Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՆԴՈՒՆԴՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԵՐԿՈՒ ՑԱՏԿՈՎ

Դեկտեմբեր 05,2008 00:00

Եվրոպացի փորձագետները եւ Արմեն Աշոտյանը քննարկել են «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծն ու եկել են այն եզրակացության, որն այս նյութի վերնագիրն է:

ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկումների ժամանակ բավականին ակտիվ քննադատում էր օրինագծի որոշ կետեր, գրեթե ընդդիմադիր պատգամավորի կեցվածքով ելույթներ էր ունենում: Ի դեպ՝ ոչ միայն նա, այլեւ մի քանի այլ իշխանական պատգամավորներ: Սակայն օրենքն ընդունվեց բացարձակ մեծամասնությամբ: Երեկ Արմեն Աշոտյանի հետ զրույցում նրան փոխանցեցինք մեր այս դիտարկումները, նաեւ նկատելով, որ վերջերս ստեղծվել է զարմանալի իրավիճակ, երբ բոլորը, «դեմ ըլլալով», ժողովրդահաճո ելույթներ ունենալով, արդյունքում «կողմ» են քվեարկում այս կամ այն օրինագծին: Մեր հարցին՝ ինչո՞ւ է այդպես, հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Ձեր հարցի նման ձեւակերպումը կապում եմ թյուրիմացության հետ, որովհետեւ, եթե ուշադիր հետեւել եք քննարկումներին, ապա կտեսնեք, որ կոնկրետ իմ առաջարկը եւ հանձնաժողովի անունից արված առաջարկները նախարարն իր եզրափակիչ ելույթում ընդունեց եւ ասաց, որ համաձայն է օրենքի առաջին հոդվածը շարադրել մեր առաջարկի հիման վրա: Ես անձամբ կողմ եմ քվեարկել՝ հաշվի առնելով արդարադատության նախարարի խոսքը»: Ըստ Արմեն Աշոտյանի՝ եթե ինքը կամ այլ իշխանական պատգամավորներ հանդես են գալիս որեւէ հարցի քննադատությամբ, դա չի նշանակում, որ հանդես են գալիս ընդդիմադիր դիրքերից. «Քննադատությունը կարող է եւ պետք է լինի ցանկացած դեպքում՝ որպես քննարկման բաղկացուցիչ մաս, քննադատելը քննարկումների էլեմենտ է, ու դա կարող է լինել ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր պատգամավորի կողմից: Մի տարբերությամբ՝ ընդդիմադիր պատգամավորի քննադատությունն ունի քաղաքական ենթատեքստ, մերը՝ գործնական ենթատեքստ»:

Պարոն Աշոտյանը տեղեկացրեց, որ օրերս իրենց հանձնաժողովում ակտիվ քննարկումներ են ընթացել Եվրոպայի խորհրդի երեք փորձագետների հետ, եւ արդյունքում հայ պատգամավորները եվրոպացիներին համոզել են, որ «ազգային փոքրամասնությունների լեզուներով հաղորդումների համար եթեր տրամադրելու անվան տակ հնարավոր է, որ եթերը ողողվի մեր երկրի հեռուստալսարանի համար երկրորդ ամենաընդունելի լեզվով՝ ռուսերենով: Որոշեցինք ամրագրել ավելի ճիշտ դրույթ, որ այդ վտանգը մենք չունենանք»: Այսօր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները Արմեն Աշոտյանի հետ հանձնաժողովում քննարկելու են օրենքի՝ իրենց վերաբերող դրույթը, եւ հանձնաժողովի նախագահը վստահ է, որ առաջին հերթին պետք է լսել հենց նրանց տեսակետը. «Իմ տեղեկություններով, անգամ այդ մեկ ժամը, որը տրամադրվելու է փոքրամասնություններին, հնարավոր չէր լինելու լիարժեք օգտագործել, որովհետեւ համայնքների մեծ մասը չգիտի իր մայրենի լեզուն կամ՝ չգիտի այնքան, որ հեռուստահաղորդում կազմակերպի»:

Արմեն Աշոտյանի հետ զրույցում անդրադարձ եղավ նաեւ «Ա1+»-ին եթեր վերադարձնելու հարցին, եւ «Առավոտն» ուղղակի հարցրեց, թե Արմեն Աշոտյանը՝ որպես հանձնաժողովի նախագահ, ինչո՞ւ հանդես չի գալիս օրենսդրական այնպիսի փոփոխությունների առաջարկով, որոնց ընդունվելու դեպքում հնարավոր կլինի «Ա1+»-ը վերադարձնել եթեր, ի վերջո՝ մեր երկրում իշխանություն է փոխվել, եւ այլեւս չկա այն իշխանությունը, որը փակեց «Ա1+»-ը: Հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Ես ուզում եմ փարատել ձեր մտահոգություններն ու ասել, որ գործող իշխանությունը, ես եւ մեր հանձնաժողովը՝ որպես այդ իշխանության ներկայացուցիչներ, Եվրոդատարանի որոշումից հետո, որը նաեւ կա ԵԽԽՎ 1620 բանաձեւում, լրամշակել ենք այն օրենսդրական փաթեթը, որը պատրաստ էր դեռ 1609 բանաձեւից հետո եւ ներառել ենք նաեւ խնդիրները, որոնք մատնանշված են ԵԴ վճռով եւ 1620 բանաձեւով: Մենք իրավական պետություն ենք ուզում դառնալ, այդ ճանապարհին ենք: Մեկ անգամ, փաստորեն, ԵԴ միջոցով ճանաչվեց, որ «Ա1+»-ի մրցութային պարտությունները հիմնավորված չէին, ուզում եք, որ մենք նորից իրավախախտումներ անե՞նք»: Ասելով, որ մեր զրուցակիցը ճիշտ չի հասկացել հարցը, կոնկրետացրինք՝ ուզում ենք, որ օրենսդրական համապատասխան փոփոխությունների արդյունքում հնարավորություն ստեղծվի «Ա1+»-ը եթեր վերադարձնել: Աշոտյանն, առանց մասնավորեցնելու, ասաց. «Օրենսդրական նախաձեռնությունը պատրաստ է գրեթե 90%-ով, խոսքը չի գնում «Ա1+»-ի մասին. նրա օրինակն աչքի առաջ ունենալով՝ մենք պետք է բարելավենք արտոնագրերի տրամադրման կարգը, այն դարձնենք մաքսիմալ հաշվետու եւ թափանցիկ, եւ ՀՌԱՀ-ի կայացվելիք որոշումներն այսուհետեւ պետք է լինեն խիստ հիմնավորված, հիմնված որոշակի չափորոշիչների վրա: Սա դեռ նախագիծ է, որը երեք օրերի ընթացքում շատ ուշադիր քննարկվել է եվրոպական երեք փորձագետների եւ ԵԽ երեւանյան գրասենյակի ղեկավարի հետ: Հուսով եմ, որ այդքան մանրակրկիտ քննարկած օրինագիծը, որն ընդգրկված է մեծ օրակարգում, դրական եզրակացությամբ, շուտով կքննարկվի խորհրդարանի դահլիճում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել