Դեկտեմբերի 3-ին ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցավ Արաբկիրի թաղապետարանի դեմ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» (ԻԱԿ) հարուցած հայցի նախնական դատական քննությունը՝ դատավոր Հովսեփ Բեդեւյանի նախագահությամբ: «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը 2008թ. հուլիսի 30-ին Արաբկիր թաղային համայնքից խնդրել էր տրամադրել հետեւյալ տեղեկությունը.
1. Արաբկիր համայնքին սեփականության իրավունքով քանի՞ բնակարան է պատկանում, որոնցում բնակվում են այն բնակիչները, որոնք չեն սեփականաշնորհել իրենց բնակարանները:
2. Խնդրում ենք հայտնել այդ բնակարանների հասցեները:
3. Արաբկիրի թաղապետարանը քանի՞ հայց է հարուցել սեփականության իրավունքով համայնքին պատկանող վերը նշված բնակարաններից բնակիչներին վտարելու պահանջով:
4. Ներկայացնել այդ դատական գործերի ելքի մասին տեղեկատվություն:
Թաղապետարանը 06.08.
2008թ. գրությամբ մերժել է հարցվող 4 տեղեկություններից 2-ի մասին տեղեկատվության տրամադրումը, այն է՝ տեղեկատվություն չի տրամադրել այն մասին, թե Արաբկիր համայնքին սեփականության իրավունքով քանի՞ բնակարան է պատկանում (այդ թվում՝ համայնքի հաշվեկշռում քանի՞ բնակարան է գրանցված), որոնցում բնակվում են այն բնակիչները, որոնք չեն սեփականաշնորհել իրենց բնակարանները, ինչպես նաեւ չի հայտնել այդ բնակարանների հասցեները:
ԻԱԿ-ը վերոնշյալ փաստերը հաշվի առնելով՝ ճանաչման եւ գործողության կատարման հայցով դիմել է դատարան: Պատասխանող կողմը՝ Արաբկիրի թաղապետարանի ներկայացուցիչ Գեղամ Կարապետյանը դատարանին չէր ներկայացրել հայցադիմումի վերաբերյալ իրենց առարկությունները: Գործի դատաքննությունը նշանակվեց դեկտեմբերի 19-ին: