Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՒՐԵՄՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍ ՎՃՌՈՎ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՀԱՂԹԵ՞Լ ԷՐ

Դեկտեմբեր 04,2008 00:00

\"\"Ինչպես են խեղաթյուրվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից:

ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 2-ին պաշտոնապես հրապարակեց «Մելտեքս ՍՊԸ-ն եւ Մեսրոպ Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը: Այն կայացվել էր 2008-ի մայիսի 27-ի դռնփակ նիստում, գրավոր ծանուցվել՝ հունիսի 17-ին, ուժի մեջ մտել՝ հրապարակման պահից 3 ամիս անց:

Վճիռը հրապարակելու հաջորդ օրն իսկ՝ այն ժամանակ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, արդարադատության փոխնախարար Գեւորգ Կոստանյանն ասուլիս հրավիրեց ու պաշտոնապես հայտարարեց. «Հայաստանն այս վճիռներով հաղթել է ավելի շատ, քան պարտվել»: ՄԻԵԴ-ը միաձայն (այդ թվում եւ՝ Հայաստանը ներկայացնող դատավոր Ալվինա Գյուլումյանը) վճռել էր, թե «Մելտեքս» ընկերության նկատմամբ, որի կազմում է «Ա1+»-ը՝ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի («Արտահայտվելու ազատություն») խախտում: Սակայն Գեւորգ Կոստանյանը պնդեց, թե այս ապացուցված խախտումը դեռ չի նշանակում, թե վճիռն ընդդեմ Հայաստանի է: Այս կապակցությամբ եւս մեկ անգամ հիշեցնենք սույն գործի պաշտոնական անվանումը՝ «Մելտեքս ՍՊԸ-ն եւ Մեսրոպ Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի»:

Մի քանի հիշեցում գործի հանգամանքներից, որոնք արտացոլված են նաեւ վճռում: 2002-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը մրցույթ հայտարարեց 37-րդ կապուղու համար, որը զբաղեցնում էր «Ա1+»-ը: Մրցույթին հայտ ներկայացրին նաեւ «Շարմ» եւ «Դոֆին TV» ընկերությունները: Վերջինիս մասին ասելու բան չկա՝ այն գրանցվեց այդ մրցույթից հազիվ մեկ ամիս առաջ, ու մրցույթից հետո «Դոֆինի» մասին այլեւս երբեք ոչ մի հիշատակում չեղավ: Ըստ այդմ՝ սույն ընկերությունը ստեղծվել էր հատուկ «Ա1+»-ի համար՝ իբրեւ պահեստային տարբերակ: Ինչ վերաբերում է գլխավոր տարբերակին՝ «Շարմ» ընկերությանը, ՄԻԵԴ վճռում մեջբերված են «Մելտեքսի» փաստարկները. «Հեռարձակման համար հայտի ներկայացման պահին նրա աշխատակիցներից որեւէ մեկը չուներ լրագրողի մասնագիտական փորձ, եւ ընկերությունը չուներ շենք, սարքավորումներ կամ ֆինանսական կամ տեխնիկական ենթակառուցվածք հեռարձակումը սկսելու համար»: Եվ «Շարմը» բավարար միջոցների բացակայության պատճառով՝ հեռարձակումը սկսելուց 9 ամիս, անց հեռուստաընկերության վերահսկիչ փաթեթը վաճառեց այլ իրավաբանական անձի:

Հունիսի 18-ի իր ասուլիսում եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը մրցույթի ահա նման հաղթող ճանաչելու եւ «Ա1+»-ին եթերից զրկող որոշման մասին նշել էր. «Ես չասացի, որ ՀՌԱՀ-ը չի նշել մերժման պատճառները: Ես ասացի, որ հստա՛կ չի նշել»: Թե իրականում ինչպես է պատճառաբանել ՀՌԱՀ-ն իր որոշումը՝ դարձյալ մեջբերված է ՄԻԵԴ վճռում: «Հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթում լավագույն կազմակերպություն չեք ընտրվել»,- մասնավորապես այսպես էր պատասխանում ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը 7 մրցույթներից ամեն մեկից հետո «Ա1+»-ի գրավոր խնդրանքներին՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 51 հոդվածի համաձայն՝ տեղեկացնել արտոնագիր տալը մերժելու հիմքերի մասին, տրամադրել պատճառաբանված որոշում: Իսկ ՀՌԱՀ-ի անգործության դեմ «Ա1+»-ի հայցերը Հայաստանի դատական համակարգը հերթով մերժում էր՝ «անհիմն լինելու» հիմքով:

Հայաստանի կառավարությունը ՄԻԵԴ-ին մի զարմանահրաշ արդարացում է ներկայացրել, թե «Մելտեքսը» տեղեկացվել է «մրցույթում չհաղթելու պատճառների մասին, քանի որ տեղյակ է եղել, որ հավաքել է ավելի քիչ միավորներ, քան մյուս մասնակիցները, եւ չի ճանաչվել հաղթող»: «Ա1+»-ն էլ հակադարձել է, թե այն, որ իր ներկայացուցիչները ներկա են եղել, երբ ՀՌԱՀ-ի անդամները ցուցադրել են իրենց գնահատականները՝ պատճառաբանված որոշման պատշաճ հանձնո՞ւմ է՝ ինչը, ընդգծում ենք, ՀՀ օրենսդրության պահանջ է: Եվ ոչ միայն. ՄԻԵԴ վճռում մեջբերված է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 2000թ. դեկտեմբերի 20-ի՝ հեռարձակման բնագավառում կարգավորող մարմինների վերաբերյալ հանձնարարականից. «Կարգավորող մարմնի կայացրած բոլոր որոշումները եւ ընդունված կանոնները պետք է պատշաճ կերպով հիմնավորված լինեն»: Ու վճռում նշված է. «Դատարանը գտնում է, որ արտոնագրման այն ընթացակարգը, որով արտոնագրող մարմինը չի պատճառաբանում իր որոշումները՝ պետական մարմնի կողմից խոսքի ազատության հիմնարար իրավունքին կամայական միջամտություններից բավարար պաշտպանություն չի ապահովում»:

Գեւորգ Կոստանյանը, որն այժմ ՀՀ նախագահի օգնականն է՝ հունիսին հայտարարում էր. «Դատավարության ընթացքում չի հաստատվել այն պնդումը, թե լիցենզիա չի տրամադրվել քաղաքական շարժառիթներով. պատճառը եղել է միայն իրավակիրառման ոչ ճիշտ պրակտիկան»: Մինչդեռ ՄԻԵԴ-ը «Մելտեքսի» դիմումի այս մասը, թե ՀՌԱՀ-ի որոշումները քաղաքական ենթատեքստ ունեին, քանի որ այն անկախ եւ անկողմնակալ մարմին չէր՝ դրա բոլոր 9 անդամները նշանակվել էին ՀՀ նախագահի կողմից, մերժել է միայն այս հիմնավորմամբ. «Դիմումատու ընկերությունը քաղաքական հայացքներից ելնող ենթադրյալ խտրականության եւ ՀՌԱՀ-ի անդամների նշանակման եղանակի հարցը չի բարձրացրել ներպետական դատարաններ դիմելիս: Այստեղից հետեւում է, որ դիմումատու ընկերությունը չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները»:

ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը նաեւ իրենց հաղթանակն էր համարել, որ դատարանը «Մելտեքսի» պահանջած չափով չի սահմանել փոխհատուցումը: Վճռում մեջբերված են կառավարության՝ այս առնչությամբ հակափաստարկները՝ նախ, որ պետք չէ տրամադրել ոչ նյութական, այսինքն՝ բարոյական վնասի փոխհատուցում. «Խախտման ճանաչման փաստն ինքնին բավարար փոխհատուցում կհանդիսանա»: Հետո, որ «Մելտեքսը» գործի մեջ ներգրավել է չափազանց մեծ թվով իրավաբաններ, «թեեւ գործն այդչափ բարդ չէր, որպեսզի արդարացներ այդ հանգամանքը»: Եվ այս առեւտրում մանրացել են այն աստիճանի, որ անգամ նշել են. «Ներպետական իրավաբաններին ենթադրաբար տրված ժամավճարը չափազանց բարձր է»: Այս ամենն ընթերցելով՝ ուղղակի խղճում ես մեր իշխանությանը՝ նման «պյուռոսյան հաղթանակի» համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել