Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑԵՐ

Դեկտեմբեր 03,2008 00:00

\"\"Ստամբուլում անցկացված եվրոպական երկրների ազգային օլիմպիական կոմիտեների ղեկավարների հավաքին Հայաստանից մասնակցել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նախարարը «Առավոտին» պատմեց, որ քննարկվել են գալիք ձմեռային եւ ամառային օլիմպիական խաղերի նախապատրաստության եւ մասնակցության հետ կապված, ինչպես նաեւ այլ ընթացիկ հարցեր.

«Թերեւս, ամենակարեւորը 2010 թվականին Վանկուվերում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին առնչվող քննարկումներն էին, որի ընթացքում կազմակերպիչները մանրամասն ներկայացրին, թե տեղում հավաքականներն ինչպիսի՞ պայմաններում են ապրելու եւ մարզվելու, ի՞նչ դահլիճներում եւ մրցուղիներում է ընթանալու պայքարը: Երեւի տեղյակ եք, որ Հայաստանն այսօրվա դրությամբ երկու ուղեգիր ունի լեռնադահուկից: Հունվար ամսից սկսվելու են նաեւ մյուս մարզաձեւերի վարկանիշային մրցումները, որոնք շարունակվելու են մինչեւ 2009 թվականի վերջը: Հույս ունենք, որ Վանկուվերի օլիմպիական խաղերի մասնակիցներ կունենանք նաեւ մյուս մարզաձեւերից, այդ թվում նաեւ՝ բիաթլոնից: Թուրինի օլիմպիական խաղերից հետո, ՀԱՕԿ-ի եւ սպորտի պետական կառույցի որոշումով, Գյումրիում ստեղծվել է համապատասխան մարզաբազա՝ անհրաժեշտ գույքով:

Ստամբուլում, չնայած ծավալված շահագրգիռ խոսակցություններին, անորոշ մնացին առաջին անգամ անցկացվելիք պատանեկան օլիմպիական խաղերի կազմակերպմանն առնչվող հարցերը: Որ պատանեկան օլիմպիական խաղեր կազմակերպվելու են՝ հաստատ է: Բաց է մնում այն հարցը, թե ի՞նչ չափորոշիչներով են սահմանվելու վարկանիշները: Այդ խնդիրը վերջնական լուծում ստանալու է հունվարին հրավիրվելիք ՄՕԿ-ի հավաքում:

Ինչպես հայտնի է, յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ անցկացվում են օլիմպիական փառատոներ: Մրցաշրջան 2009-ում նախատեսված է կազմակերպել երկու նման փառատոն: Փետրվարին՝ ձմեռային մարզաձեւերի, օգոստոսին՝ ամառային: Դրանց մասին նույնպես խոսվեց բավականին մանրամասն: Հայաստանի մարզական ֆեդերացիաներն այժմվանից պատշաճ մակարդակով նախապատրաստվում են դրանց: Մասնավորապես, ձմեռային մարզաձեւերի ներկայացուցիչները հանդես են գալու գեղասահքում, լեռնադահուկային սպորտում, դահուկավազքում եւ բիաթլոնում: Բոլոր հավաքականների կազմերն արդեն համալրված են եւ սպասում են մեկնարկին:

Քննարկումներին զուգահեռ, բավականին արդյունավետ շփումներ ունեցա տարբեր երկրների ազգային օլիմպիական կոմիտեների ղեկավարների, սպորտի նախարարների հետ: Բոլորն էլ համակարծիք են, որ արդեն այժմվանից պետք է ներգրավվել ընթացիկ ձմեռային եւ մեկնարկող հաջորդ՝ ամառային օլիմպիական ցիկլ, դրանց ավելի արդյունավետ նախապատրաստվելու նպատակով կազմակերպել համատեղ ուսումնամարզական հավաքներ, մշտապես փոխանակել առաջավոր փորձը: Ես իմ գործընկերներին ներկայացրի Ծաղկաձորի ընձեռած բնակլիմայական եւ մարզումային բացառիկ պայմանները: Հուսով եմ, որ մեր գլխավոր օլիմպիական մարզաբազայում մարզվելու հայտեր շուտով կստացվեն հիմնականում ԱՊՀ երկրներից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել