Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ՝ ՉՆԱՅԱԾ ՀԵՐՔՈՒՄՆԵՐԻՆ

Դեկտեմբեր 06,2008 00:00

«Ժառանգություն» կուսակցությունը երեկ տարածած հայտարարությամբ մտահոգություն է արտահայտել Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին պաշտոնանկ անելու նպատակով Գյումրիում տեղի ունեցող վերջին խմորումների կապակցությամբ. «Համոզված ենք, որ դա բացահայտ պատվեր է, որով Գյումրիի տեղական իշխանություններն առնվազն ջանում են սաստել «անհնազանդ» բարձրաստիճան հոգեւորականին՝ խախտելով պետության եւ եկեղեցու տարանջատման վերաբերյալ ՀՀ Սահմանադրության հիմնարար դրույթներից մեկը: Այն, ինչ կատարվում է Գյումրիում, աննախադեպ ու անվայելուչ քայլ է, որն էլ ավելի կխորացնի իշխանություն-ժողովուրդ անջրպետը:

Շիրակյան գործընթացներն, ըստ էության, մեր երկրում իրականացված խայտառակ նախագահական եւ ՏԻՄ ընտրությունների տրամաբանական շարունակությունն են, դրանց յուրովի արձագանքը: Որոշ անհեռատես իշխանավորների թվում է, թե անիշխանության եւ ապօրինությունների բազմամյա այս ժամանակահատվածում մեր ժողովուրդն օտարվել է ոչ միայն երկրի աշխարհիկ իշխանություններից, այլեւ Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցուց՝ տեսնելով, որ իր բուռն ցասումների, համառ պայքարի պահերին հոգեւոր դասը, ցավոք, հիմնականում անհաղորդ է իր հոտի ցավերին ու հոգսերին: Ահա դրանից էլ փորձում են օգտվել տեղական իշխանիկները՝ հանձին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի: Պատճառն ընդամենը այն է, որ սրբազանը փորձեց կանգնել իրավազրկվածի, հալածյալի կողքին, այցելեց հացադուլավորին եւ բանտարկյալին, ինչն ամենեւին էլ քաղաքականություն չէ, այլ հոգեւորականի բնական ու բարոյական պարտք: Պահանջում ենք Գյումրիի քաղաքապետ Ղուկասյանից՝ դադարեցնել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի դեմ կազմակերպած ստորագրահավաքը, մյուս ոտնձգությունները»:

Հիշեցնենք, որ ինքը՝ Վարդան Ղուկասյանը հերքում է, որ նման ստորագրահավաք կա, եւ պնդում, թե ինքը չի ասել «որեւէ թթու խոսք սրբազանի նկատմամբ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել