Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՊԱՍՏԵՑԻՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Դեկտեմբեր 05,2008 00:00

Երեկ «Մարտի 1»-ի իրադարձությունների ուսումնասիրման հասարակական հանձնախմբի հերթական քննարկման ժամանակ անդրադարձան միջազգային հանրության արձագանքներին: Զեկույցը ներկայացնող ՀՀ ԱԳ նախարարի նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը պնդեց, որ «փետրվարի 20-ի առաջին զեկույցում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գնահատականը հեռու էր անաչառ լինելուց, եւ դրա վկայությունն է մայիսի 30-ին հրապարակած ընտրությունների դիտարկման վերջնական զեկույցը, ուր շուրջ 20 էջը նվիրված էր նախընտրական շրջանում գրանցված խախտումներին: Եթե խախտումները գրանցվել էին մինչեւ ընտրությունների օրը, ի՞նչն էր խանգարում ընտրությունների հաջորդ օրը հրապարակած նախնական զեկույցում նշել դրանք»: Զեկույցի հեղինակների պնդմամբ՝ փետրվարի 20-ին հնչեցրած այդ գնահատականները հիմքեր տվեցին իշխանություններին՝ գնալու բռնությունների: Միայն մարտիմեկյան ողբերգությունից հետո միջազգային կառույցների գնահատականները կոշտացան: Մարտի 1-20-ն ընկած ժամանակահատվածում, ըստ զեկուցողի՝ միջազգային տարբեր կառույցների եւ պաշտոնյաների կողմից 6 անգամ շեշտվել է, որ ընդդիմության կազմակերպած հանրահավաքները եղել են խաղաղ, 13 անգամ՝ որ մարտիմեկյան իրադարձություններն ուսումնասիրելու համար անհրաժեշտ է կատարել անկախ, անկողմնակալ, հասարակության վստահությունը վայելող հետաքննություն, 20 անգամ կոչ է արվել երկխոսություն սկսել, 23 անգամ՝ դադարեցնել արտակարգ դրությունը, 16 անգամ ՀՀ իշխանություններին հորդորել են ազատ արձակել ձերբակալվածներին: Սակայն, ըստ հանձնախմբի, «մարտի 1-ի սպանդից 6 ամիս անց էլ այդ կոչերի ու հորդորների ուղղությամբ որեւէ քայլ, ըստ էության, իշխանությունները չեն կատարել»: Հանձնախումբը եզրահանգել է, որ միջազգային հանրության կողմից «հստակորեն ուղերձ է հղվում ՀՀ քաղաքացիներին, որ հենց նրանք պետք է գնահատական տան իշխանության գործունեությանը: Սա նշանակում է, որ ՀՀ քաղաքացիներից է կախված, թե ինչ գնահատական կտան միջազգային կառույցներն իշխանության գործունեությանը եւ ինչ դիրքորոշում կորդեգրեն նրա նկատմամբ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել