Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսավոր կետը մե՞կն է

Դեկտեմբեր 06,2008 00:00

Ըստ «Ժառանգության» անդամ Ստեփան Սաֆարյանի՝ հելսինկյան հայտարարության մեջ միակ լուսավոր կետը ԼՂ հարցի կարգավորման ռազմական ճանապարհի բացառումն է:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը եւ Բեռնար Կուշները, նաեւ՝ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը, ԼՂ հակամարտությանը վերաբերող համատեղ հայտարարության մեջ ասում են. «Կոչ ենք անում կողմերին՝ առաջիկա ամիսներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ ջանքեր գործադրել հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցումն ավարտելու համար եւ այնուհետեւ ձեռնամուխ լինել դրանց հիման վրա հաշտության համապարփակ համաձայնագրի նախագծի մշակմանը»: Նախարարները կոչ են արել կողմերին՝ իրականացնել վստահության ամրապնդման միջոցառումներ՝ «սկսած հակամարտող կողմերի առաջավոր դիրքերից դիպուկահարների ետ քաշումից՝ քաղաքացիական անձանց եւ զինծառայողների կյանքի պահպանման նպատակով»: Հայտարարության մեջ նաեւ նշված է. «Մենք վերստին հաստատում ենք մեր վճռական կարծիքը, որ ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի, եւ կողմերին կոչ ենք անում հաստատել իրենց նվիրվածությունը խաղաղ կարգավորմանը»: Իսկ Մեթյու Բրայզան Հելսինկիում դարձյալ հերթական հայտարարությունն է արել եւ սովորության համաձայն՝ անմիջապես հերքել: Նախ հայտարարել է, թե խաղաղ պայմանագրի առաջին կետը պետք է վերաբերի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, հետո էլ հերքել է. «Ես չեմ ասել, որ տարածքային ամբողջականությունն առաջին կետն է: Ես ասել եմ, որ նախագահ Ալիեւը ցանկանում է, որպեսզի դա լինի փաստաթղթի գլխավոր սկզբունքը»:

Հելսինկյան այս եւ այլ բաների մասին երեկ ԱԺ աշնանային նստաշրջանի վերջին ճեպազրույցների ժամանակ լրագրողները փորձում էին ստանալ պատգամավորների մեկնաբանությունները: Ըստ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանի՝ այժմ «կիրառվում է փոքր պարտավորություններ կորզելու տեխնոլոգիան, այսինքն՝ յուրաքանչյուր մայրաքաղաքում ստորագրվում է ինչ-որ փաստաթուղթ, որն առաջ է տանում բանակցային գործընթացը»: Նա մտահոգիչ է համարում, որ այս հայտարարության մեջ եւս ԼՂՀ-ն չի դիտարկված որպես հակամարտության անմիջական կողմ, եւ միակ «լուսավոր կետը» տեսնում է այն, որ դատապարտվում է հարցի կարգավորման ռազմական ճանապարհը:

ԱԺ ՀՅԴ-ական փոխնախագահ Հրայր Կարապետյանի կարծիքով. «Այդ հայտարարությունը ուղղակի մեկ անգամ եւս հաստատում է մոսկովյան Հռչակագրի դրույթները: Ինձ զարմացնում են Մեթյու Բրայզայի իրարամերժ արտահայտությունները, սա առաջին դեպքը չէ, եւ կարելի է ռեկորդային համարել Բրայզային՝ իրարամերժ հայտարարություններ անելու իմաստով: Նման պատասխանատու գործիչը, որը ներկայացնում է այնպիսի գերտերություն, ինչպիսին ԱՄՆ-ն է, պետք է ավելի լուրջ վերաբերվի իր պարտականություններին, ցավոք սրտի, այդ լրջության բացակայության մեջ համոզվել ենք բազմիցս»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել