Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ

Դեկտեմբեր 05,2008 00:00

«Ափ նետված ձկան նման»

Վերջերս կառավարությունն օրենք ընդունեց՝ դատական մարմինների ծառայողների աշխատավարձերը կրկնակի բարձրացնելու մասին, ինչը մշակութային գործիչներին մտահոգվելու առիթ տվեց: Երեկ «Հայելի» ակումբում այդ թեմայով խոսեցին Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանն ու Գ. Սունդուկյանի անվան թատրոնի դերասան Ազատ Գասպարյանը: «Վերջերս հանդիպեցի մի մարդու՝ իր որդու հետ, նա ինձ ասաց՝ գիտե՞ս, տղաս տիկնիկային ներկայացումները եւ ձեր թատրոնը շատ է սիրում: Ես հարցրի՝ իսկ դո՞ւք, ասաց՝ ես էլ, իհարկե: Հետո իմացա, որ նա բավական հայտնի մարդ է իր ոլորտում, դատական մարմնի ծառայող: Իսկ երբ իմացա դատավորների, դատախազների աշխատավարձերը բարձրացնելու մասին լուրը, դատական ծառայողը եւ առհասարակ բոլորը աչքիս դարձան Ստալին: Մշակույթի գործիչների աշխատավարձը նվազագույնի սանդղակից (30000 դրամ) չի անցնում: Մեզ սիրում են, պաշտում են, բայց երբ հերթը հասնում է աշխատավարձ բարձրացնելուն՝ մոռանում են,- նեղսրտեց Ռ. Բաբայանն ու շարունակեց:- Ես ոչինչ չունեմ բարձր աշխատավարձ ստացող իշխանավորների դեմ: Յուրաքանչյուրը ձգտում է իր ընտանիքը լավ պահել, բայց ինչքա՞ն պետք է թատերարվեստը եւ վերջինիս գործիչներն անուշադրության մատնվեն»:

Ա. Գասպարյանը գտնում է. «Այդ ամենը կարգավորողն ու կազմակերպողը պետք է պետությունը լինի: Այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում՝ արդեն հասել է վտանգավոր սահմանի: Եթե արվեստագետը ըստ արժանվույն չի գնահատվում, պարզ է, որ կվազի տարբեր շոուների, հաղորդումների, սերիալների ետեւից»: Ռ. Բաբայանը հավելեց. «Ուզում են դառնանք մուրացիկնե՞ր, ուզվորնե՞ր, սրա-նրա ետեւից վազողնե՞ր…»: Ա. Գասպարյանն ավելի պատկերավոր արտահայտվելու համար ասաց. «Պատկերացրեք, նույն մուտքում ապրում են դատախազ ու դերասան: Տվյալ բակում ապրող երեխան եթե տեսնի, որ դերասանը հազիվ հասցնում է իր գլուխը պահել, որ սովից չմեռնի, դատախազն էլ օր օրի գիրանում է, մեքենաներ է փոխում, ավտոտնակներ ավելացնում, ի՞նչ կուզի դառնալ այդ երեխան: Պարզ է՝ որ դատախազ… 20 տարի մենք ափ նետված ձկան նման հազիվ շնչում ենք, իսկ դատավորներն ու դատախազները ցոփ ու շվայտ ապրում են, դեռ խոսակցություններ էլ կան, որ ուզում են տասնապատիկ ավելացնել նրանց աշխատավարձերը»:

Լ. ՇԱՀԲԱԶՅԱՆ

Գառնիկ Անանյանի հիշատակին

Բարի, ընկերասեր, համարձակ, սիրելի ուսուցիչ՝ գրականագետ, հրապարակախոս, ԳԱԱ թղթակից անդամ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հիմնադիր-դեկան Գառնիկ Անանյանին այսպես են բնորոշում գործընկերները, ուսանողներն ու հարազատները: ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում հրապարակախոսի մահվան մեկամյա տարելիցի կապակցությամբ օրերս հուշ-երեկո էր կազմակերպվել: Մտերիմներն իրենց ելույթներով եւ հիշողություններով փորձեցին վերակերտել պարոն Անանյանի դիմանկարը: ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, առանձնացնելով մեծանուն հրապարակախոսի կյանքից հինգ դրվագ, պրոֆեսորին ներկայացրեց որպես իր երկրի բախտով ապրող, ազնիվ, հումորով անձնավորություն: Վերջին դրվագն էլ Գ. Անանյանի վատառողջության շրջանից էր, երբ կարծես կանխազգացել է իր վախճանը:

Հիմնադիր-դեկանի հիշատակին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Ժուռնալիստ» թերթում ուսանող-լրագրողների ջանքերով տեղ են գտել պրոֆեսոր Անանյանի կենսագրության տարբեր հատվածներ բացահայտող հոդվածներ: Դրանցից մեկում նրա տիկինը՝ Նեկտարը, պատմում է, թե որքան երկար էր ամուսինը նստում գրասեղանի առջեւ, անընդհատ որոնումների մեջ էր եւ չէր հանդուրժում ծույլ մարդկանց: Պրոֆեսոր Անանյանի մտերիմ ընկերներից բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Կիրակոսյանն էլ նշեց. «Սիրում էր հրապարակավ բանավիճել իր ընդդիմախոսների հետ: Հատկապես շատ էր ուրախանում, երբ լրագրությունը կշիռ էր ձեռք բերում հասարակության մեջ: Հիշում եմ՝ ինչպես մի անգամ կատակեցի, թե լրագրությունը մասնագիտություն չէ, շատ նեղացավ, մեր ընկերներից մի քանիսին էլ բողոքել էր… Հաջորդ հանդիպմանը ամեն ինչ հարթվեց բարեհոգի ծիծաղով»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել