Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դադարեցրե՛ք իշխանության չարաշահումը

Դեկտեմբեր 04,2008 00:00

Երեկ 13 հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ: «Մենք՝ ներքոստորագրյալներս, խիստ մտահոգված ենք այն փաստով, որ ժողովրդավարական գործընթացները վերականգնելու նվազագույն պահանջները, որոնք շարադրված են ԵԽԽՎ թիվ 1609 եւ 1620 բանաձեւերում եւ որոնք հրատապ են ճանաչվել ՀՀ կառավարության կողմից, չեն իրականացվել, փոխարենը՝ իշխանությունների կողմից նոր սահմանափակումներ են կիրառվում… Հյուրանոցների, կինոթատրոնների եւ բիզնես-կենտրոնների համար սովորական է դարձել ՀՀ կառավարության եւ առկա իրավիճակի հանդեպ քննադատական մոտեցում ունեցող քաղաքացիական հասարակության կազմակերպություններին տարածքի վարձակալման հարցում մերժելը: «Արմենիա-Մարիոթ», «Կոնգրես», «Անի պլազա» եւ այլ հյուրանոցներ, ինչպես նաեւ «Մոսկվա» կինոթատրոնը շարունակաբար մերժել են դահլիճի վարձակալությունը քաղաքացիական հասարակության կողմից անցկացվող միջոցառումների համար՝ դրանք պիտակավորելով որպես «քաղաքական»:

Որոշ հյուրանոցներ բացեիբաց ասել են, որ հրահանգ ունեն դահլիճները վարձով չտալ այնպիսի միջոցառումների համար, որոնք կարող են քաղաքական համարվել եւ ստիպված են զանգել «համապատասխան մարդկանց»՝ միջոցառումների «քաղաքական» լինելու բնույթը ստուգելու համար: Որոշները բանավոր ասել են, որ իրենց չի թույլատրվում դահլիճները վարձով տալ այդ կարգի նպատակների համար, սակայն իրենց գրավոր պատասխաններում նշել են այլ կարգի տարբեր արդարացումներ, ինչպես, օրինակ՝ տեխնիկական խնդիրները կամ դահլիճների զբաղված լինելը:

Դահլիճները վարձով չտալու համար գործարարների վրա գործադրված ճնշումը դուրս է իրավական որեւէ համատեքստից. մասնավոր ընկերությունների կողմից դահլիճները վարձով տալու գործընթացները կարգավորող որեւէ օրենք գոյություն չունի: Նման հակաժողովրդավարական դրսեւորումները նոր եւ լուրջ հարված են հասցնում ժողովրդավարությանը եւ շուկայական տնտեսությանը… Մենք կոչ ենք անում ՀՀ կառավարությանը՝ դադարեցնել իշխանության չարաշահումը, ինչը հակասում է ժողովրդավարական բոլոր նորմերին եւ ազատ տնտեսական համակարգին: Մենք նաեւ կոչ ենք անում բոլոր գործարարներին՝ տեղի չտալ իշխանությունների ճնշմանը, որի պատճառով ՀՀ քաղաքացիները զրկվում են հավաքների ազատության եւ խոսքի ազատության իրենց հիմնարար իրավունքներից…», ասված է հայտարարության մեջ, որի տակ ստորագրել են՝ «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբը, Երեւանի մամուլի ակումբը, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, «Ինտերնյուսը», Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ-ն եւ այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել