգեհարազատ չեն այս պետության վարկանիշը դարձած կաշառակեր, կոռումպացված չինովնիկները: Պետություն, որտեղ չկան ոչ դատական, ոչ էլ իրավապահ մարմիններ: Ինձնից եւ իմ ընտանիքից գողացել են իմ տունը եւ ձմռան ցրտին գցել են փողոց: Ինձ համար այս պետությունն աղետ է, խնդրում եմ ինձ օգնել ստանալ քաղաքացիություն չունեցող քաղաքացու անձը որոշող փաստաթուղթ: ՀՀ-ում ապրելն անհնար է, կարող է վատ հետեւանքներ ունենալ»,- գրված է Գ. Սարգսյանի նամակում՝ ուղղված ՄԱԿ-ի մարդու իրավունքների եւ ազատության պաշտպան կոմիսարին:
Տեղեկացնենք, որ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունից Գ. Սարգսյանին փոխանցել են, որ նա ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել է այլ պետության քաղաքացիություն ընդունելու պատճառաբանությամբ, հետեւաբար՝ նա իրավունք ունի ընդունել այլ պետության քաղաքացիություն կամ վերականգնել ՀՀ քաղաքացիությունը եւ նրան այլ կարգավիճակ տվող վկայականի տրամադրում օրենքով չի հասնում: