Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թե ինչ եղավ, երբ նախարարը չգնաց Բաքու

Դեկտեմբեր 04,2008 00:00

«Նախաձեռնողական քաղաքականության» եւս մի դրսեւորում

Ինչպես երեկ արդեն հայտնել էինք, «Նովոստի-Ադրբեջանը» հաղորդել է, թե ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը Բաքվում ճեպազրույցի ժամանակ դժգոհություն է հայտնել, որ Հայաստանի մշակույթի նախարարը հրաժարվել է մասնակցել Բաքվում ԵԽ անդամ երկրների մշակույթի նախարարների խորհրդաժողովին: «Արմինֆոյի» տվյալներով, նախարարի մերժման պատճառն այն էր, որ, խորհրդաժողովի օրակարգի համաձայն՝ պետք է քննարկվեր «Ադրբեջանական հուշարձանների ոչնչացումը ՀՀ-ի եւ ԼՂ-ի տարածքում» թեման: Երեկ կառավարությանը հարցեր տալու առիթից օգտվելով՝ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ Հայաստանը չի մասնակցել Եվրախորհրդի կազմակերպած «Միջմշակութային երկխոսություն» միջոցառմանը: Պատգամավորը միաժամանակ տեղեկացրեց, որ Իլհամ Ալիեւ կրտսերի կողմից, բացման խոսքի ժամանակ, մի քանի անգամ փաստվել է, որ Հայաստանը ոչ միայն օկուպացրել է Ադրբեջանի 20 տոկոսը, այլեւ այն, որ ադրբեջանական ոչ մի հուշարձան չի պահպանվել Հայաստանի կողմից օկուպացված Ադրբեջանի տարածքներում: «Այսպիսի մոտեցումը թերեւս շատ բանով պայմանավորված է եղել նրանով, որ մենք ուղղակի մասնակցություն չենք ունեցել, եւ, մեզ հասած տեղեկություններով, Հայաստանը ուղղակի փաստել է, որ չի մասնակցելու տվյալ միջոցառմանը»,- եզրակացրեց Վ. Խաչատրյանը: Պատգամավորը խնդրեց, որ կառավարությունը պատասխանի այս հարցին՝ որքանո՞վ է այս մոտեցումը համադրելի «նախաձեռնողական հանդիսացող եւ այդպես անվանվող մեր արտաքին քաղաքականությանը»: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը տեղեկացրեց հետեւյալը. «Այս համագործակցության շրջանակներում մենք մշտապես, երբ միջազգային միջոցառումներ ենք անցկացրել Հայաստանում, ուղղակիորեն հրավիրել ենք ադրբեջանական կողմին: Եվ տեղեկություն ստանալուց հետո մենք սպասեցինք հրավերի, ու հրավերը գալուց հետո հանգամանքները փոխվեցին: Առաջին հերթին, հրավերը, որը ուղղված էր Եվրախորհուրդ, պարունակում էր ոչ պատշաճ արտահայտություններ հրավիրվող կողմին, որը մեր կողմից ընդունելի չէր, երկրորդ հերթին սկսեց շրջանառվել մի փաստաթուղթ, որտեղ կար մի տերմինաբանություն, որը եւս մեզ համար նոր էր, ընդհանրապես անհայտ, եւ ոչ մի ձեւաչափերում այդ փաստաթուղթը հայկական կողմից մշակված չէր: Եվ այդ իմաստով մենք որեւէ պարտավորություն չենք ունեցել, որովհետեւ մենք ի սկզբանե ոչ ասել ենք մեր մասնակցության մասին եւ ոչ էլ բացառել ենք մեր մասնակցությունը»: Այս պատասխանից հետո պատգամավոր Վարդան Խաչատրյանը փորձեց ավելի հստակեցնել. «Տիկին նախարար, խնդիրն այն չէ, թե ինչպիսի մոտիվներով մենք չենք մասնակցել, իմ բարձրացրած հարցը վերաբերում է նրան, որ մենք, ըստ էության, պայքարի մեջ ենք գտնվում հնարավոր բոլոր ճակատներում, մեր սպասարկած գիծը այստեղ, փաստորեն, մեր մշակութային արժեքների գենոցիդի խնդիրն է, որն այնտեղ ուղղակի կարող էր հակադարձվել, ինչպես նաեւ կարելի էր բարձրացնել բոլոր այն խնդիրները, որոնք իրականում գոյություն ունեն»: Նախարարը զարմանալի հանդարտ էր եւ ուղղակի հիշեցրեց, որ ինքը Բաքվում կայացած հանդիպումից այլ բան չէր էլ սպասում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել