Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԸ»՝ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ԵՐԿԱԹԳԾԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Դեկտեմբեր 06,2008 00:00

\"\"Ըստ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանի, կառուցվելիք երկաթգծի շահագործումը կհանձնվի «Հայկական երկաթուղիների» ներկայիս կոնցեսիոներին:

Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման մասին հանրապետության ղեկավարների կողմից արվող հայտարարությունները ժողովրդին մոլորեցնելու հերթական քայլերից են: Այս տեսակետին են որոշ տնտեսագետներ, որոնք իրենց կարծիքը հիմնավորում են նրանով, որ մինչ այժմ կառավարությունը չի հայտնել, թե կոնկրետ որոնք են լինելու այդ ծրագրի իրականացման ֆինանսական աղբյուրները: Բացի այդ, ըստ վերլուծաբանների, երկաթգծի կառուցման համար բավականին մեծ գումար է հարկավոր, իսկ եկող տարվա բյուջեում այդ մասին տող անգամ չկա: Նրանք ստահոդ են համարում նաեւ այն հայտարարությունները, իբր ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցել երկաթուղու կառուցմանը, եւ վկայակոչում են, որ Ռուսաստանի բյուջեում եւս դրա համար գումար նախատեսված չէ: Բացի այդ, բոլորովին վերջերս ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը հայտարարել է, որ իրենք նման քաղաքականություն չեն վարելու: Թե որքանով է այս ծրագիրը իրատեսական, եւ ինչ փուլում են ներկայումս գտնվում Իրան-Հայաստան երկաթգծի նախագծային աշխատանքները, փորձեցինք պարզել տրանսպորտի ու կապի նախարար Գուրգեն Սարգսյանի հետ զրույցում: Ըստ պարոն Սարգսյանի. «Բոլոր մեծ եւ լավ նախագծերը սկզբնական փուլում քարկոծվում են: Ճիշտ է, այն բավականին ծախսատար է մեր հանրապետության համար, սակայն աշխարհի փորձը ցույց է տալիս, որ նման ծրագրերն իրագործվում են ոչ միանձնյա, այսինքն՝ միայն մեկ պետություն չէ, որ զբաղվում է այս խնդրով: Երկաթգծի կառուցումը լուրջ տարածաշրջանային նշանակություն ունի եւ նպատակ է հետապնդում կապելու ասիական երկրները Եվրոպայի հետ: Կարեւոր նշանակություններից մեկն էլ այն է, որ Հայաստանը՝ բեռնափոխադրումների եւ ուղեւորափոխադրումների առումով, կդառնա տարանցիկ երկիր եւ կապահովի փոխադրումները Հայաստանի տարածքով Ասիայից դեպի Եվրոպա: Նման տարանցիկություն ապահովող այլ ուղի այս պահին չկա»:

Երկաթգծի ֆինանսավորման աղբյուրների մասին հարցին Գ. Սարգսյանը պատասխանեց. «Բնականաբար, մեր պետությունը չի կարող ինքնուրույն նման նախագիծ իրականացնել, բայց հաշվի առնելով դրա նշանակությունը, բարեբախտաբար, կան շահագրգիռ պետություններ եւ ֆինանսավորող կազմակերպություններ, որոնք պատրաստ են համաֆինանսավորման սկզբունքով մասնակցելու շինարարական աշխատանքներին: Այս պահին Ասիական զարգացման բանկը հետաքրքրություն է ցուցաբերում այդ ծրագրի ուսումնասիրության եւ նախագծային փուլերի ֆինանսավորման, իսկ ապագայում նաեւ՝ շինարարական աշխատանքներին մասնակցելու առումով: Եղել են նաեւ քննարկումներ Համաշխարհային բանկի եւ Զարգացման եվրոպական բանկի հետ»: Ինչ վերաբերում է նրան, որ ՌԴ-ն ծրագրին մասնակցելու իրական ցանկություն չունի, նախարարի հավաստմամբ. «Այդ հարցը շահարկելու խնդիր չկա, դա արձանագրված փաստ է: ՀՀ եւ ՌԴ նախագահների հանդիպման ժամանակ այդ հարցը քննարկվել է, եւ Դմիտրի Մեդվեդեւն այդ մասին հստակ ասել է, որ պարզենք, թե ինչքան գումար է պետք, որպեսզի կարողանանք հստակեցնել ծրագրին մեր մասնակցության չափը»: Ոլորտի պատասխանատուի հավաստմամբ՝ իրանական կողմը եւս շահագրգռված է այս ծրագրի իրականացմամբ. «Օրերս Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը այցով եղավ Իրանում եւ հանդիպում ունեցավ այնպիսի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնք նման հարցերի հետ կապված որոշումներ են կայացնում: Նրանք եւս արտահայտել են իրենց հետաքրքրությունը, արդեն որոշակի մասնագիտական վերլուծություններ են արել եւ ցանկություն ունեն այդ առումով կիսվելու մեզ հետ: Կարծում եմ, մինչեւ այս տարեվերջ մենք նրանց հետ նախնական քննարկումներ կունենանք այն մասին, թե ինչպես նախատեսենք իրենց տարածքով անցնող մասը եւ իրենք ինչպիսի մասնակցություն են ենթադրում մեր մասում կառուցվող երկաթգծի ծրագրին»:

Գ. Սարգսյանը վստահ է նաեւ, որ երկաթգծի կառուցմամբ մեր տնտեսությունը էական զարգացում կապրի. «Երկաթուղին մեզ համար ռազմավարական նշանակություն ունի հենց տնտեսության զարգացման առումով: Եթե մենք ունենանք տրանզիտ ուղի, բոլորը կօգտվեն այդ ուղուց, քանի որ այլընտրանքային ուղի չկա: Այս պահին կառուցվում է երկաթուղային գիծ, որը Չինաստանից Միջին Ասիայով միանում է Իրանի երկաթուղային համակարգին, եւ մենք հնարավորություն ենք ունենում դառնալ միջանցք՝ Սեւ ծովից, Եվրոպայից դեպի Չինաստան՝ երկաթուղային գծով: Իսկ դա շատ լուրջ տրանսպորտային երակ է»: Մեր հարցին, թե որքա՞ն գումար է հարկավոր նախագծի իրականացման համար, պարոն Սարգսյանը պատասխանեց. «Գումարի հետ կապված՝ կարելի է, անշուշտ, վերլուծություններ անել, բայց դրանք կվերաբերեն, ասենք՝ Ռուսաստանին, Չինաստանին, ԱՄՆ-ին կամ մեկ այլ պետության: Մինչեւ մեր ռելիեֆի պայմաններում նախագծային եւ նախահաշվային աշխատանքներ չկատարենք, հնարավոր չէ կոնկրետ գումարի չափը պարզել: Բայց կան մասնագետների կողմից ներկայացվող նախնական թվեր, որ տատանվում են $1,5-2 միլիարդի սահմանում: Նպատակը այն չէ, որ պարզապես ունենանք երկաթգիծ, այն պետք է ապահովի համապատասխան արագություն եւ բավարարի որոշակի չափանիշների: Իսկ այդ ամենը, բնականաբար, ազդում է գնի վրա»: «Առավոտի» այն հարցին, թե արդյո՞ք ավելի արդյունավետ չի լինի ճեպընթացի կառուցումը, Գ. Սարգսյանը պատասխանեց. «Եթե նկատել եք, արտասահմանում ճեպընթաց ուղիները հիմնականում նախատեսված են ուղեւորների փոխադրման համար: Մեր խնդիրն է՝ առաջնահերթ ապահովել բեռնափոխադրումները: Այսօր կան վայրեր, որտեղ գործող երկաթուղու միջին արագությունը 15 կմ/ժամ է, մենք ենթադրում ենք դա հասցնել 50-60-ի: Արագությունից կախված է նաեւ գինը: Եթե ուզում ենք ավելի արագընթաց լինի, պետք է գծերը ավելի ուղիղ լինեն եւ շրջադարձեր քիչ լինեն, բացի այդ, դա կբերի նրան, որ կամուրջներ եւ թունելներ ավելի շատ կլինեն եւ կառուցումն ավելի ծախսատար կլինի: Այդ հարցը չի քննարկվում, քանի որ այն արդյունավետ չէ»:

Ըստ նախարարի՝ 2009-ի վերջին մենք արդեն կունենանք ծրագրի հետ կապված որոշակի լուծումներ: Ինչ վերաբերում է նրան, թե ում կհանձնվի նոր երկաթգծի շահագործումը, ապա, ըստ Գ. Սարգսյանի, «Հարավկովկասյան երկաթուղիներին». «Տրամաբանական կլինի, որ դա անի այն կոնցեսիոները, որն իրականացնում է մեր երկաթգծի շահագործումը: Չենք ենթադրում, որ մի քանի կիլոմետր գծի վրա կլինի 2 օպերատոր: Բայց վերջնական որոշումը կկայացվի քաղաքական մակարդակով»: Իսկ «Հարավկովկասյան երկաթուղիների» աշխատանքի եւ ընկերության գործունեության վերաբերյալ դժգոհություններին պարոն Սարգսյանը չցանկացավ անդրադառնալ:

Մեր այն հարցին, թե անձամբ նախարարը որքանո՞վ է իրատեսական համարում այս խիստ ծախսատար ծրագրի իրագործումը, պարոն Սարգսյանը պատասխանեց. «Որպես երկրի քաղաքացի, որպես տրանսպորտի եւ կապի նախարար, անձամբ բավականին ոգեւորված եմ այդ նախագծով եւ անելու եմ ինձանից կախված ամեն ինչ, որ այն անպայման իրականություն դառնա: Պետք է հաշվի առնենք նաեւ, որ այդ նույն մոտեցումն ունեն բոլոր պատասխանատու պաշտոնյաները, եւ այդքան պատրաստակամությունը չի կարող կորչել: Ես լավատես եմ բոլոր հարցերում, այս հարցում՝ առավել եւս»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել