ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը խոսում է փաստերով
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԱԺ կրթության, գիտության, երիտասարդության, մշակույթի եւ սպորտի հարցերի հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանը մտահոգված է, իր խոսքով՝ պաշտոնյաների «ջայլամային» պահվածքով եւ վերջին շրջանում դպրոցը հեղինակազրկելու փորձերով:
«Կան պաշտոնյաներ, որոնք անթաքույց ասում են, թե թերթ չեն կարդում: Ես վախենում եմ նմաններից, ուրեմն պաշտոնյան չի ընկալում, թե սահմանադրական ինչպիսի պետության մեջ է ապրում: Այն դեպքում, երբ սահմանադրությամբ ժողովրդավարություն է ամրագրված, ժողովրդավարությունն էլ անհրաժեշտություն է դարձնում բազմակարծությունը: Այսօր ունենք բազմակարծություն ապահովող ընդամենը մի քանի թերթ, ու եթե այդ պաշտոնյաները դրանք չեն կարդում, ուրեմն չեն հետաքրքրվում, թե իրենց արածն ինչպես է մեկնաբանվում հասարակության մեջ: Նույն պաշտոնյաները հեռուստաընկերություններով, որոնք գրպանային են ու կոալիցիոն, ջանք չեն խնայում իրենց արածը ի ցույց դնելու համար»,- ասում է պատգամավորը: Նա անդրադարձավ նաեւ հանրակրթության ոլորտի «կնճիռներին»: «Ուզում եմ իմ մտահոգությունները կիսել հեռուստաընկերությունների կողմից հանրակրթական դպրոցների վրա հարձակումների թեմայով: Այսօր ԿԳՆ-ն հպարտորեն հայտարարում է, թե կանխել է դրամահավաքը, ինչին անձամբ ես չեմ հավատում: «Թեժ գիծ» ստեղծելն ու դպրոցի տնօրեն ազատելը ամենեւին դա չի նշանակում: Ուղղակի քավության նոխազ էր պետք, իսկ 175-րդ դպրոցի տնօրենը հավանաբար թույլ մեջք ուներ, ուժերը պատեց՝ հանեցին,- կարծում է Ա. Բախշյանը եւ հավելում,- իշխանությունները նախ թող պատասխանեն՝ ի՞նչ են հասկանում դրամահավաք ասելով: Եթե նկատի ունեն տնօրենի, ուսուցիչների համար արվող նվերները, դա միանշանակորեն այդպես է: Իսկ եթե դրամահավաք ասելով հասկանում են ծնողական հիմնադրամի ներդրումները, ապա չարաչար սխալվում են եւ պարզապես իրավունք չունեն արգելելու այն: Ցանկացած դպրոց կարիք ունի ծնողական հիմնադրամի: Եթե ԿԳ նախարարության բարձր պաշտոնյան (նկատի ունի ԿԳ փոխնախարար Բագրատ Եսայանին- Գ. Հ.) հայտարարում է, որ կավճի համար ամեն դպրոց 1 մլն 300000 դրամ ունի, ուրեմն ինքը դպրոցի ֆինանսական կառավարումից առնվազն տեղյակ չէ: Որեւէ դպրոց չի կարող գոյություն ունենալ առանց ծնողական հիմնադրամի: Բոլոր շահագրգիռ վերադաս կազմակերպությունները՝ քաղաքապետարանը, ԿԳ նախարարությունը պիտի համապատասխան կարգ ստեղծեն, որով առաջնորդվեն դպրոցների տնօրենները: Վերջիններս ոչ միայն իրենց սեյֆում չպետք է պահեն այդ գումարը, այլեւ պիտի հաշվետու լինեն ծնողներին: Որեւէ մեկը իրավունք չունի արգելելու ծնողական հիմնադրամը, դա օրինակելի կանոնադրությամբ ամրագրված փաստ է: Այսօր դպրոցների մեծ մասում արգելել են վճարովի ծառայությունները, որի իրավունքը նույնպես չունեն: Դպրոցը պարտավոր է լրացուցիչ կրթական ծառայություններ մատուցել, ծնողն էլ պարտավոր է վճարել»:
Կապված աշակերտների թվաքանակի նվազման հետ, դպրոցներում տարածքներ են ազատվում, որոնք կրթօջախները վարձակալական հիմունքներով տրամադրում են այլ կազմակերպությունների: Չնայած ստացվող շահույթներին, դպրոցներից շատերը շարունակում են աղքատի իրենց գոյությունը: ԱԺ պատգամավորն այս հարցի մասին էլ խոսեց. «Օրերս այցելել եմ Նար-Դոսի անվան թիվ 14 միջնակարգ դպրոց, որն ունի 520 աշակերտ, հսկա շենք ունի, վարձակալության տրված տարածքներ, կոնկրետ 2007 թվականին՝ մոտ 20 մլն եկամուտ: Երբ այդ թիվը տեսա՝ զարմացա, մտածեցի, որ ոսկու մեջ կորած դպրոց կլինի: Իրականում կիսաավերակ էր: Երբ տնօրենին հարցնում եմ՝ ինչո՞ւ է այսպես վիճակը, մարդը բացատրում է՝ աշակերտ թվով ֆինանսավորումը եւ դպրոցի պահպանման ծախսերը այնքա՜ն շատ են, որ աշխատավարձ տալու ու սոցվճարների համար այդ գումարներից էլ են դնում: Այսինքն՝ տնօրենին չպետք է անընդհատ երեսով տալ, թե գումար են հավաքում: Եվ հեռուստատեսությամբ դպրոցի մոտակայքում երեխաներից դրամահավաքի մասին հարցազրույցներ վերցնելը ընդամենը մի նպատակ է հետապնդում՝ հեղինակազրկել դպրոցը: Ախր հասարակությունը շատ լավ գիտի՝ որ դպրոցում ինչ է կատարվում, որ տնօրենն ինչով է զբաղված: Բայց, չգիտես ինչու՝ ոմանց ապօրինի գործունեությունը չեն տեսնում»:
Ըստ մեր զրուցակցի, ԿԳՆ-ն ու քաղաքապետարանի կրթության վարչությունը պիտի շահագրգիռ լինեն, որ ընտրվող տնօրենների կերպարները դպրոցին համապատասխան լինեն. «Թե չէ՝ երբեմն դպրոցի տնօրենի աթոռին են հայտնվում ինչ-ինչ պաշտոնյաների կողմից հովանավորվող մարդիկ, որոնք շատ հեռու են մանկավարժ լինելուց: Օրինակ՝ այդպիսին է տնօրեն դառնալու հավակնություններ ունեցող Ներսես Մեծի անվան թիվ 124 դպրոցի ներկայիս ուսմասվար տիկին Նիկոյանը: Նա նախկին տնօրենից 4 նկատողություն է ստացել, որը դատավոր Ուզունյանը չեղյալ է հայտարարել: Դատավոր Ուզունյանի հետ կապված իմ վերաբերմունքը հասարակությունը գիտի՝ վստահություն չներշնչող աղբյուր է, անկախ նրանից, այդ կինն արդարացի՞ է ստացել նկատողությունը, թե՞ ոչ: Ցավոք, ըստ ԿԳՆ մշակած կարգի, տնօրեն դառնալու համար ընդամենը 5 տարվա աշխատանքային փորձ է պահանջվում, այն դեպքում, երբ 5 տարում հազիվ մանկավարժ են դառնում: Իմ խորին համոզմամբ, այսօրվա դպրոցի տնօրենների մեծամասնությունը տեղյակ չէ կրթակարգին: Եվ ով պատահի՝ արհամարհում ու շրջանցում է ԿԳ նախարարության չորուցամաք կարգը, արդյունքում ունենք տնօրեններ, որոնք դրամահավաք ասվածի տակ ուրիշ բան են հասկանում»:
Կրկին անդրադարձ եղավ դպրոցների տարածքները վարձակալությամբ հանձնելուն: Պատգամավորն ասաց, որ իր ձեռքի տակ կա դրան վերաբերող 3 փաստաթուղթ՝ տրված քաղաքապետարանի, կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեի եւ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից: Ա. Բախշյանը փաստում է, որ դրանցում առկա տվյալները միմյանց չեն համապատասխանում:
«Քաղաքապետարանը ինձ 38 դպրոցի ցանկ է տվել, որտեղ նշված է, թե որ դպրոցը իր տարածքն ում է վարձակալության տվել: Պետեկամուտների կոմիտեից էլ տրամադրել են 126 դպրոցի ցուցակ, որտեղ շատ հետաքրքիր տվյալներ կան 2007թ. վճարած շահութահարկի մասին: Օրինակ, թիվ 29 դպրոցի շահութահարկը կազմել էլ 1 մլն 362 հազար դրամ, մինչդեռ այս դպրոցը քաղաքապետարանի ներկայացրած ցանկում չկա: Եվ ոչ միայն սա: Քաղաքապետարանում ասացին, որ այն դպրոցները չկան ցանկում, որոնց բուֆետներն են վարձակալությամբ տրվել, բայց միայն բուֆետով այդքան շահույթ հնարավոր չէ ստանալ: 2007թ. Րաֆֆու անվան թիվ 36 դպրոցի շահութահարկը 944000 դրամ է կազմել, Չարենցի անվան 67-րդ դպրոցինը՝ 281000 դրամ, Նար-Դոսի անվան 14-րդ դպրոցինը՝ 2 մլն 200 հազար: Ամենահետաքրքիրը Կադաստրի կոմիտեից ստացված ցուցակն է: Ըստ վերջինիս, վարձակալության են տրվել 183 դպրոցների տարածքներ: Երբ 3 գերատեսչությունների տրամադրած փաստաթղթերը համեմատում ու տեսնում ես, որ շատ տվյալներ չեն համապատասխանում միմյանց, սկսում ես շատ լուրջ բաների վրա կասկածել: Այդ փաստաթղթերը հուշում են, թե ինչու է դրամահավաքը խփում մի դպրոցի տնօրենին, իսկ մյուսին՝ ոչ: Եվ ինչու է բոլոր մակարդակների գործունեությունը այսքան ոչ պետականամետ: Ուրեմն, այսքանից հետո թող չփորձեն ուսուցչի աշխատանքը հեղինակազրկել, երբ իրենք գործում են նման ապօրինությունների շրջանակներում»:
Ա. Բախշյանի հաջորդ մտահոգությունը վերաբերում է բյուջեին. «2009թ. պետբյուջեով Երեւան քաղաքի 47-48 կրթական օբյեկտներ՝ հիմնականում՝ դպրոցներ, ենթարկվելու են հիմնանորոգման կամ մասնակի նորոգման: Այդ ցուցակում այնպիսի դպրոցներ են, որոնց ֆիզիկական վիճակը շատ լավ գիտեմ: Խոսքը, օրինակ, Իսակովի անվան թիվ 132, թիվ 11, Դանիել Վարուժանի անվան թիվ 89, թիվ 62 դպրոցների մասին է… Իսակովի անվան դպրոցի նորոգման համար տրամադրվել է 148 մլն դրամ, Դանիել Վարուժանի անվան դպրոցի համար՝ 119,900 մլն: Գուցե այս դպրոցների տնօրեններն ինձնից կնեղանան, բայց մի՞թե այդ գումարները տրվել են այդ դպրոցները ոսկեզօծելու համար: Չէ՞ որ իրենք դրա պետքը չունեն, եւ Երեւանում, եւ մարզերում դպրոցներ կան, որոնք խայտառակ վիճակում են: Օրինակ Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոցը, որն անցյալ տարի հրդեհվել էր, թիվ 74-ը… Սակայն դրանց տնօրեններին մերժել են: Ի դեպ, ըստ քաղաքաշինության նախարարի, քաղաքապետարանն է դպրոցների ցանկը ներկայացնում… Ավելին ասեմ՝ նորոգման ծրագիրն էլ շարունակական է…»: