Համոզված են ԼՂՀ քաղաքական գործիչները
Նոյեմբերի 2-ին մերձմոսկովյան Մայնդորֆ ամրոցում Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ կնքված Հռչակագիրը հայաստանյան մի շարք քաղաքական գործիչների շրջանում տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց: Ոմանք այն դրական քայլ համարեցին, ոմանք էլ համոզված էին, որ այն, պարզապես, քաղաքական փաստաթուղթ է, որը ոչ մի իրավական եւ պարտադրողական ուժ չունի: Իսկ ահա ղարաբաղյան քաղաքական գործիչները մոսկովյան Հռչակագրից ոչ մի առաջընթաց էլ չեն սպասում:
«Առավոտի» հետ զրույցում ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը համոզմունք հայտնեց, որ՝ «Մոսկովյան Հռչակագիրը մեծ հաշվով ոչինչ է: Հնարավոր չէ խաղաղություն կամ երկխոսություն ստեղծել, եթե հակամարտող հասարակություններն իրար նայում են թշնամաբար: Դե թող ստորագրեն հռչակագրեր, դրանից ի՞նչ կփոխվի: Է՛, թող 3 նախագահները ընկերանան, դրանից ոչինչ չի փոխվի: Ես կարծում եմ, նրանք սկսել են ոչ ճիշտ կողմից: Հնարավոր չէ բանակցություններ վարել հրետանային հրաձգության ժամանակ: Ադրբեջանում ռազմական քարոզչություն է գնում: Քանի դեռ ինֆորմացիոն պատերազմ կա, որեւէ կարգավորում հնարավոր չէ: Մոսկվայում գոնե պետք է վստահություն ներմուծեն այս 2 հասարակությունների միջեւ, հետո նոր ինչ-որ բան առաջարկեն: Ադրբեջանում մտածում են Ղարաբաղի իսպառ վերացման մասին, այստեղ աղոթում են ինչ-որ բանի համար, եւ այս իրավիճակում վարել բանակցություններ՝ ուղղակի անիմաստ է: Ամեն տարի ասում են՝ «պատուհան» են բացում: 10 անգամ բացվել է այդպիսի «պատուհան» ու փակվել: Եվ այդպիսի «սկվազնյակ» անընդհատ կլինի, քանի դեռ Ադրբեջանի կողմից նման վերաբերմունք կա»: Ղարաբաղյան հակամարտության լուծման համար Գ. Բաղդասարյանն իր տարբերակներն է առաջարկում. նախ՝ տեղեկատվական պատերազմի դադարեցում: Մյուսը՝ Ղարաբաղի ներգրավումը բանակցություններում. «Եթե Ղարաբաղը չի մասնակցում, ապա ինչի՞ մասին է խոսքը: Մենք ուզում ենք մեր կարծիքը որոշիչ լինի: Մենք ուզում ենք այդ հարցերը լուծվեն ոչ թե Բաքվում, Բրյուսելում կամ Երեւանում, այլ Ստեփանակերտում: Դա մեր իրավունքն է: Ես չեմ ուզում մեկն իմ փոխարեն լուծի»: Ըստ Գեղամ Բաղդասարյանի, տպավորություն կա, թե ոչ ոքի ձեռնտու չէ ղարաբաղյան խնդրի լուծումը. ոչ հայերին, ոչ ադրբեջանցիներին, ոչ էլ միջնորդներին. «Կարծես թե՝ դա հաճելի զբաղմունք է իրենց համար: Իհարկե, կարգավորման հարցն ու լուծելը տարբեր բաներ են: Կարգավորումը որպես գործիք ավելի սոլիդ բան է, դա քաղաքական գործիք է, որ ազդեն մեկի կամ մյուսի վրա: Իսկ եթե ոչ մեկին ձեռնտու չէ հարցը լուծել, ապա թող այսպես էլ մնա»:
Մեր այն հարցին, արդյոք այսկերպ փակուղու մեջ չե՞նք հայտնվի, պարոն Բաղդասարյանն ասաց. «Սա փակուղի չէ, հետագայում էլ ոչինչ չի լինի: Պետք չէ լուծում, պետք է ապրել, ծնել, անջատվել ամեն ինչից: Մենք այնքան խնդիրներ ունենք, որ մարդիկ ամեն օր չեն մտածում ղարաբաղյան հարցի լուծման մասին: Պարզապես, եթե չեն օգնում, ապա թող ներկայիս իրավիճակին չխանգարեն: Ես կարծում եմ՝ կյանքը ինքը կհուշի, թե ինչ անել: Իսկ առայժմ «ստատուս քվոյի» ալտերնատիվը չկա»:
ԼՂՀ նախկին արտգործփոխնախարար Մասիս Մայիլյանի կարծիքով մոսկովյան Հռչակագրի դրական կողմն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը չի փոխվել, ինչը շատ տենչում էր Ադրբեջանը: Հռչակագրի բացասական կողմն այն է, որ չկա ԼՂՀ ներկայացուցչի ստորագրությունը. «Դրական բան է, իհարկե, որ կողմերը հայտնեցին իրենց ցանկությունը՝ քաղաքական ձեւով խնդիրը լուծել: Դեկլարացիայի հենց վերջին մասը վստահության ամրապնդման մասին է: Մենք գտնում ենք, որ երկխոսությունը Ադրբեջանի հետ պետք է սկսվի հենց վստահության չափորոշիչներով: Բայց հիմա վստահություն ընդհանրապես չկա: Երբ 1994թ. ստորագրվեց հրադադարի համաձայնագիրը, եղել են 3 երկրների պաշտպանության նախարարները՝ Հայաստան, Ադրբեջան եւ ԼՂՀ: Այս դեկլարացիայում չի երեւում իրական ֆորմատը հակամարտող կողմերի: Լիարժեք ֆորմատը եռակողմն է, իսկ այսօր Ադրբեջանը հայտարարում է, որ Ղարաբաղը չի հանդիսանում բանակցային կողմ»: Պարոն Մայիլյանի խոսքերով՝ այն, որ Ալիեւը Հռչակագրից հետո Իտալիայում ասում է, որ դեկլարացիան չի բացառում խնդիրը ռազմական ճանապարհով լուծելը, կարծիք է ստեղծվում, որ Ադրբեջանը բանակցային գործընթացն օգտագործում է, որպեսզի մկանները ձգի եւ միջազգային հանրությանը շանտաժ անի, իսկ հակամարտող կողմին հասկացնի, որ իրենք խնդիրը ռազմական ճանապարհով են լուծելու. «Նա մեզ հասկացրեց, որ մենք էլ պետք է 2 ուղղությամբ խնդիրը լուծենք, առաջինը՝ շարունակել բանակցությունները Ադրբեջանի հետ Մինսկի խմբի շրջանակներում եւ լիարժեք դարձնել այդ գործընթացը՝ ներառելով Ղարաբաղը: Իսկ մյուս ուղին՝ պետք է զուգահեռ աշխատենք միջազգային կառույցների եւ այն երկրների հետ, որոնք շահագրգիռ են ճանաչել Ղարաբաղի անկախությունը, որովհետեւ, եթե մենք դրան հասնենք, ինչպես դա եղավ Կոսովոյում կամ Աբխազիայում, ապա մենք ավելի մեծ հնարավորություն կունենանք պաշտպանել սեփական երկիրը»:
«Առավոտի» հարցին՝ եթե միջազգային կառույցները ԼՂՀ անկախությունը ճանաչելու փոխարեն պահանջեն որոշ տարածքների զիջում, այդ դեպքում ի՞նչ դիրքորոշում կընդունի Ղարաբաղը, Մ. Մայիլյանն ասաց. «Մենք պետք է խոսենք ոչ թե տարածքների մասին, այլ Ադրբեջանի եւ Ղարաբաղի միջեւ միջպետական սահմանների մասին: Միջազգային իրավունքով նախ ճանաչվում է պետությունը, հետո որոշվում հարեւանների միջպետական սահմանները: Այսինքն՝ մինչեւ Ադրբեջանը չճանաչի մեր անկախությունը, մենք չենք կարող սահմանները որոշել: Թող ընդունվի՝ հետո կխոսենք, իսկ Ադրբեջանը չունի միջազգայնորեն ճանաչված սահմաններ, դա «բլեֆ» է»:
Հ. Գ. ԼՂՀ մեր այցը կազմակերպվել էր «Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի» աջակցությամբ: