Մինչդեռ կառավարությունը երկրաշարժի տարելիցի առիթով փառատոներ է կազմակերպում ու անտեղի գումարներ վատնում:
Ամենաթարմ տվյալներով՝ այսօր Գյումրիում 4 հազարից ավելի անօթեւան կա, որոնք ապրում են ծայրահեղ աղքատ պայմաններում: Նրանք արդեն 20 տարի քամու, անձրեւաջրերի, մկների ու առնետների հետ կռիվ են տալիս, ձմռանը ցրտից չսառչելու համար «չուլ ու փալաս» են վառում: «Դոմիկավորների» ապրելակերպը նույնիսկ ցնցել էր Եվրոպայի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին, որն անցյալ տարի այցելելով Գյումրիի ամենամեծ տնակային թաղամաս՝ Ավտոկայան, ապշած ասել էր. «Մտահոգիչ է, որ երկրաշարժից 19 տարի է անցել, բայց ՀՀ կառավարությունը դեռ չի լուծել մարդկանց նորմալ ապրելու տարրական պայմանները: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի պաշտպանված լինել անձրեւաջրերից ու առնետներից, ապրել՝ իր գլխի վերեւում կտուր ունենալով»:
Չնայած գյումրեցիների թշվառ վիճակին ու Համմարբերգի խիստ գնահատականին, ՀՀ կառավարությունն այս տարի որոշել է միլիոններ ծախսել ու հանդիսավորությամբ նշել երկրաշարժի 20-րդ տարելիցը, այն դեպքում, երբ հազարավոր գյումրեցիներ մինչ օրս բնակվում են «դոմիկներում»: Կառավարության 2008թ. հունիսի 12-ի թիվ 641-Ն որոշումը՝ «1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի 20-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագիր», Գյումրիում դժգոհության ալիք է բարձրացրել: Ուսումնասիրելով թիվ 641-Ն որոշումը, տպավորություն է ստեղծվում, թե փաստաթղթում տեղ գտած մշակութային միջոցառումները ոչ այլ ինչ են, քան փող լվանալու միջոց: Փաստաթղթից մեջբերենք մի քանի կետ: Օրինակ՝ երկրաշարժի քսանամյակի առիթով աղետի գոտու երեխաները «գիտաճանաչողական ուղեւորություններ են» կատարելու մայրաքաղաքի մշակութային օջախներով կամ մասնակցելու են Շիրակի ու Լոռու մարզերի տիկնիկային թատրոններում «Թումանյանական հեքիաթի օրեր» խորագրով փառատոնին: Այդ միջոցառումների համար կառավարությունը մշակույթի նախարարությանը բավականին մեծ գումար է հատկացրել՝ 4 միլիոն 20 հազար դրամ՝ երեխաների ուղեւորության, իսկ 4 միլիոն դրամ էլ տիկնիկային փառատոների համար: 10 միլիոն 862 հազար 600 դրամ էլ հատկացվել է քանդակագործության, նկարչության, լուսանկարչության «Սպիացող վերքեր» խորագրով մրցույթ-փառատոների կազմակերպման եւ մրցանակակիր ստեղծագործությունների շրջիկ ցուցահանդեսի կազմակերպման համար: Կամ, ասենք, 4 միլիոն 502 հազար 400 դրամ նախատեսված է «Երկրաշարժին հաջորդող անհետաձգելի փրկարարական աշխատանքները ներկայացնող գիտաճանաչողական ֆիլմի նկարահանման, ուսուցողական դասերը հանրապետության դպրոցներում կազմակերպման համար»: Ընդհանուր առմամբ, մշակութային այդ միջոցառումների համար մոտավորապես կծախսվի 200 միլիոն դրամ:
«Առավոտի» հետ զրույցում որոշ գյումրեցիներ այդ ծախսերը պարզապես անհեթեթություն էին համարում. «Գյումրեցիները «դոմիկներում» փտում են, իսկ կառավարությունը երկրաշարժի տարելից է նշում»:
Օրերս ՀՀ վաստակավոր արտիստուհի Սիրանույշ Ղուկասյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին նամակ է ուղղել՝ պահանջելով բացատրել, թե ի՞նչ փառատոների մասին կարող է խոսք լինել: Նա «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Կարո՞ղ են ինձ բացատրել, ինչո՞ւ 20-ամյա տոնակատարություն, «տոնակատարություն» բառը նախեւառաջ ինձ տանում է մահվան դուռն ու հետ բերում, մահը չի կարող լինել տոնակատարություն, մահվան հերոսացումը դա ուրիշ է, երբ զինվորը ընկնում է մարտի դաշտում եւ նրա մահը հերոսացվում է: Բայց տոնակատարություն անմեղ զոհերի՝ չեմ ընդունել եւ չեմ ընդունում, մանավանդ՝ պարերի խմբեր ու չգիտես ինչեր է լինելու: Սա պետք է լիներ 20 տարեկանների հավաք, եւ դա ոչ թե պետք է տոնվեր Գյումրիում, այլ Երեւանում, Սյունիքում, Տավուշում, Սեւանում, որ, տեսեք, գյումրեցիները 20 տարեկան են: Սա ուրիշ է, սա հոգու վերածնունդ է: Ես երկրաշարժի 19 տարին 20-ից չեմ տարբերում, 15-ից չեմ տարբերում, նույնիսկ առաջին տարին ու 20-ը չեմ տարբերում, որովհետեւ ինքս նոր եմ դուրս եկել տնակից եւ գիտեմ, թե ինչ է նշանակում տնակում երեխաներ ունենալ ու մեծացնել: Նոր գնած կահույքս վառել եմ, որպեսզի թոռնիկ մեծացնեմ, որ տնակների պատերին բռնած սառույցի լայնությունը, որը 6-7 սանտիմետր էր կազմում, մի քիչ հալեցնեմ: Ինձ էլ խենթ, էլ ամեն ինչ ասացին, բայց այսօր թոռնիկս 16 տարեկան է եւ առողջ է: Եթե էսօր քաղաքի վերջին տնակը այրված լիներ, մարդիկ դուրս եկած լինեին եւ որպես հիշողություն դրանք այրած լինեին, ես ինչ-որ տեղ կհասկանայի միջոցառումների իմաստը, ես փողոցը ծայրից ծայր պարելով կանցնեի, ասելով՝ հաղթեցինք ճգնաժամը, բայց երբ նայում ես՝ փողոցով անցնող գյումրեցիների դեմքից տխրությունը, վիշտը թափվում է: Խելագար ծախսեր են անում, բայց ինչի՞ համար, պատասխանը չեմ գտնում: Հասկանո՞ւմ եք, ոնց որ թե մարդուն ասեն՝ 20 տարի է անցել, հերիք է, վիշտդ առ-գնա: Վիշտը դեռ մեր տնակների մեջ է եւ այդտեղ ծնված երեխաներն են, ես շատ հաճախ եմ զրուցում բժիշկների հետ, հետագայում էդ երեխաները ինչ ցավերով ասես, որ չեն տառապում: Ես մահվան պարը չեմ հասկանում, ռազմական պարեր գիտեմ, բայց մահվանը՝ ոչ: Ես բնավ վատատես չեմ, բայց ապագայի լույսը չեմ տեսնում եւ խոսում եմ վիշտ տեսած գյումրեցիների անունից, որոնք քաղաքապետարանի ու մարզպետարանի դռներն են ծեծում բնակարանի համար»:
Ինչպես հեգնում են գյումրեցիները՝ «ծրագրում մնացել էր միայն «լռության րոպեի» դիմաց փող գրեին ու պրծնեին»:
Ու բոլորը միահամուռ նշում են, որ այդ 200 միլիոն գումարով կարելի էր գոնե տաս-տասնհինգ անօթեւան ընտանիքի բնակարանով ապահովել: