Երեկ պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթեւագույն քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն, IBF/WBC/WBA վարկածներով չեմպիոնական գոտիների տիրակալ Վախթանգ (Վիկ) Դարչինյանը Ավստրալիայից ժամանեց Երեւան:
Բռնցքամարտի լեգենդ դարձած չեմպիոնին «Զվարթնոց» օդանավակայան դիմավորելու եկել էին նրա մեծաթիվ երկրպագուները, ընկերները, հարազատները: Վիկը, որ իր առջեւ նպատակ է դրել փետրվարի 7-ին ԱՄՆ-ում կայանալիք հերթական մենամարտում արագ նոկաուտի ենթարկել նաեւ WBC-ի ժամանակավոր չեմպիոն, մեքսիկացի Խորխե Արսեին, այս անգամ Հայաստանում սովորականի պես երկար չի մնալու: Որքան տեղյակ ենք, նա Հայաստանում անցկացնելու է առավելագույնը մեկ շաբաթ: Այդ ընթացքում նրան ընդունելու եւ բարձր պարգեւ է հանձնելու հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Այնուհետեւ Վախթանգը, սովորույթի համաձայն, իր հերթական հաղթանակի բերկրանքը պատրաստվում է կիսել հայ մարզասերների հետ:
Ժողովուրդը հպարտանում է իր հերոսներով: Նա հաղթանակների՝ տարիներ ձգձգված սպասման ծարավն այսօր հագեցնում է գլխավորապես սպորտի ոլորտում գրանցվող նվաճումներով:
Դիմավորման հանպատրաստից արարողությունը երեկ շատ ձգձգվեց: Ամեն մեկը ցանկանում էր մի բարեմաղթանք ասել Վախթանգին, որպես բարի հիշատակ՝ լուսանկարվել նրա հետ: Եվ քանի որ Վիկին այդ ժամանակ մոտենալ հնարավոր չէր, որոշեցինք զրուցել նրա ծնողների, այն մարդկանց հետ, ովքեր իրենց ներդրումն են ունեցել վերջին փառավոր հաղթանակի գործում:
ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանը բառացիորեն վերջերս իր հարազատ Սպիտակ քաղաքում Վախթանգ Դարչինյանի անվամբ բռնցքամարտի դպրոց հիմնադրելուց զատ, նաեւ հովանավորել է նրա՝ Քրիստիան Միխարեսի հետ մենամարտի նախապատրաստությունն Ամերիկայում: Պարոն Համբարձումյանը երեկ նույնպես «Զվարթնոց» օդանավակայանում էր. «Հպարտ եմ, որ նաեւ Սպիտակից սերվող Վախթանգը համոզիչ հաղթանակ տարավ մեքսիկացու նկատմամբ: Նրա անունը կրող մարզադահլիճը լիովին պատրաստ է, եւ բավականին թվով պատանի մարզիկներ արդեն անդամագրվել են: Վախթանգի մարզիչ Վազգեն Բադալյանի հետ պայմանավորվել ենք, որ նրա լավագույն սաներից մի քանիսը կդառնան մեր դպրոցի մարզիչներ: Սա նոր ծրագիր է, որը շարունակություն է ունենալու եւ նպաստելու է մեր քաղաքում ոչ միայն բռնցքամարտը, այլեւ ընդհանրապես սպորտը խթանելուն»:
Երկրպագու, իր ներկայանալը կարեւոր չհամարեց. «Ցանկացած ոլորտում Հայաստանի ձեռքբերումները մեզ երջանկություն են պարգեւում: Համոզված եմ, որ այսպես մտածում է ամեն մի հայաստանցի: Վախթանգի արածը, ինչպես մեր շախմատիստներինը՝ Դրեզդենում, հերոսություն է: Ամեն ազգ չէ, որ մեր այսօրվա երջանկությունն ապրելու պատիվն ունի»:
Իրենց զավակով հպարտ են նաեւ Վախթանգի ծնողները: Սակայն նրանց մեջ խոսում է նաեւ ծնողական զգացմունքը:
Ռուբեն Դարչինյան (Վիկի հայրը). «Բնականաբար, երջանիկ եմ: Բայց, անկեղծ ասած, չեմ ուզում, որ Վախթանգն այլեւս ռինգ մտնի: Բավական է: Նա արդեն երիտասարդ չէ: 33 տարեկան է դառնում: Ուզում եմ, որ ընտանիքով, իմ թոռնիկով ավելի շատ զբաղվի: Այս մասին շատ եմ խոսել նրա հետ: Չի լսում: Գուցե դո՞ւք կարողանաք համոզել»:
Տիկին Լեռա (Վախթանգի մայրը). «Եկել եմ որդուս դիմավորելու, բայց խոսելս չի գալիս: Մայրն այս ամենին այլ աչքով է նայում: Այդ հաղթանակները, չեմպիոնական գոտիները, տիտղոսները ինձ համար որեւէ նշանակություն չունեն: Ամեն անգամ, երբ որդիս ռինգ պետք է մտնի, սրտի անասելի ցավ եմ զգում: Նրա ոչ մի մենամարտ չեմ նայում: Սիրտս չի դիմանա»:
Վախթանգն այս ամենին այլ աչքերով է նայում: «Գիտեմ, որ ծնողներս ծանր են տանում: Այո, վաղուց ինձ համոզում են ձեռնոցներս պատին կախել: Բայց չեմ կարող: Դեռ անելիքներ ունեմ: Պատկերացնում եմ ամեն անգամ նրանց ապրածը: Բայց երբ զգամ, որ ռինգում ինձնից ավելի ուժեղ բռնցքամարտիկ կա, ինքս կամավոր հրաժեշտ կտամ ռինգին: Ասում են, թե տարիքս արդեն առնում եմ: Բայց հո տեսնում ու գործով ապացուցո՞ւմ եմ, որ 32 տարեկանում էլ թե իմ ֆիզիկականով եւ թե տեխնիկատակտիկական պատրաստվածությամբ գերազանցում եմ իմ երիտասարդ ընդդիմադիրներին»:
Վիկը նաեւ ասաց, որ իր ցանկությունը դեկտեմբերի 7-ին՝ Սպիտակի (վերջին մենամարտի ժամանակ նրա մարզավարտիքի գոտուն Սպիտակ քաղաքի անունն էր գրված) երկրաշարժի 20-ամյակի օրը, այնտեղ լինելն է եւ մահացածների հիշատակը հարգելը: