Լրահոս
Օրվա լրահոսը

«ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՎ ՑՈՒՑՄՈՒՆՔՍ՝ ՀՈՒՇՈՒՄ ԵՄ»

Դեկտեմբեր 06,2008 00:00

\"\"Նաեւ այսպիսի ցուցմունքներով է հիմնավորվել մեղադրանքը «7-ի գործով», եւ մասնավորապես՝ Սասուն Միքայելյանի վերաբերյալ:

ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանին եւ Մյասնիկ Մալխասյանին առնչվող մեր հրապարակումներում ներկայացրել ենք, թե ինչ հիմքեր է ունեցել նախաքննության մարմինը, երբ գլխավոր դատախազը մարտի 4-ին միջնորդագիր ներկայացրեց ԱԺ-ին՝ խնդրելով նրանց որպես մեղադրյալ ներգրավել եւ կալանավորելու թույլտվություն տալ: Նույնը չենք կարող անել Սասուն Միքայելյանի վերաբերյալ, քանի որ մինչ մարտի 4-ը քրեական գործում նրա մասին չի եղել եւ ոչ մի ցուցմունք: Սասուն Միքայելյանի մասով առաջին վկայությունը տրվել է մարտի 6-ին, երբ հարցաքննել են նրա վարորդին: Եվ, ասենք, նման հարց են տվել. «Ձեր ներկայությամբ Սասուն Միքայելյանը մեքենայի միջից ո՞ւմ հետ եւ ի՞նչ թեմաներով էր զրուցում իր բջջային հեռախոսով»: Սա առանձնապես զարմանալի հարց չէ, եթե հաշվի առնենք, որ նույն օրը մի ուրիշ վկայի, որն ազգակցական է՝ Սասուն Միքայելյանը նրա մորաքրոջ տղան է, քննիչը հարցրել է. «Դուք նշեցիք, որ «Վանատուր» ռեստորանային համալիրը 2003-ից հետո երբեմն տրամադրվում էր հարսանյաց հանդեսներ անցկացնելու համար: Ո՞ւմ կողմից էր տրամադրվում ռեստորանի սրահը եւ ո՞ւմ թույլտվությամբ»: Արտառոց է, որ այս հարցին հետո անդրադարձ չեղավ մեղադրական եզրակացության մեջ:

Օրերս հրապարակված մեղադրական եզրակացության նկարագրական մասում նշված է, թե Սասուն Միքայելյանը՝ իր ստանձնած դերակատարության համաձայն, նյութապես շահագրգռելով ու նաեւ հարկադրաբար, Հրազդան քաղաքից ու հարակից գյուղերից հավաքագրել է մարդկանց, «ապահովել նրանց տեղափոխումն ու մասնակցությունն օրենքով սահմանված կարգի խախտմամբ Ազատության հրապարակում անցկացվող զանգվածային միջոցառումներին»: Համահունչ հարց տրվել էր նաեւ Սասուն Միքայելյանի վարորդին, թե Հրազդանից «ո՞վ էր կազմակերպում եւ օժանդակում քաղաքացիներին հանրահավաք տանելուն եւ ի՞նչ միջոցներով»: Նա էլ պատասխանել է. «Հանրահավաքներին շատերն են մասնակցել Հրազդան քաղաքից, որոնց մասնակցությունը կապված է Սասուն Միքայելյանի անձի հետ, քանի որ նրանցից շատերը վերջինիս մարտական ընկերներն են, ծանոթները, բարեկամները, որոնք միշտ կանգնած են եղել նրա կողքին ամեն ընտրությանը, եւ ըստ իս՝ կարիք չի եղել նրանց ինչ-որ կոչեր անել, որպեսզի գնային մասնակցելու հանրահավաքների: Նրանք, իմ իմանալով, բոլորը գնացել են իրենց միջոցներով»:

Սակայն մարտի 7-ը նախաքննության մարմնի համար ավելի հաջող օր է եղել՝ հարցաքննել են Ծաղկաձորի ճոպանուղում որպես փրկարար աշխատող մեկի, որը պնդել է, թե Սասուն Միքայելյանի աջակիցներից մեկն իրեն 5 հազար դրամ էր առաջարկել՝ Ազատության հրապարակում մնալիք ամեն գիշերվա համար, նաեւ խոստանալով, որ ըստ պահանջի կկերակրվի, սակայն ինքը հրաժարվել է. «Երեկոյան ժամերին մյուսներից գաղտնի օղի խմելը, հաշիշ ծխելը, վրանների դոշակների տակ մետաղաձողեր պահելը ինձ հիասթափեցրեց, հասկացա, որ մարդիկ հավաքվել են ոչ թե վեհ գաղափարների, իրենց խոսքերով՝ հայրենիքը փրկելու համար, այլ ժամանակ անցկացնելու եւ առանց խոչընդոտների՝ թմրամիջոց, ալկոհոլ եւ նման վատ երեւույթներով զբաղվելու համար: Բայց այնուամենայնիվ՝ հետաքրքրությունս մեծ էր այդ ամենի վերջը տեսնելու համար, որի պատճառով ցերեկները մի քանի ժամով գնում էի այնտեղ, զրուցում երկրացիներիս հետ ու երաժշտություն էի լսում: Օպերայի բակում գտնվելով՝ հասկացա, որ Հրազդանից եւ նրա շրջակա գյուղերից եկած ժողովրդին պահում եւ կերակրում էր Սասուն Միքայելյանը»: Քննիչը հետո հետաքրքրվել է, թե կոնկրետ ո՞ւմ է տեսել թմրամիջոցներ գործածելիս, ու փրկարարը պատասխանել է. «Նրանք բոլորը նստացույցի մասնակիցներ եւ ինձ անծանոթ են եղել: Կոնկրետ անուններ չեմ կարող նշել, բայց եթե լինեն անունները՝ անպայման կճանաչեմ»: Ընդգծում ենք այս խոստումը՝ դուք անուններն ասեք, իսկ ես անպայման կճանաչեմ:

Այս վկան նշել է, թե մարտի 1-ին «սարսափել է, երբ լսել է, որ Սասուն Միքայելյանը հայտարարել է, թե պետք է ամեն գնով «զավթեն իշխանությունները: Նրա խոսքերով՝ ուրիշ շանս չկար: Այդ խոսքերից հետո Սասունի կողքը հավաքված տղաները նրա հանձնարարությամբ ցվրվեցինք իշխանության մեջ»: Մենք առանց խմբագրելու ենք մեջբերել՝ վկան այդպես էլ գրել է. «Նրա հանձնարարությամբ ցվրվեցինք իշխանության մեջ»: Մարդը փաստորեն ինքն իր դեմ ցուցմունք է տվել, թե կատարել է Սասուն Միքայելյանի սարսափելի հանձնարարությունները: Հետո հեռացել է այնտեղից, բայց երեկոյան զանգել է ընկերոջը: Հարցին՝ որտե՞ղ ես, ո՞նց է վիճակը՝ «նա հեռախոսը պահեց օդում, ասաց՝ դու ինքդ լսի: Իրոք, հեռախոսի մեջ լսվեցին կրակոցների, նռնակի պայթյունի ձայներ, գոռուն, գոչյուն, աղաղակ, եւ մի տեսակ մեծ ցանկություն առաջացավ տեղում տեսնել այդ ամենը»:

Արդյոք այս ամենը գրվել է քննիչի՞ հուշարարությամբ՝ չենք կարող պնդել, սակայն վկան իր ձեռքով մի այսպիսի նախադասություն է գրել. «Շարունակելով ցուցմունքս՝ հուշում եմ, որ քանի կենտրոնական մասում բազմաթիվ ոստիկաններ կային…»:

Մեղադրական եզրակացության մեջ նաեւ այսպիսի պնդում կա, թե Սասուն Միքայելյանը հայտարարել էր, որ «պայքարելու են մինչեւ վերջ, ամեն գնով հասնելու են իշխանափոխության, պահանջել է ցանկացած պահի պատրաստ լինել վճռական քայլերի եւ պայքարի՝ ազատամարտիկներին կոչ անելով իշխանություններին ցույց տալ, թե ովքեր են իրական կռվողները, ցույց տալ ուժը եւ ապացուցել դա»: Նախաքննության մարմնի համար նման մեղադրանքի հիմք է ծառայել Չարենցավանի քաղաքապետարանի մի մասնագետի վկայությունը: Վերջինս հանրահավաքներում Սասուն Միքայելյանի ելույթներից հիշել է հետեւյալը. «Նա քննադատում էր Վահան Հովհաննիսյանին՝ ասելով, որ նա բոլոր երկրապահներին վիրավորել է, նրանց անվանելով ասֆալտի ֆիդայիներ: Սասունը այդ ելույթի ժամանակ հայտարարում եւ կոչ էր անում երկրապահներին, որ պետք է ցույց տալ այս իշխանություններին, թե նրանցից ով է ասֆալտի ֆիդայի եւ ով է իսկական կռվողը: Այսինքն՝ նա ասում էր, որ իշխանություններին պետք է ցույց տալ մեր ուժը, եւ եթե պետք է՝ կռվով ապացուցել դա»: Մինչդեռ փետրվարի 16-ի հանրահավաքում Սասուն Միքայելյանի այդ ելույթն ամբողջությամբ հրապարակվել է մամուլում, եւ կարող ենք հիշեցնել, թե ինչ էր նա ասել. «Սիրելի ժողովուրդ, ես չէի ուզում ելույթ ունենալ, բայց մի հարցի շուրջ պարտավոր եմ խոսել: Պարզվում է, որ նախորդ հանրահավաքում «Ոգու փորձության» հայտարարությունը մթագնել է որոշ մարդկանց հիշողությունը, եւ օրինակ՝ ՀՅԴ թեկնածու ընկեր Վահանը մեզ համարում է ասֆալտի ֆիդայի: Մի մեջբերում. Շուշիի ազատագրման օրը ես ծանր վիրավորվել եմ՝ ստանալով 107 բեկորային վնասվածք, որոնցից 70-ը ես դեռ կրում եմ իմ մարմնում: Բժշկական տերմիններով դրանք կոչվում են օտար մարմիններ, սակայն վստահեցնում եմ ձեզ, որ այդ բեկորներն ինձ համար ավելի հարազատ են, քան այս իշխանությունը մեր ժողովրդի համար: Էթիկայի կանոններից ելնելով՝ հաղթանակ եմ մաղթում: Ինչ վերաբերում է ընկեր Վահանին, խորհուրդ կտամ ստամոքսի մասին մտածողներին փնտրել իշխանական կերակրատաշտի մոտ, միմիայն այնտեղ: Իսկ ասֆալտի ֆիդայիներին՝ ամենաթեժ օրերին` 93-94 թթ. այս նույն հրապարակը վրանային ավան դարձրած ընդդիմություն խաղացողների շարքերում»: Եվ ելույթի վերջում էլ ասել էր. «Դիմում եմ բոլոր ազատամարտիկներին, մեր որձերին: Փետրվարի 19-ին եկեք յուրաքանչյուր տեղամասում 10-15 պինդ տղաներով կանգնենք՝ այդ հաղթանակը ամեն տեսակի ոտնձգությունից զերծ պահելու համար: Մեծարգո պարոն Տեր-Պետրոսյան, մենք ձեր տարած հաղթանակից ոչ մի ակնկալիք չունենք: Ուզում ենք՝ վերադարձնեք մեր պատիվն ու ազատությունը»:

Ըստ այդմ՝ մեղադրական եզրակացության համար հիմք է դարձել ոչ թե Սասուն Միքայելյանի իրականում ասածը, այլ այդ ելույթի կամայական մեկնաբանությունը՝ ըստ նպատակահարմարության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել