Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԽ ԿՈՆԳՐԵՍԻ ՆՈՐ ԲԱՆԱՁԵՎԸ

Դեկտեմբեր 04,2008 00:00

Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի մշտական հանձնաժողովը երեկ ընդունեց «Տեղական ընտրությունները Հայաստանում» բանաձեւ: ԵԽ կոնգրեսը մասնավորապես կոչ է արել, որ «Երեւանում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» օրենքի նախագծի վերջնական քվեարկությունն իրականացվի հնարավորինս շուտ, որ այն ուժի մեջ մտնի 2009-ի դեկտեմբերից ոչ ուշ:

Փաստաթղթում նշված է, թե պահպանվում է 2008-ի մարտի ողբերգական դեպքերի հետեւանքով առաջացած լարվածությունը եւ «վնասում այն մթնոլորտին, որը պահանջվում է տեղական ընտրությունների նորմալ անցկացման համար: Մասնավորապես՝ պահպանվում է անորոշությունն այն մարդկանց քանակի եւ ճակատագրերի վերաբերյալ, որոնք դեռեւս բանտերում են՝ այդ դեպքերից հետո: Ավելի՛ն, այն միջադեպերը, որոնք տեղի ունեցան սեպտեմբերի 7-ին կայացած ՏԻՄ ընտրություններում՝ ծառայում են նման լարված մթնոլորտի պահպանմանը»: Սեպտեմբերի 28-ի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ էլ նշվում է, թե այն լարվածությունը եւ թափանցիկության պակասը, որը դիտարկվել է առանձին ընտրատարածքներում՝ վնասել է Հայաստանում տեղական ժողովրդավարության զարգացման գործընթացին: ԵԽ դիտորդական պատվիրակությունը նկատել է, որ իշխող կոալիցիան ներկայացնող թեկնածուների պաստառներն ավելի լավ են ներկայացված եղել հանրային վայրերում: Նաեւ, որ թեկնածուների բողոքներից բխող միջոցներ ձեռնարկվել են բացառապես ընտրատեղամասերի նախագահների ցանկությամբ, եւ այդ պատճառով կասկածներ կան վեճերի քննարկման գործընթացների արդյունավետության նկատմամբ: Պատվիրակությունը որոշ ընտրատեղամասերում դիտարկել է «անորոշ նպատակներ» հետապնդող շատ մարդկանց ներկայություն, «ինչը չէր նպաստում ընտրությունների հանգիստ անցկացմանը»: ՀՀ իշխանությանը կոչ է արված այսուհետ հստակ որոշել տեղական դիտորդների կամ կուսակցությունների ներկայացուցիչների դերը քվեարկության ընթացքում, վերանայել ընտրական վեճերի քննարկման ընթացակարգը՝ այնպես, որ բոլոր թեկնածուները կարողանան պաշտպանել իրենց իրավունքները: Եվ վերջապես՝ առաջարկ կա, որ ապագայում երկրում բոլոր ՏԻՄ ընտրություններն անցկացվեն նույն օրը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել