Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մատաղիս-2

Դեկտեմբեր 04,2008 00:00

Վերջերս վերաքննիչ դատարանը երկու երիտասարդների՝ Ռաֆիկ Հարությունյանին եւ Ալիկ Մաթեւոսյանին դատապարտեց, համապատասխանաբար, 13 եւ 15 տարվա ազատազրկման:

Դատարանը որոշեց, որ Ալիկ Մաթեւոսյանը տնօրինել է Աղվան Հարությունյանի կյանքը, իսկ Ռաֆիկ Հարությունյանը նրան օժանդակել է: Արարքը որակվել է որպես խուլիգանական դրդումներով իրականացված սպանություն (ՀՀ Քրօրի 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետ):

Հանցագործությունը տեղի է ունեցել 2006թ. ապրիլի 28-ի լույս 29-ի գիշերը: Աղվան Հարությունյանին հաջորդ օրը գտել են ծառից կախված: Նախաքննության վարկածը, առանց էական փոփոխությունների, իր ամրագրումն է ստացել բոլոր 4 դատարաններում (Սյունիքի մարզի դատարան, ՀՀ քրեական վերաքննիչ դատարան, վճռաբեկ դատարան, նորից վերաքննիչ դատարան): Եվ դա այն դեպքում, երբ Ռ. Հարությունյանից ցուցմունքը կորզվել է ՌՈ-ում՝ դատավարական նորմերի կոպիտ խախտումով, առանց պաշտպանի մասնակցության, որից ինքը՝ Ռաֆիկը հրաժարվել է մեկուսարան մտնելու հաջորդ օրը: Ըստ այդ ցուցմունքի, Ռաֆիկը, իբր, ականատես է եղել Ալիկի գործողություններին եւ ինքն էլ օգնել է նրան՝ իրականացնելու իր հանցավոր մտադրությունները: Դատարանն ապացուցված է համարել այն հանգամանքը, որ Ռաֆիկն ու Ալիկը հանդիպել են իրենց զորամասի «խաչ» կոչվող վայրում, ժամը 22-ի սահմաններում, որտեղ էլ Ալիկը հայտարարել է Աղվանին կախելու իր նպատակի մասին: Դա հերքվում է բազմաթիվ ապացույցներով. Ալիկն ու Ռաֆիկը Աղվանին վերջին անգամ տեսել են ժամը 16-ի սահմաններում, զորանոցի ավագների սենյակում: Աղվանը եղել է վրդովված՝ իր եւ մայոր Սերգեյ Աբրահամյանի միջեւ ծագած անախորժության հետեւանքով: Աղվանին հանգստացրել են, նա էլ շնորհակալ դուրս է եկել սենյակից: Աղվանը դրանից հետո խոհարարից մի բրդուջ է խնդրել ու գնացել լոկատորների ուղղությամբ: Ժամը 20.30-ի սահմաններում նրան արդեն զորանոցում ոչ ոք չի տեսել: Ալիկն ու Ռաֆիկը սպաների եւ մյուս զինծառայողների հետ գնում են դեպի ՌԼՀ (Ալիկի ծառայության վայրը): Նշված վայրում հեռախոսներն արդեն բռնում են, եւ Ռաֆիկը մինչեւ ժ. 21-ը խոսել է հեռախոսով: Հետագայում իրենց հարազատների հետ խոսել են այլ զինծառայողներ, ովքեր գտնվել են նշված «խաչ» տարածքում կամ դեպի լոկատորներ տանող ճանապարհին: Սակայն նրանցից ոչ մեկը Ալիկին կամ Ռաֆիկին «խաչի» մոտ չեն տեսել:

Հետագայում, իբր, Ռաֆիկը ռազմական մեքենայի միջից հանել է պարան, մալուխ, աթոռ եւ դրանք տարել են անտառ: Այս գործողություններին նույնպես որեւէ մեկը ականատես չի եղել, թեպետ այդ մեքենաներում եղել են զինվորներ, իսկ դուռը բացվում է բավական մեծ դժվարությամբ եւ ճռնչալով ու դժվար թե որեւէ մեկը չլսեր այդ ձայնը: Այնուհետեւ գնացել են անտառ, Ալիկը մի հաստաբուն ծառի ճյուղին կապել է պարանը, հետո աթոռի վրա կանգնելով պարանի ծայրին օղակ է սարքել եւ հարմարեցրել իր պարանոցին:

Այն, որ գիշերով անտառ գնալը այնքան էլ անվտանգ չէ, պարզ է բոլորին: Արահետը, որով իբր անցել են Ռաֆիկն ու Ալիկը, մացառուտ է, դժվարանցանելի, ինչը պարզ երեւում է քննչական փորձարարության տեսաերիզից: Գիշերով այդտեղով անցնելը պարզապես անհնար է: Ինչեւէ, պարանը ոչ թե կապվել, այլ փաթաթվել է ծառի ճյուղին, այսինքն՝ Ալիկը նախօրոք տեղյակ է եղել, որ մի քանի գալարը կարող է պահել 100 կգ-անոց ծանրությունը: Ալիկը Աղվանից բարձր է (բոյով է) 16-17 սմ-ով: Այսինքն, իր պարանոցին հարմարեցված օղը Աղվանի համար պետք է որ կարճ լիներ: Հետագայում Ռաֆիկը գնացել է Աղվանին կանչելու եւ նրան անմիջապես հանդիպել է զորանոցի տարածքում, ասես Աղվանը հենց Ռաֆիկին է սպասել: Դարձյալ որեւէ մեկը նրանց չի տեսել, եւ Աղվանը համաձայնել է հողաթափերով խոնավ եղանակին Ռաֆիկի հետ անտառ գնալ: Առաջ անցնելով ասեմ նաեւ, որ Աղվանի գուլպաները չեն ցեխոտվել: Տեսնելով Աղվանին, Ալիկը ասել է՝ կամ ինքն է նրան կախում, կամ Աղվանն ինքն է կախվում: Եվ զարմանալի համարձակությամբ Աղվանը բարձրացել է աթոռին, պարանը վզով անցկացրել եւ ձեռքերը ցած իջեցրել: Ալիկն էլ ձեռքերը կապել է մալուխով: Որքան ընկճված պետք է լինի մարդ, որ անվերապահորեն համաձայնվի կախվելուն. դա հարցի հոգեբանական կողմն է: Իսկ թե ինչպես է կարճ պարանը հարմարեցվել Աղվանի պարանոցին, արդեն իրավապահների լուծելու խնդիրն էր:

Ըստ դեպքի վայրի զննության արձանագրության, պարանն ունեցել է 71 սմ երկարություն, որի ծայրին արված օղից կախված է եղել Աղվանը: Աղվանի հասակը 175 սմ է, իսկ ոտքերը գետնից բարձր է եղել 30-32 սմ: Ծառի ճյուղը գետնից բարձր է 275 սմ: Թվաբանական անճշտությունն արդեն որոշակի կասկած է հարուցում: Այդ ամենն ավելի է խորանում, երբ պարզվում է, որ պարանոցի ճմլման ակոսը եզակի է, մինչդեռ օղակի՝ պարանոցի վրայի ձախ կողմը եղել է երկակի: Ճմլման ակոսի եզրերը ծոծրակի շրջանում միանում են, մինչդեռ կախումը օղով խեղդելուց տարբերվում է հենց ճմլման ակոսի ոչ ամբողջական լինելով: Եթե ձեռքերը մալուխով կապված լինեին կենդանության օրոք, ապա դաստակների վրայի հետքերը շատ ավելի խորն ու ցայտուն կլինեին, մինչդեռ դրանք հազիվ նշմարվող ակոսներ են: Դեպքի վայրից գտնված երկրորդ կտոր մալուխը ձեռքերին կապված մալուխի հետ ունեցել է մեկ ամբողջություն եւ այն անջատված է եղել մեխանիկական ներգործությամբ (օրինակ՝ աքցանով), սակայն քննչական փորձարարության ժամանակ Ռաֆիկը ցույց է տալիս, թե ինչպես է, իբր, Ալիկը ջարդել մալուխը (մետաղալարը): Այնուհետեւ, իբր թե Ալիկը աթոռը հրել է, եւ Ռաֆիկը լսել է պարանի ձգվելու ձայնը… Սակայն աթոռը ոչ միայն չի ընկել, այլեւ 3 սմ-ով խորացել է գետնի մեջ: Աթոռի բարձրության (37 սմ) եւ Աղվանի ներբաններից գետնի հեռավորության (30-32 սմ) տարբերությունը 5-7 սմ է: Մինչդեռ այդ տարբերությունը 25-30 սմ-ից պակաս չէր կարող լինել: Այսպես. պարանը պետք է որ ազատորեն իջներ պարանոցին, այսինքն ավելի լայն լիներ, քան գլխի տրամագիծը: Գլխի պարագիծը պարանոցի պարագծից մեծ է առնվազն 20-22 սմ: Բացի այդ, պարանը, անշուշտ, ծնոտից ավելի վար պետք է իջած լինի, եւ ձգվելուց կերկարեր եւս մի քանի սանտիմետրով: Իսկ եթե հաշվի առնենք, որ պարանը կապված չէր, այլ փաթաթված եւ այն կարող էր ձգվել նաեւ գալարների հաշվին, ուրեմն սկզբնական շրջանում Աղվանը ծառի ճյուղից ցածր է եղել ընդամենը մի 40 սմ: Այս դեպքում Աղվանի ոտքերի տակ ոչ թե պետք է աթոռ եղած լիներ, այլ, ասենք, սեղան:

Բացի այդ, աթոռի ոչ նստելատեղին, ոչ կողքի ձողերին որեւէ մատնահետք կամ ոտնահետք չի հայտնաբերվել: Ավելին, նույնիսկ հողաթափերի տակ առկա հողի բաղադրությունը իր կարբոնատային կազմով տարբերվում է նույն վայրի (ծառի տակի) հողի բաղադրությունից: Ասել կուզե, որ Աղվանը այդ հողաթափերով վերջին անգամ այդտեղ կանգնած չի եղել: Գործը, իրոք, թերի է քննվում, եւ մեղավորներն էլ այդ 18-19 տարեկան տղաները չեն: Սակայն սա է ռեալ իրականությունը: Դատավարության արդյունքից գոհ չէ անգամ Աղվանի հայրը՝ Հարություն Հարությունյանը: Եվ այսպիսի դատական ակտերը կայացվում են հանուն Հայաստանի Հանրապետության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել