Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԽՃՃՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

Դեկտեմբեր 04,2008 00:00

\"\"Տնօրենը մի բան է ասում, նախկին պահակը՝ մեկ ուրիշ

«Ձեր հարցադրումները՝ կապված աշխատանքային եւ կադրային խնդիրների հետ, հարկ է լուծել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»,- այսպիսի պատասխան է տվել մշակույթի նախարարությունը, երբ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի նախկին պահակ Ամրաստան Հարությունյանը նամակով տեղեկացրել էր նախարար Հասմիկ Պողոսյանին, թե ինչպիսի անտարբերությամբ է տուն-թանգարանի տնօրենը վերաբերվում իր աշխատողներին: Ա. Հարությունյանի դիմումը սեպտեմբերի 18-ի ամսաթվով է, մինչդեռ նախարարությունից նրան պատասխանել են 2 ամիս ուշացումով՝ նոյեմբերի 19-ին: Փաստորեն, պետական մարմինը ոչ միայն հստակ պատասխան չի տվել քաղաքացուն, այլեւ նրանից «ազատվելու» համար հղում անելով օրենքին՝ խախտել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջը, որտեղ պարզ ասվում է, որ գրավոր հարցման պատասխանը տրվում է 5-օրյա ժամկետում: Պատասխանը կարող է երկարաձգվել մինչեւ 30 օր, երբ լրացուցիչ աշխատանք կատարելու կարիք է զգացվում, սակայն դիմողին գրավոր տեղեկացվում է՝ նշելով հետաձգման պատճառը: Նախարարությունը ոչ միայն օրենքի տառը չի պահել, այլեւ իր համար նոր ժամկետ է «հորինել»՝ 2 ամիս: Ըստ Ա. Հարությունյանի. «Թանգարանի տնօրեն Հովհաննես Զատիկյանն ու հաշվապահը մեծ քանակությամբ «մեռած հոգիներ» են պահում… Օրինակ՝ մեր աշխատակից Մեխակը ձեւակերպված է եղել որպես բանվոր: Դրան զուգահեռ, ձմռանն էլ աշխատել է հսկիչ հնոցապան: Քիչ համարելով, թանգարանի տնօրենը Մեխակի տղային էլ է ձեւակերպել, կարծեմ՝ հնոցապան եւ նրա անունով աշխատավարձ են ստացել: Մեխակի տղան այլ ձեռնարկությունում աշխատել է վարորդ եւ այդ ընթացքում Ռուսաստանից Հայաստան վագոն- ավտոմեքենայով բեռներ է տեղափոխել: Այնուհետեւ Զատիկյանը որպես բանվոր է ընդունել ոմն Ռուբիկի: Հետո տեղափոխել է հնոցապան եւ որպեսզի բանվորի հաստիքը չկորչի՝ Ռուբիկի փոխարեն աշխատանքի է ընդունել նրա կնոջը: Ռուբիկի կինը ընդհանրապես չի աշխատել, որովհետեւ թանգարանի տեղն անգամ չգիտի: Ռուբիկին խոստացել էին, որ ձեւակերպված կնոջ աշխատավարձից իրեն էլ բաժին կհանեն, սակայն խեղճ մարդուն ոչ մի լումա չտվեցին: Այդ պատճառով Ռուբիկն ու տնօրենը կռվեցին ու այդ մասին նա պատմեց բոլորին: Արդյունքը եղավ այն, որ Ռուբիկին ազատեցին աշխատանքից»: Նրա խոսքերով, 2 տարի է՝ ինչ գործում է թանգարանի կաթսայատունը, սակայն տնօրենը շահույթ ստանալու նպատակով պատրաստի հնոցապան չի ընդունում աշխատանքի: Պարոն Հարությունյանի ասելով, Հ. Զատիկյանը մարդկանց գործուղում է սովորելու, այդ նպատակով պետությունից փող է փոխանցում նրանց համար, սակայն հնոցապանի վկայական ստանալուց հետո տնօրենը պահանջում է, որ առաջին ամսվա աշխատավարձը իրեն տան՝ պատճառաբանելով, որ իբր փողը ոչ թե փոխանցել են, այլ ինքն է իր գրպանից տվել: «Նույն ձեւով հնոցապանի վկայական եմ ստացել նաեւ ես եւ տնօրենին փող չտալու համար ազատվել հնոցապանի պարտականությունից: Այդ «եղանակով» ազատվել են նաեւ հնոցապաններ Վոլոդյան, Յուրան եւ Ռուբիկը: Հնոցապանները երեքն են, բայց Հ. Զատիկյանը պետության հաշվին 7 մարդ է գործուղել վկայական ստանալու, սակայն նրանցից Յուրան ընդհանրապես չի աշխատել: Հնոցապանները հենց պահակներն են եղել»,- ավելացրեց Ա. Հարությունյանը:

Այս առնչությամբ թանգարանի տնօրեն Հովհաննես Զատիկյանը մեզ փոխանցեց, որ իր նախկին աշխատակից Ռուբիկի կինը իրենց մոտ երբեք չի աշխատել, իսկ հնոցապան-բանվորների աշխատանքը եղել է սեզոնային՝ ձմռանը աշխատել են որպես հնոցապան, ամռանը՝ բանվոր: Ինչ վերաբերում է Ամրաստան Հարությունյանի բարձրացրած բազմաթիվ հարցերին, մշակույթի նախարարությունը նրան գրավոր պատասխանել է, որ դժգոհությունը տեղին չէ, եւ նրա տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում:

Հովհաննես Զատիկյանը մեզ վստահեցրեց, որ նախարարությունը հանձնաժողով է ուղարկել իրենց մոտ, ստուգումներն արդեն վերջացել են, արդյունքներն իրեն դեռ հայտնի չեն, սակայն վստահ է, որ որեւէ թերություն չի հայտնաբերվի: «Իրեն (նկատի ունի Ա. Հարությունյանին- Գ. Բ.) աշխատանքից ազատել եմ աշխատանքը լքելու եւ աղջկա ծնունդին գնալու համար: Նա, որ իմ մանկության ընկերն է, միշտ շատ վատ է աշխատել, իր փոխարեն ես եմ պահակություն արել»,- ասաց Հ. Զատիկյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել