ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Մնացականյանը հենց այդ մոտեցումների կողմնակիցն է:
ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովն իր գոյության օրից անգործության է մատնված: Հիշեցնենք, որ այս տեղը կոալիցիոն պայմանավորվածությամբ ԲՀԿ-ինն է, եւ Գագիկ Ծառուկյանը այս հանձնաժողովի նախագահ «նշանակեց» նախ՝ Արեւիկ Պետրոսյանին, հետո, երբ վերջինիս տրվեց ԱԺ փոխնախագահի աթոռը, խիստ կարեւոր այս հանձնաժողովի նախագահի պաշտոնը գրեթե զոռով տվեց «Կարմիր խաչի» Մխիկին, նույն իրեն՝ ԲՀԿ-ի Մխիթար Մնացականյանին: Հանուն արդարության պետք է ասել, որ պարոն Մնացականյանը չէր ձգտում այդ պաշտոնին, մարդը մինչեւ վերջ դժգոհ էր, որ իրեն ղեկավարելու են տալիս մի ոլորտ, որից ինքը ոչինչ չի հասկանում: Հիշեցնենք նաեւ, որ այս տեղի համար «Ժառանգությունը» առաջարկել էր ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանին, բայց հաղթեց քաղաքական պայմանավորվածությունը:
Մեր փոքրիկ «հետաքննությունը» պարզեց, որ այս հանձնաժողովը իր գործունեության շուրջ մեկուկես տարվա ընթացքում հանդես չի եկել ոչ մի օրենսդրական նախաձեռնությամբ, մեկուկես տարում ընդամենը կառավարության ներկայացրած 4 իրավական ակտերի վերաբերյալ եզրակացություն է տվել, ոչ մի անգամ չի քննարկել կոնկրետ մարդու իրավունքների ոտնահարումներին առնչվող հարցեր: Վերջերս, կարծես, փորձում է ակտիվանալ, այն էլ՝ բոլորովին իրեն չվերաբերող հարցերում: Այսպես, կառավարությունը խորհրդարանին է ներկայացրել մի օրենք, որը կոչվում է «Քրեական-քաղաքացիական դատավարության վերաբերյալ» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծ»: Այս կարգի օրենքների ներկայացումը պետաիրավական հարցերի հանձնաժողովի լիազորությունն է, սակայն, մեր տեղեկություններով, վերոհիշյալ հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հրաժարվել է օրենքի նախագիծն այդ տեսքով դնել քննարկման, եւ այն սահուն անցում է կատարել դեպի Մարդու իրավունքների հանձնաժողով:
Օրերս մենք զրուցեցինք պարոն Մնացականյանի հետ: Առաջին հարցն այն մասին էր, թե նրա գլխավորած Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը երբեւէ քննարկե՞լ է մարդու իրավունքների ոտնահարման դեպքեր, օրինակ՝ լրագրողներին ծեծելու, իրավապահների կողմից մարդկանց խոշտանգելու եւ այլն: ԱԺ-ի «գլխավոր օմբուդսմենն» ի պատասխան նշեց. «Ասեմ, որ ցանկացած բռնություն պետք է դատապարտելի լինի, ցանկացած՝ լինի ժուռնալիստի նկատմամբ, չգիտեմ՝ մտավորականի նկատմամբ, ցանկացած բռնություն դատապարտելի է, ուրիշ խնդիր, որ, իհարկե, պետաիրավական մարմինները բարեխղճորեն պետք է ուսումնասիրեն եւ արժանի պատժի ենթարկեն ցանկացած բռնության հեղինակի: Ավելի ինֆորմացված չեմ, որպեսզի կարողանամ ասել: Ամբողջությամբ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի խնդիրների օրենսդրական մասով պարբերաբար ենթատեքստով անընդհատ գնում է, որ՝ ոչ բռնությանը, մարդ մարդու նկատմամբ մարդկային վերաբերմունք, իրավունքների ամբողջական եւ պարտականությունների իրար հետ ուղիղ զուգահեռ՝ կարողանալ համահունչ ստեղծել մեր բնակչության, մեր հասարակության համար: Քո իրավունքը ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է այլոց իրավունքը, եւ դու ունես պարտականություն եւ իրավունք: Ցավոք սրտի, շատ հաճախ մեր հայրենակիցները այդ երկուսի համադրությունը խախտելու դեպքում միշտ որոշակի ցնցումների կարող են հանգել»: Ընթերցողը պետք է նկատի ունենա, որ մեր զրուցակցի բոլոր պատասխանները ներկայացնում ենք առանց խմբագրման:
Հետո ուզեցինք հասկանալ՝ Մխիթար Մնացականյանը իր գլխավորած հանձնաժողովում (որի անդամն է, ի դեպ, «Ալրաղացի Լյովիկը), եթե չեն պաշտպանվում հաճախակի ծեծվող լրագրողների, մարտի 1-ին տուժածների եւ բազմաթիվ այլ պատճառներով զրկանքներ կրող մարդկանց իրավունքները, ո՞ւմ իրավունքն է պաշտպանում: Ի պատասխան՝ մեր զրուցակիցն ասաց. «Մեկ րոպե, ախր, տեսեք, ոչ թե չենք պաշտպանում, մեզ չի տրված այդ լիազորությունը, տրված է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, մեզ տրված է, նորից կրկնում եմ, օրենսդրական դաշտը (հիշենք, որ ոչ մի օրենսդրական գործունեություն հանձնաժողովը չի ծավալել- Մ. Ե.), այստեղ անելիքներ կան, այս լսումների միջոցով բոլորին հասկացնենք, որ, գիտե՞ք ինչ, ձեւեր կան, մեթոդներ կան, չի կարելի միանգամից … մենք էլ ազգայնորեն տաքարյուն ենք, երբ որ սեփական «ես»-ին է գործը հասնում, արդեն իրավունքը դառնում է ամենավերջին աստիճանը, եւ քաղաքակիրթ երկրներում երեւի այնտեղ էլ մենք այդ խնդիրները ունենք: Շատ դժվար է, որ մարդը զգա, որ իր իրավունքները ավարտվում են այնտեղ, երբ այլոց իրավունքն է սկսվում»:
Իսկ որպես մեր երկրի քաղաքացի պրն Մնացականյանը գոնե գիտի՞, թե ինչ վիճակում են մարդու իրավունքները Հայաստանում: ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պատասխանը հետեւյալն էր. «Մարդու իրավունքներին մի քիչ հարաբերական մոտեցում պետք է ունենալ: Պետք է հաշվի առնել երկրի սկիզբը, այսօրվա վիճակը, սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական, ես չգիտեմ՝ քաղաքաշխարհագրական, ամեն ինչը պետք է աչքի առաջ ունենալ, ամեն ինչը: Չեմ թաքցնում, մենք կլասիկ օրինակներ երբեք չունենք, ԱՄՆ-ի նման երկիրը, դուք գիտեք՝ ինչպիսի տարբերակ ունի, առանց դատի, առանց դատաստանի 270 հոգի բանտարկված է, կալանավորված է, այսինքն՝ հարաբերականություններ կան որոշակի: (Պարոն Մնացականյանը չհստակեցրեց, թե որ դեպքը նկատի ունի -Մ. Ե.): Ես նորից ասում եմ, երանի այն երկրին, որը հասել է այն զարգացվածությանը, որտեղ բնակիչները, մարդիկ իրենց իրավունքների սահմանը զգում են»: Չէինք կարող չհարցնել՝ ինչո՞ւ է հեռու գնում, մեզանում արդեն 7 ամիս մարդիկ ազատազրկված են առանց դատ ու դատաստանի: Ի պատասխան՝ ասաց. «Ես նորից կրկնում եմ՝ մեկ անձով, իշխանությունով չի, մենակ ժողովուրդը չի, դա ընդհանուր կոմպլեքս մոտեցում պետք է լինի, եւ պատահական չի, որ ես ասացի՝ պետք է հաշվի առնել երկրի աշխարհաքաղաքական, բարոյական պայմանները»: