Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ սառնասիրտ սպանություն

Դեկտեմբեր 05,2008 00:00

Դասախոս-խորհրդականը սպանություն կատարելուց հետո գնացել է համալսարան՝ դասի

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նոյեմբերի 24-ին «Սպիտակ ջուր» կոչվող տարածքում հայտնաբերվել էր 44-ամյա Վալերի Աղինյանի դիակը: Նույն օրը սպանության կասկածանքով ոստիկանություն բերման էր ենթարկվել Իջեւան քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Արտակ Ճաղարյանը, ով ԵՊՀ-ի Իջեւանի մասնաճյուղի տնօրենի խորհրդականն էր եւ համատեղության կարգով նաեւ դասախոսում էր բուհում:

Ի հայտ են եկել այդ սպանությանն առնչվող հետաքրքիր մանրամասներ, որոնք մեզ է տրամադրել ոստիկանության լրատվական ծառայությունը: Ըստ այդմ, Վալերի Աղինյանը, որը զբաղվում էր դրամափոխանակությամբ, դասախոսի կանչով եկել էր պայմանավորված վայրը եւ նստել Ճաղարյանի վարած ավտոմեքենան։ Մեքենան ընթացել էր քաղաքից դուրս տանող ճանապարհով, եւ այդ ընթացքում Ճաղարյանը փոխանակել էր տարադրամը։ Հասկանալով, որ Աղինյանի մոտ մեծ գումար կա՝ Արտակը պարտք էր խնդրել, սակայն մերժվել էր։ Եվ, ըստ Ճաղարյանի, հենց մերժումն էր պատճառը, որ վեճ ծագեց: Ապա ձեռքն ընկած պտուտակահանով Ճաղարյանը ավելի քան 40 անգամ հարվածել էր Աղինյանին։ Գիտակցելով, որ ուղեւորն անշնչացել է՝ տնօրենի խորհրդականը մեքենան ուղղել էր «Սպիտակ ջրի» ուղղությամբ։ Դիակը մեքենայից հանելուց հետո Ճաղարյանը քրքրել էր Աղինյանի գրպանները եւ գումարն ու բջջային հեռախոսը վերցնելով՝ բռնել հետդարձի ճանապարհը։

Ճանապարհին Ճաղարյանը գետն էր նետել սպանության գործիքը եւ Աղինյանի բջջային հեռախոսը։ Արտակը գնացել էր իշխող կուսակցություններից մեկի տարածքային գրասենյակ, որտեղ հասարակական հիմունքներով պաշտոնավարում էր որպես երիտասարդական թեւի նախագահ, ապա Աղինյանից հափշտակած գումարը թաքցրել հետնասենյակում։

Սպանության օրը Ճաղարյանի հաջորդ հանգրվանը հարազատ համալսարանն էր, որտեղ պարապմունք ուներ:

Սպանության փաստի առթիվ ոստիկանության Տավուշի մարզային քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Արտակ Ճաղարյանը կալանավորված է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել