Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՐԲԵՐԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ «ՓՈՍ ՓՈՐԵԼՈՒՑ»

Դեկտեմբեր 06,2008 00:00

\"\"Սամվել Բաբայանին հիշեցնելու բան կա

«Յուրաքանչյուրն իր համար փոս է փորում, ուրեմն՝ թող փորի: Երբ ինձ էին դատում, այդ մարդիկ նույն կեցվածքն էին ընդունել»,- նկատի ունենալով «Մարտի 1»-ի գործով ձերբակալվածներին՝ նախորդ օրը հայտարարել էր ԼՂՀ պաշտպանական բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, պատասխանելով լրագրողների հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում փաստին, որ արցախյան պատերազմի բազմաթիվ մասնակից ազատամարտիկներ այժմ գտնվում են անազատության մեջ եւ մեղադրվում են քրեական հոդվածներով: Պարոն Բաբայանի այս տեսակետին «Առավոտի» խնդրանքով երեկ անդրադարձավ իրավապաշտպան, ՀՀ քաղհալածյալների պաշտպանության կոմիտեի անդամ, նախկին քաղբանտարկյալ Վարդան Հարությունյանը: «Բոլոր այն մարդիկ, ովքեր պայքարում են Հայաստանի ժողովրդավարացման համար, ոչ թե իրենք իրենց համար փոս են փորում, այլ Հայաստանը դեպի ժողովրդավարություն տանող ճանապարհ են հարթում: Այդ ճանապարհն անվանել փոս… Իսկ այդ պայքարի ընթացքում բանտում հայտնվելը բոլորովին դատապարտելի չի, ընդհակառակը՝ հպարտանալու բան է, եւ բանտում գտնվող յուրաքանչյուր դատապարտյալ կարող է միայն հպարտանալ»,- ասաց նա: Մեր զրուցակիցը ցավում է, որ Սամվել Բաբայանը չի կարողանում տարբերակել քաղաքական պայքարը փոս փորելուց: Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանի նեղացկոտությանը, թե իր դատապարտման ժամանակ «այդ մարդիկ նույն կեցվածքն էին ընդունել», Վարդան Հարությունյանը հիշեցնում է. «Երբ նա դատապարտվում էր՝ ես իրավապաշտպան էի, ինչպես եւ այսօր, եւ պաշտպանել եմ նրան: Այցելել եմ մեկուսարանում, գնացել եմ դատավարական պրոցեսներին: Նաեւ՝ այսօր բանտում նստած շատերն են այն ժամանակ արտահայտվել հօգուտ Սամվել Բաբայանի եւ ընդդեմ նրա նկատմամբ անարդարացի դատավարության»: Վարդան Հարությունյանը հարկ համարեց ընդգծել նաեւ, որ՝ «բոլոր այն մարդիկ, ովքեր երբեւէ եղել են բանտում, որոշակի տարիներ այնտեղ մնալուց եւ դուրս գալուց հետո դառնում են շատ ավելի լայնախոհ եւ ազատամիտ: Դատելով Սամվել Բաբայանի պատասխանից՝ նա բանտից որեւէ դրական բան չի կարողացել ստանալ: Նա ուղղակի մնացել է բանտի պատերի ներսում՝ առանց այդ «դպրոցն» անցնելու: Ցավալի է»:

Մեկ այլ նախկին քաղբանտարկյալ՝ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, կարծում է, որ մարդն ինչ որ ասում է՝ պետք է վերաբերվի նաեւ իրեն. «Եթե Սամվել Բաբայանն ասում է՝ այդ մարդիկ ի՞նչ էին անում իմ վերաբերյալ, բայց չէ՞ որ ես իրեն այցելելիս չասացի՝ դու ի՞նչ էիր անում, երբ որ ես նստած էի»: Մեր զրուցակիցը դա ճիշտ մոտեցում չի համարում եւ գտնում է, որ երեւույթը գնահատելիս միշտ պետք է կարողանալ վեր կանգնել սեփական ընկալումներից. «Այլ բաներ չեմ ցանկանում ասել»: Պարույր Հայրիկյանից հետաքրքրվեցինք, թե ինչի կարող են հասցնել միմյանցից «մուռ հանելու» այս, թերեւս, մանկական դրսեւորումները: «Դա ողջունելի ճանապարհ չէ, բայց պատահում է նաեւ այնպես, որ մարդիկ երբեմն խոսում են պահի ազդեցության տակ: Ուզում եմ հավատալ, որ տվյալ պահին արտահայտած տեսակետը հիմնավորապես իրենց էությունը չի արտահայտում: Եթե ժամանակ ունենան խորհելու, վերլուծելու, արժեքները ի մի բերելու՝ երեւի մի քիչ ավելի անանձնական կարտահայտվեն: Դա հատուկ է բոլորին. չեմ ասում, որ ես նույն սխալներին կամ անձնական ընկալումներին ընդունակ չեմ»,- իրավիճակը մեղմելու փորձ արեց Պարույր Հայրիկյանը: Իսկ, ընդհանրապես, մեր զրուցակիցը լավատես է, մասնավորապես՝ քաղբանտարկյալների ազատ արձակման հարցում. «Մենք ունենք քաղբանտարկյալներ, բայց դրան զուգահեռ՝ սկսվեցին խոսակցություններ այն մասին, որ Հայաստանը կարող է դառնալ Եվրոպական միության ասոցիատիվ անդամ: Երեւի ԵՄ-ի լիարժեք անդամ դառնալու նախաշեմին Հայաստանն այնպես կանի, որ քաղբանտարկյալներ չի ունենա»: «Հայեր, դիմացեք, բան չմնաց, ընդամենը՝ 2000 տարի»,- հումորով եզրափակեց Պարույր Հայրիկյանը:

Սամվել Բաբայանի արտահայտած տեսակետը, մեղմ ասած, դուր չէր եկել քաղբանտարկյալների՝ հատկապես արցախյան պատերազմի մասնակիցների կանանց եւ հարազատներին: Սակայն երեկ «Առավոտի» հետ զրույցներում նրանք առայժմ ձեռնպահ մնացին պարոն Բաբայանին հրապարակավ պատասխանելուց՝ խոստանալով առաջիկայում դա անել ավելի փաստարկված: Իսկ մինչ այդ խնդրեցին փոխանցել, որ Սամվել Բաբայանի դատավարության ընթացքում իրենց ամուսինները՝ ի պաշտպանություն Բաբայանի, հրապարակային հայտարարություններով հանդես են եկել: Իսկ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը չցանկացավ անդրադառնալ պարոն Բաբայանի հայտարարությանը. «Ես մի սկզբունք ունեմ՝ մարտական ուղի անցած ընկերներիս հետ մամուլով բանավեճի չեմ մտնում»,- ասաց նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել