Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ

Դեկտեմբեր 04,2008 00:00

«Լսելու» ակումբ

Գեւորգ Քոչարի 4, Դրամատիկական թատրոնի հարակից տարածք: Սա է երեկ բացված «Ուլիխանյան» ակումբի հասցեն:

Այսուհետեւ «Ուլիխանյան» ակումբում կկազմակերպվեն մշակութային միջոցառումներ: «Առավոտը» հիմնադիր Մարտին Ուլիխանյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ ձեւաչափով է գործելու ակումբը: «Ի տարբերություն այլ ակումբների, մեր հիմնադրածում մարդիկ պարզապես լսելու են երաժշտություն, առանց ըմպելիք կամ ուտելիք պատվիրելու: Այստեղ չի հնչելու ռաբիս եւ «պապս» երաժշտություն: Կկազմակերպվեն հեղինակային երգի երեկոներ»,- հայտնեց մեր զրուցակիցը: Մեր այն դիտարկմանը, թե այժմ բազում ակումբներ կան, ինչո՞վ է պայմանավորված եւս մեկի ստեղծումը, Մ. Ուլիխանյանը պատասխանեց. «Մեր խումբը` «Ուլիխանյան կվինտետը», գործում է արդեն տասը տարի եւ հարմար վայր չէինք գտնում համերգներով հանդես գալու համար: Պատճառն այն էր, որ մեր եւ նմանատիպ խմբերի երաժշտությունը ջազ կամ այլ ակումբներում մատուցել հնարավոր չէ: Այս երաժշտության տակ հաց ուտել չի կարելի»: Հետաքրքվեցինք, թե Հայաստանում մե՞ծ է այն լսարանը, որն ունի այդպիսի մշակույթ: «Այդ առումով ռիսկի ենք դիմել: Գուցե կան՝ պարզապես թաքնվա՞ծ են»,- հնչեց պատասխանը:

«Ուլիխանյանում» առաջիկայում կկազմակերպվեն Վահան Արծրունու, Լիլիթ Պիպոյանի համերգները, ֆլամենկոյի, դասական երաժշտության երեկոներ: Կիրակիներն էլ նվիրված կլինեն երեխաներին: «Առավոտը» զրուցեց նաեւ երաժիշտ Վահան Արծրունու հետ: Նա նկատեց. «Ուլիխանյաններն այն բեռն են վերցրել իրենց վրա, որը մենք չհամարձակվեցինք անել: Ցավոք, Հայաստանում նման ակումբներ չկան: Չեմ կարծում, որ այստեղ դասական երաժշտություն լսելիս ինչ-որ մեկի մտքով կանցնի չալաղաջ կամ քյաբաբ պատվիրել: Երբ քաղաքը ապրում է գեղջկական արժեքներով, այն քաղաք չէ: Ըստ էության, չալաղաջներով եւ ռաբիսներով նույն ճաշարանները կան նաեւ գյուղերում: Ուստի քաղաքը քաղաքային մշակույթով է դառնում այդպիսին»:

Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դպրոցի շենքը վերանորոգվեց

Արագածոտնի մարզի Մաստարայի միջնակարգ դպրոցում երկար տարիներ որպես օտար լեզու դասավանդվել է ֆրանսերենը։ Երբ շվեյցարիացի մի խումբ զբոսաշրջիկներ Իռեն Շաբոյանի ուղեկցությամբ (ի դեպ, նա մաստարացու թոռ է) եկան դպրոց եւ հանդիպեցին ֆրանսերենի ուսուցչուհու (Ա. Մկրտչյանի) եւ աշակերտների հետ, որոշեցին վերանորոգել դպրոցի եռահարկ շենքը։

Այժմ, երբ մտնում ես դպրոցի բակը՝ ամեն ինչ իդեալական է՝ սկսած ճակատի նոր ճարտարապետական ձեւավորումից, թիթեղյա ծածկից, վերջացրած ներքին հարդարումով ու կահավորմամբ: Մնում է լուծել բակի ասֆալտապատման հարցը։

Սա մեծ նվեր էր մեր դպրոցին ու կոլեկտիվին՝ իր 100-ամյակի առթիվ։

Զ. ՎԱՐԴԱՆՅԱՆ Մաստարայի միջն. դպրոցի նախկին տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել