Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱԽԿԻՆ ՄԵՂԱԴՐՈՂԸ ՀԻՄԱ ԱՆԿԱԽ ՓՈՐՁԱԳԵՏ Է

Դեկտեմբեր 05,2008 00:00

\"\"Խոսքը «Փորձագետների փաստահավաք խմբում» կոալիցիայի ներկայացուցիչ Գեւորգ Թովմասյանի մասին է

Երբ «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող «Փորձագետների փաստահավաք խումբը» ձեւավորվեց, եւ նոյեմբերի 10-ին հայտնի դարձավ, որ իշխանությունն այդ խմբում աշխատելու է գործուղել 1999թ.-ից արդարադատության առաջին դասի խորհրդական, իրավաբան Գեւորգ Թովմասյանին, մամուլի առաջին արձագանքներից մեկն այդ նշանակման առնչությամբ թերահավատությունն ու կասկածն էր: Գ. Թովմասյանի կենսագրական թերթիկից հայտնի էր դարձել, որ նա 2007թ. նոյեմբերից մինչեւ 2008թ. հոկտեմբերի 20-ը, այսինքն՝ փաստահավաք խմբի ձեւավորման մասին ՀՀ նախագահի կարգադրությունից ընդամենը երեք օր առաջ, աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնում: Հայաստանյան չափանիշներով՝ սա վատ գործ կամ պաշտոն չէ: Բայց պարզվում է, որ Գ. Թովմասյանը աշխատանքից ազատվել էր «անձնական դիմումի համաձայն» եւ ՀՀ գլխավոր դատախազի՝ հոկտեմբերի 20-ի թիվ 209 հրամանով ուղարկվել էր «երկարամյա ծառայության կենսաթոշակի»: Նրա նշանակման հաջորդ օրն իսկ կային լուրջ կասկածներ, որ նրա՝ աշխատանքից ազատվելն ու փաստահավաք խումբ գործուղվելը պատահականություն լինել չէր կարող: Երեկ պարզվեց, որ այս կասկածներն ամենեւին էլ անհիմն չէին:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը երեկ Կոնգրեսի գրասենյակում հրավիրած մամուլի ասուլիսում հրապարակեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի՝ մարտի 7-ին ստորագրված մի փաստաթուղթ, որը, ինչպես նշված է՝ ցուցում է «2008թ. փետրվարի 19-ին կայացած ՀՀ նախագահի ընտրություններից հետո նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա մի խումբ համախոհների կողմից սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու փաստի առթիվ քննվող քրեական գործով»: Ութ կետանոց այդ ցուցումի կամ հանձնարարականի 8-րդ կետով գլխավոր դատախազ Հովսեփյանը փաստացի «Մարտի 1»-ի գործով հանձնարարել է՝ «համապատասխան ուղղություններով կատարվող նախաքննության օրինականության նկատմամբ անմիջական հսկողությունն ու դատավարական ղեկավարումը լիազորված է իրականացնել ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Գ. Ռ. Թովմասյանին»: Դ. Շահնազարյանն այս առնչությամբ նախ արձանագրեց՝ «սա նշանակում է, որ «Մարտի 1»-ի քրգործի, այդ թվում՝ «Յոթի» գործի անմիջական ղեկավարությունը իրականացրել է սույն անձնավորությունը», որը նաեւ առանձին դեպքերում քաղկալանավորների գործերով դատավարություններում հանդես է եկել որպես մեղադրող: Թե որքանով է իշխող կոալիցիայի կողմից փաստահավաք խումբ գործուղված այս անձնավորությունը անկախ եւ անաչառ, կարծում ենք՝ մեկնաբանության կարիք չունի: Դ. Շահնազարյանի դիտարկմամբ, դա անկասկած նախապես ծրագրված քայլ է: «Որեւէ մեկդ լսե՞լ եք, որ 43 տարեկան հասակում գլխավոր դատախազությունում բարձր պաշտոն զբաղեցնող մեկը իր սեփական դիմումի համաձայն գնա թոշակի»,- նկատեց Կոնգրեսի ներկայացուցիչը: Ըստ նրա՝ սրա բացատրության երկու տարբերակ կա. Թովմասյանին ստիպել են թոշակի անցնել վատ աշխատելու պատճառով, ինչը հարցականի տակ է դնում նրա պրոֆեսիոնալիզմը, իսկ որ ավելի ճշմարտանման է՝ նրան հատուկ են գործուղել խումբ՝ որպես այդ գործերին տիրապետող անձ, որը խմբում շարունակելու է կատարել Գլխավոր դատախազության եւ իշխանությունների հանձնարարականները, այդ թվում՝ խմբի ողջ գործունեությանը խոչընդոտելու հարցում: Դ. Շահնազարյանը փաստեց, որ իշխանական կոալիցիան փաստահավաք խումբ է գործուղել մեկին, որը որպես «Մարտի 1»-ի գործով նախաքննության օրինականության նկատմամբ անմիջական հսկողություն ու դատավարական ղեկավարում իրականացրած անձ, ինքը պետք է կանչվեր փաստահավաք խմբի կողմից եւ բացատրություններ տար: «Սա լրացուցիչ ապացույց է, թե ինչպիսին է իշխանությունների վերաբերմունքն ընդհանրապես այդ խմբի գործունեության նկատմամբ»,- հայտարարեց Դ. Շահնազարյանը՝ շեշտելով այդ գործերով կեղծ եւ շինծու, քրեադատավարական օրենսդրության կոպտագույն խախտումներով մեղադրանքներ առաջադրելու, դատական ապօրինի վճիռներ կայացնելու փաստը: Անդրադառնալով իշխանությունների կողմից փաստահավաք խմբի ստեղծման պատճառներին՝ ՀԱԿ ներկայացուցիչը համոզմունք հայտնեց, որ այն ստեղծվել է միջազգային հանրության աչքին թոզ փչելու եւ ցույց տալու համար, թե իշխանությունները ինչ-ինչ քայլեր են անում «Մարտի 1»-ը իրապես բացահայտելու համար եւ պատրաստ են դրա համար անգամ «անկախ» փաստահավաք խումբ ստեղծել, որն, իբր, կոչված էր փարատելու նախաքննական մարմնի, ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նկատմամբ հասարակության մեջ առկա անվստահությունը:

Վերադառնալով փաստահավաք խմբի անդամ Գ. Թովմասյանի կենսագրությանն ու բնութագրին՝ հիշեցնենք, որ նա դեռեւս մայիսին Երեւանի քրեական դատարանում պաշտպանում էր «Մարտի 1»-ի գործով «զանգվածային անկարգություններին մասնակցելու» մեջ մեղադրվող Գրիգոր Աղամալյանի մեղադրանքը: Մեղադրական եզրակացության մեջ նկարագրված էին այն գործողությունները, որոնց առիթով էլ հենց հարուցվել էր մեղադրանքը. «Աղամալյանը բարձրացել է Գրիգոր Լուսավորչի պողոտայի վրա կանգնեցված տրոլեյբուսի տանիքի վրա, չի ենթարկվել ոստիկանների պահանջներին»: «Դրանով, ըստ մեղադրող Գեւորգ Թովմասյանի, Աղամալյանը «հոգեկան հարկադրանք» է կիրառել ոստիկանների նկատմամբ»,- մայիսի 24-ին փոխանցել էր «e-channel.am»-ը՝ հավելելով, որ «դատական նիստի ընթացքում որեւէ կերպ հնարավոր չեղավ հասկանալ, թե ինչում եւ ինչպես է արտահայտվել կիրառված «հոգեկան հարկադրանքը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել