Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՎԱԾ ՉԵՆ

Դեկտեմբեր 04,2008 00:00

Իսկ դա կարող է փաստահավաք խմբում ՀԱԿ-ի ու «Ժառանգության» ներկայացուցիչների համար «անհաղթահարելի խոչընդոտ» դառնալ:

«Մարտի 1»-ի դեպքերի առնչությամբ «Փորձագետների փաստահավաք խումբ» ստեղծելու մասին ՀՀ նախագահի ստորագրած կարգադրությունից հետո Հայ ազգային կոնգրեսը եւ ՀՀ խորհրդարանում ներկայացված միակ ընդդիմադիր կուսակցությունը՝ «Ժառանգությունը», հանդես եկան համատեղ հայտարարությամբ: Նրանք վերապահումով համաձայնեցին իրենց ներկայացուցիչներին գործուղել փաստահավաք խմբի աշխատանքներին մասնակցելու, բայց միեւնույն ժամանակ մի քանի պայմաններ մատնանշեցին, որոնք մեկամսյա ժամկետում չբավարարելու դեպքում ե՛ւ ՀԱԿ-ը, ե՛ւ «Ժառանգությունը» ետ կկանչեն իրենց ներկայացուցիչներին փաստահավաք խմբից:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» համոզմամբ, կարգադրությունը հակասում է ՀՀ Սահմանադրությամբ սահմանված ՀՀ նախագահի լիազորություններին, ապահովված չեն հետաքննության անկախությունը, թափանցիկությունը եւ վստահելիությունը, քանի որ փաստահավաք խմբում ներգրավված չեն միջազգային փորձագետներ՝ լիիրավ անդամի կարգավիճակով: Բացի այդ, խմբի աշխատանքը պետք է լինի դռնփակ, իսկ խմբի անդամներին արգելված է որեւէ տեղեկություն հայտնել լրատվամիջոցներին, խումբը դե յուրե չի ստեղծվում որպես անկախ մարմին, այլ ենթարկված է համապատասխան խորհրդարանական հանձնաժողովին, նաեւ՝ փաստահավաք խումբն, ըստ էության, զրկված է մարտի 1-ին պետական պաշտոն զբաղեցրած, այնուհետեւ պաշտոնաթող եղած անձանց պարտադիր ներկայանալու եւ պարզաբանումներ տալու հիմքով նիստերին հրավիրելու լիազորությունից: Այս հանգամանքներից բխող պայմանն էլ, հիշեցնենք, հետեւյալն էր՝ համապատասխանեցնել փաստահավաք խմբի գործունեության իրավական հիմքերը վերոնշյալ պահանջներին:

Փաստահավաք խմբում ներկայացված ընդդիմադիր ուժերի առաջադրած պահանջների կատարման համար սահմանված վերջնաժամկետը լրացել է դեռ դեկտեմբերի 3-ին: Արդյոք այդ պայմանները կամ դրանցից գոնե մեկ-երկուսը կատարվա՞ծ են, եւ արդյոք ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» շարունակելո՞ւ են ներկայացված լինել փաստահավաք խմբում:

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի ասելով՝ պայմաններից որեւէ մեկը այս պահին կատարված չէ: Ավելին, ՀԱԿ ներկայացուցիչը արձանագրեց, որ իշխանությունները փաստահավաք խմբի գործունեության հենց առաջին օրվանից սկսել են խոչընդոտներ հարուցել խմբի «բնականոն աշխատանքներին», այն է՝ պարտադրել են խմբի նիստերն անցկացնել ՀՀ ԱԺ շենքում, ուր մտնել հնարավոր է միայն մուտք գործողի անձնագրային տվյալները լրացնելուց հետո: Սրա արդյունքում իշխանությունների համար միանգամայն վերահսկելի, ուստի՝ նաեւ խոցելի են դարձել «Մարտի 1»-ի դեպքերի վերաբերյալ խմբին ինչ-ինչ փաստեր տրամադրող անձինք, թեեւ խմբի ձեւավորման մասին կարգադրության 10-րդ կետում շատ հստակ ասված է՝ «նիստերին հրավիրված ֆիզիկական անձինք կամ մասնավոր կազմակերպության ներկայացուցիչներն իրավունք ունեն պատասխանել հարցերին եւ տալ պարզաբանումներ: Նման դեպքում կազմվող արձանագրության մեջ չեն նշվում պարզաբանում, բացատրություն տված անձի ինքնությունը բացահայտող տեղեկությունները: Խմբի անդամները պարտավոր են գաղտնի պահել պարզաբանումներ տվող անձի ինքնությունը»:

Այս խոչընդոտը, Լ. Զուրաբյանի ասելով, եւս վերացված չէ, ու խումբը շարունակում է աշխատել խորհրդարանի շենքում: Այսուհանդերձ, ՀԱԿ ներկայացուցչի ասելով, Կոնգրեսը դեռ մի քանի օր էլ կսպասի՝ նկատի ունենալով, որ թեեւ համատեղ հայտարարությունից հետո մեկ ամիս անցել է, բայց խումբը փաստացի աշխատել սկսել է նոյեմբերի 11-ից: Ասել է թե՝ ՀԱԿ-ը խմբին առնչվող իր որոշումը կկայացնի առաջիկայում, իսկ որոշումը, թերեւս, համարժեք կլինի իշխանությունների քայլերին:

Իսկ ահա «Ժառանգությունը» երեկ իր վարչության նիստում արդեն քննարկել է այս հարցը: Մինչ այդ, սակայն, փաստահավաք խմբում այս կուսակցության ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը «Առավոտին» փոխանցել էր, որ համատեղ հայտարարությամբ առաջադրված պայմաններից, թերեւս, միայն մեկն է, որ այս կամ այն կերպ կարելի է լուծված համարել: Դա վերաբերում է միջազգային փորձագետների՝ խմբում ներգրավելուն: Տիկին Սաֆարյանի փոխանցմամբ, այդ հարցը քննարկվել էր վերջերս Երեւան ժամանած ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ, որը խոստացել էր «Ժառանգության» ներկայացուցիչներին աջակցել այդ հարցում: Ս. Սաֆարյանի ասելով, այս դեպքում միջազգային փորձագետներ կհրավիրվեն ոչ թե իշխանությունների, այլ խմբի, մասնավորապես՝ ընդդիմադիր ներկայացուցիչների կողմից:

Երեկ, ուշ երեկոյան, «Ժառանգության» վարչության նիստի ավարտից հետո կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը մեզ փոխանցեց, որ խնդրո առարկայի վերաբերյալ վարչությունը որեւէ որոշում առայժմ չի կայացրել՝ նկատի ունենալով, որ խմբի փաստացի գործունեության մեկ ամիսը դեռ չի լրացել եւ մինչեւ դեկտեմբերի 14-ը դեռ ժամանակ կա:

Կուսակցության վարչությունը միաժամանակ հանձնարարել է խորհրդարանական խմբակցությանը՝ ուսումնասիրել, թե առաջադրված պայմաններից որոնք են կատարվել կամ մասամբ կատարվել, որի հիման վրա էլ «Ժառանգությունը» կորոշի՝ շարունակե՞լ մասնակցել խմբի աշխատանքներին, թե՞ ոչ: Հ. Խուրշուդյանը դժվարացավ ասել, թե «Ժառանգության» որեւէ որոշում արդյոք կհամաձայնեցվի՞ ՀԱԿ-ի հետ, բայց շեշտեց, որ այս երկու ուժերը մշտական եւ պարբերական խորհրդակցություններ են ունենում այս հարցերի շուրջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել