Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

64 ՎԱՆԴԱԿ

Դեկտեմբեր 04,2008 00:00

Գափրինդաշվիլու գավաթը՝ Հայաստանի՞ն

Դոպինգային սկանդալները թափանցում են նաեւ շախմատ:

Ինտերնետային կայքերը տեղեկացնում են, որ Դրեզդենում ավարտված համաշխարհային օլիմպիադայում խաղարկվող Նոնա Գափրինդաշվիլու գավաթը, որը շնորհվում է տղամարդկանց եւ կանանց պայքարում ընդհանուր լավագույն արդյունք ցույց տված երկրին, Ուկրաինայից ետ է վերցվելու եւ հանձնվելու է Հայաստանին:

Պատճառն այն է, որ Ուկրաինայի տղամարդկանց հավաքականի առաջատար Վասիլի Իվանչուկը եզրափակիչ՝ 11-րդ տուրից անմիջապես հետո, երբ նրա գլխավորած թիմը 0,5:3,5 հաշվով պարտվեց ԱՄՆ-ին, հրաժարվել է դոպինգ ստուգման ենթարկվել: Նույն լրատվամիջոցների փոխանցմամբ, ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովն այդ առիթով հայտարարել է, թե օլիմպիադայում Իվանչուկի բոլոր արդյունքները չեղյալ են հայտարարվելու, իսկ Գափրինդաշվիլու գավաթը հանձնվելու է տղամարդկանց եւ կանանց հավաքականների ընդհանուր հաշվարկով երկրորդ ցուցանիշն ունեցող Հայաստանին: Իսկ Վասիլի Իվանչուկին սպառնում է նաեւ երկու տարվա որակազրկում:

Հնդկաստան-Հայաստան՝ 7,5:4,5

Հնդկաստանի մայրաքաղաքում ավարտվեց շախմատի այդ երկրի եւ Հայաստանի մինչեւ 21 տարեկանների ընկերական մրցամարտը, որին յուրաքանչյուր թիմից մասնակցում էր չորս շախմատիստ: Հայաստանը ներկայացնում էին Զավեն Անդրիասյանը, Հրանտ Մելքումյանը, Ավետիք Գրիգորյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը: Խաղացված երեք տուրերում մեր տղաներից հաջող հանդես եկավ Ավետիք Գրիգորյանը, որն իր անվան դիմաց գրանցեց 2,5 միավոր: Այդուհանդերձ, Հայաստանի թիմը մրցամարտը տանուլ տվեց 4,5: 7,5 ընդհանուր հաշվով:

Հայաստանի հաղթանակը օրինաչափ էր

Շախմատի 38-րդ համաշխարհային օլիմպիադայի արձագանքները շարունակվում են: Դրեզդենում շախմատի Ռուսաստանի ազգային հավաքականի անդամ, գրոսմայստեր Ալեքսանդր Մորոզեւիչը, ի տարբերություն թիմի մարզիչների եւ ավագի, որոնք իրենց անհաջող մրցելույթների պատճառներից մեկը համարում են գրանցված պատահականությունները, կարծում է, որ Ռուսաստանը 5-րդ տեղը գրավեց նախ եւ առաջ նրա համար, որ իր թիմակիցները չկարողացան հաղթահարել հոգեբանական արգելքները: Իսկ անդրադառնալով Հայաստանի հաղթանակին՝ նա ասել է. «Այն, որ Հայաստանը երկրորդ անգամ անընդմեջ նվաճում է չեմպիոնի տիտղոսը, արդյունքի օրինաչափ լինելու վկայությունն է: Ես չեմ սիրում ամեն բան վերագրել բախտը չբերելուն: Այնպես որ, հարկավոր է լրջորեն զբաղվել ստեղծված իրավիճակով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել