Լրահոս
Օրվա լրահոսը

1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժից 20 տարի անց

Դեկտեմբեր 06,2008 00:00

Սկիզբը՝ 

Ի թիվս այլ պաշտոնատար անձանց՝ հյուրերին դիմավորելու էին եկել նաեւ Հայաստանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոն, Ուկրաինայում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանը, Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը: Գյումրիի օդանավակայանում Վիկտոր Յանուկովիչին դիմավորելուց հետո, նրա հետ միասին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը եւ մյուս մասնակիցները մեկնեցին Գյումրի քաղաքի սուրբ Հակոբ Հայրապետի անունը կրող եկեղեցի, որտեղ հարգանքի տուրք մատուցելով երկրաշարժի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակներ դրեցին եկեղեցու բակում կառուցված հուշակոթողին:

Դրանից հետո Գ. Ծառուկյանի եւ Վ. Յանուկովիչի գլխավորությամբ միջոցառման մասնակիցները ուղեւորվեցին Սպիտակ քաղաք, ուր հյուրերին դիմավորեցին Լոռու մարզպետը, Սպիտակի քաղաքապետը եւ հազարավոր քաղաքացիներ, ովքեր օրհնանքի խոսքեր էին շռայլում Վ. Յանուկովիչի եւ Գագիկ Ծառուկյանի հասցեին: Այստեղ մեծ անակնկալ էր պատրաստվել Վ. Յանուկովիչի համար. երկրաշարժի տարիներին Սպիտակ քաղաքում ցուցաբերած մեծ աջակցության համար՝ որպես մեծ երախտիքի նշան, նրա անունով հրապարակ էին անվանակոչել:

«Պարոն Յանուկովիչը երկրաշարժից հետո ակտիվ մասնակցություն է ունեցել հատկապես Սպիտակի շրջանում վերականգնողական աշխատանքներին: Նա շուրջ 6 ամիս եղել է այնտեղ, աշխատել, վերականգնողական աշխատանքներ է կազմակերպել, եւ երկրաշարժի 20-ամյակի այս միջոցառմանը, երբ մենք մեր հիշատակի տուրքն ենք մատուցում, ինքն ուզում է անմասն չմնալ եւ գալ ու իր հարգանյաց տուրքը մատուցել մեր զոհերի հիշատակին, ինչպես նաեւ տեսնել, թե երկրաշարժից հետո ինչ բարեփոխումներ են եղել այս քաղաքներում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Խաչատրյանը: Մասնակցելով հրապարակի անվանակոչության արարողությանը՝ Յանուկովիչը նաեւ բավականին հուզիչ ելույթ ունեցավ՝ հիշելով 20 տարի առաջ Սպիտակ քաղաքում տեղի ունեցած ողբերգալի իրադարձությունները. «Շատ շնորհակալ եմ սպիտակցիներին, որ նրանք հիշել են ինձ… Այս վայրկյանի նման հիշում եմ 88 թվականի երկրաշարժը: Մենք այստեղ՝ Վանաձորում եւ Գյումրիում աշխատում էինք շուրջօրյա, որպեսզի կարողանայինք մեղմել նրանց ցավը: Հասկանում եմ, որ հայ ժողովրդի շնորհակալությունը ոչ միայն անձամբ ինձ է, այլ նաեւ բոլոր այն մարդկանց, ովքեր 88թ. աշխատում էին այստեղ: Մենք աշխատում էինք, իսկ շուրջբոլորը ցավ էր, լաց, ճիչ…»: Վ. Ֆ. Յանուկովիչը հիշեց նաեւ, որ ղեկավարել է Ուկրաինայի ածխարդյունաբերությունը եւ բազմաթիվ աղետներ ու մահեր է տեսել, բայց այն, ինչ նա 88-ին տեսել է Սպիտակ քաղաքում, սարսափազդու եւ անմոռանալի աղետ է համարում: «Երբ մենք գալիս էինք Սպիտակ, պատկերացնում էինք, թե մոտավորապես ինչ ենք տեսնելու, բայց իրականում մեր տեսածը նույնիսկ նկարագրելն է դժվար. չկար մի տուն, որի պատերը գոնե մնացած լինեին, չկար մի ընտանիք, որը մարդկային զոհեր չունենար»,- հուզմունքով եւ արտասվալից աչքերով էր այս մասին հիշում պարոն Յանուկովիչը:

Սպիտակի քաղաքապետը Վիկտոր Յանուկովիչին հանձնեց Սպիտակի պատվավոր քաղաքացու կոչում: ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը լսեց նաեւ բազմաթիվ սպիտակցիների, ովքեր իրենց խնդիրներին տեղյակ պահելու համար եկել էին նրան հանդիպելու:

«20 տարի անցել է, բայց մարդկանց հոգիներում եւ սրտերում մնացել է այդ վիշտը, դա երբեք ջնջել չի լինի: Սա սփոփիչ մի քայլ է, որ մենք կատարում ենք: Ամենակարեւորն այն է, որ պետք է կարողանանք խորհրդարանի միջոցով այս հարցը կարգավորել. մինչ այժմ շատերը դեռեւս կացարան չունեն: Դեռ 375 ընտանիք անբնակարան են մնացել, կառավարության որոշմամբ պետք է մինչեւ 2013 թ. դա վերականգնել, որպեսզի մարդիկ գոնե կարողանան հոգեպես եւ բարոյապես իրենց ապահով զգալ: Պետք է հետեւել այդ աշխատանքներին, որ գոնե մինչեւ 2013 թ. դա իրականություն դառնա»,- հայտարարեց պարոն Ծառուկյանը:

Ի դեպ, կառավարությունն ընդունել է աղետի գոտու վերականգնման հայեցակարգ, որը նախատեսում է աղետի գոտում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած 6985 ընտանիքների բնակարանների պայմանների բարելավման ծրագիր, համաձայն որի՝ միայն Գյումրի քաղաքում կկառուցվի եւ կհիմնանորոգվի 3500 բնակարան: Վանաձորում, Սպիտակում եւ Ստեփանավանում նույնպես կկառուցվեն եւ կհիմնանորոգվեն անավարտ կառույցներ: Միայն Գյումրիում 2009թ. նախատեսված է ԲԳՎ ծրագրի շարունակությունը, որը կազմում է 4,5 միլիոն դրամ, որը իրականացնելու է ՀՀ քաղաքաշինության նախարարությունը:
Գյումրի-Սպիտակ-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել