«Բջնի» հանքային ջրերի գործարանի աշխատակից Վալերիկ Գեւորգյանը վերջին 1 տարվա ընթացքում իշխանության ձեռքով գործարանը կործանման տանող գործողությունների դեմ իր եւ իր գործընկերների բողոքը հայտնելու համար հոկտեմբերի 30-ին իրազեկում էր ներկայացրել Երեւանի քաղաքապետարան խաղաղ հանրահավաք եւ երթ անցկացնելու վերաբերյալ: Քաղաքապետարանն ուղարկել է պատասխան գրություն, որով, ըստ էության, մերժվել է հանրահավաքի եւ երթի անցկացումը. «Քննարկման արդյունքում քաղաքապետարանը գտնում է, որ Ձեր կողմից իրազեկման մեջ նշված երթուղին մայրաքաղաքի ամենածանրաբեռնված մայրուղիներն ու փողոցներն են, որոնք հագեցված են տրանսպորտային բազմաբնույթ հանգույցներով, ինչպես նշված հատվածներում հետիոտն շարժուղին խիստ ծանրաբեռնված է, եւ Ձեր կողմից նախատեսվող միջոցառումն անցկացնելու դեպքում այն էապես կխաթարի Երեւանի բնականոն կյանքը, կառաջացնի խցանումներ եւ անանցանելի կդարձնի կենտրոնական փողոցները, բարդություններ ու խոչընդոտներ կառաջացնի քաղաքացիների ազատ տեղաշարժի, տրանսպորտի անվտանգ եւ անխափան երթեւեկության համար»: Ըստ «ՍԻԼ» կոնցեռնի երեկ տարածած հաղորդագրության՝ մերժման բովանդակությունը չի բխում «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքից, որով սահմանված են այն հիմքերը (12-րդ եւ 13-րդ հոդվածներ), որոնց առկայության դեպքում միայն քաղաքապետարանը կարող է մերժել զանգվածային միջոցառման անցկացումը:
Վալերիկ Գեւորգյանը նոյեմբերի 13-ին ներկայացրել է մեկ այլ իրազեկում: Սակայն Երեւանի քաղաքապետարանը կրկնել է նախորդ գրությունը: Այն բողոքարկվել է Վարչական դատարան, սակայն վերջինս մերժել է քաղաքապետարանի դեմ բերված հայցադիմումը:
Իրազեկում է ներկայացվել նաեւ 12.12.2008թ. հանրահավաք անցկացնելու թույլտվության խնդրանքով: Եվ ըստ «ՍԻԼ»-ի հաղորդագրության՝ քաղաքապետարանի «մերժման վերաբերյալ որեւէ պատճառաբանություն կարող է այլեւս այնքան անլուրջ թվալ, որ գործարանի աշխատողները գնան ինքնաբուխ հանրահավաքի»: