Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հաղթանակի ձեռքը կրա՞կն ենք ընկել»

Դեկտեմբեր 05,2008 00:00

«Նայում ես քաղաքական դաշտին, բոլորն ասում են՝ մի բան տանք-պրծնենք. կարծես հաղթանակի ձեռքը կրակն ենք ընկել»,-

երեկ «Հայացք» ակումբում խոսելով ԼՂՀ հարցի կարգավորման մասին՝ ասաց ԼՂՀ պաշտպանական բանակի նախկին

հրամանատար Սամվել Բաբայանը:

Նա չի կարծում, որ տարածքներ հանձնելով՝ հասնելու ենք ճանապարհների բացման, ուստի հեգնում է. «դե որ էդպես է՝ Երեւանն էլ հանձնենք»: «Որեւէ մեկը թող հույս չունենա, որ եթե ինչ-որ զիջումներ լինեն եւ ստորագրվի որեւէ համաձայնագիր, ապա վաղը հնարավոր է լինելու Բաքվով Մոսկվա գնալ: Առաջիկա 20-30 տարում նման բան չի լինի»,- համոզված է բանախոսը: Նաեւ՝ «Մի՞թե Հայաստանն այդքան հարուստ է դարձել, որ տարածքները հենց այնպես պատրաստ է հանձնել: Եթե չենք կարողանում օրինական պետություն կառուցել, վարել այնպիսի քաղաքականություն, որ տնտեսությունն իսկապես զարգանա, ապա ԼՂ հարցում զիջումներով այդ խնդիրները չեն լուծվի»: Սամվել Բաբայանը կողմ է «չափավոր» զիջումների: Օրինակ՝ «Մարտակերտի եւ Մարտունու շրջաններից կան տարածքներ, որոնք ադրբեջանցիների ձեռքին են, բայց, ենթադրենք, կարող է որոշվել, որ շատ անհրաժեշտ են մեզ: Այդ դեպքում կարող են լինել զիջումներ հանուն այդ տարածքների, այսինքն՝ կարող են լինել քարտեզի վերափոխումներ, ուղղումներ»: Տարածքը տարածքի հետ փոխանակելու տարբերակին նա դեմ է՝ «դա մեզ ձեռնտու չէ, եթե այդպես լինի, ապա ադրբեջանցիներն էլ մեր դիմաց կդնեն նման պահանջներ»: Իսկ, ընդհանրապես, Ս. Բաբայանի կարծիքով, փորձագետները, ռազմական հրամանատարները, երկրաբանները պետք է եզրակացություն տան ազատագրված տարածքների վերաբերյալ, ասեն, թե ինչ ռեսուրսներ, ինչ հնարավորություններ կան այդ տարածքներում եւ ինչ տարածքներ են, որ ոչ մի դեպքում չի կարելի զիջել, նոր միայն քաղաքական գործիչները ձեռնամուխ լինեն իրենց աշխատանքին: Խնդրի լուծումն, ըստ Ս. Բաբայանի, պետք է գտնել Ստեփանակերտի, ոչ թե Երեւանի հետ բանակցությամբ:

Մյուս բանախոսը՝ գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս) կարծում է, որ ԼՂՀ հարցի վերաբերյալ ներկայիս խոսակցություններն ու ակտիվությունը «բլեֆ» են, եւ հարկ չկա դրան լուրջ վերաբերվելու: Այս կարծիքին համամիտ են մյուս երկու բանախոսները: Իսկ, ընդհանրապես, Կոմանդոսը կարծում է, որ «ինչ կա ներկայում՝ այդպես էլ պետք է մնա»: ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն էլ պնդեց, որ ԼՂ խնդիրը փոխզիջումային լուծում չունի. պետք է մեկն ու մեկը զիջի, իսկ զիջման, ըստ Մելիքյանի, մղում են հայկական կողմին: Մինչդեռ՝ «պետք է հակամարտ կողմերը ռացիոնալ գտնվեն եւ հաշտվեն ներկայիս իրավիճակի հետ: Ազատագրված տարածքները ադրբեջանահայ փախստականների փոխհատուցում են: Ցանկացած փոխզիջում Հայաստանի պարտությունն է»:

Լրագրողները հարցրին՝ ինչո՞ւ հայկական զինուժը չկարողացավ ազատագրել Շահումյանը. դա դիտավորությո՞ւն էր, հանցավոր համաձայնությո՞ւն, Կոմանդոսը պատասխանեց. «1992-ին, երբ հայկական ուժերն ազատագրեցին Շուշին, բավական մեծ ռեսուրս գնաց այդ ուղղությամբ, եւ հյուսիսային ուղղությունը որոշակի թուլացել էր: Ադրբեջանցիները բավական մեծ ուժեր էին կուտակել այդ ուղղությամբ, պատրաստվել էին լուրջ հարձակման՝ ներգրավելով նաեւ այլազգի վարձկաններ: Այդ հանգամանքը մեր հետախուզության թերության պատճառով բաց էր մնացել ուշադրությունից: Վատ իմաստով դեր խաղաց նաեւ այն, որ որոշակի տարաձայնություններ էին առաջացել ՀՀՇ-ի, որ իշխանություն էր Հայաստանում, եւ ՀՅԴ-ի միջեւ»: Իսկ ըստ Սամվել Բաբայանի՝ երբ ազատագրեցին Մարտակերտը, Շահումյանն էլ ազատագրելու համար պետք էր եւս 3000 մարդ: Այդ մարդկանց բացակայությունն էր, ըստ նրա, պատճառը, որ մեր մարտունակ ուժերը չգնացին Շահումյանի ազատագրմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել