Փարատելով «Առավոտի» մտավախությունը, որ նախկին դեսպան Արա Պապյանի հեղինակած ԼՂՀ հարցի հանգուցալուծման առաջարկները հեռու են իրականությունից, քանի որ հիմնված են 80-ամյա վաղեմության փաստաթղթերի վրա, «Միացում» նախաձեռնության հիմնադիր անդամ Ալեքսանդր Քանանյանն ասաց, որ եթե այդ առաջարկները կիրառենք Թուրքիայի նկատմամբ, բնականաբար, որեւէ իրական ազդեցություն կամ կիրառում չեն կարող ունենալ:
«Բայց մենք քաջ գիտակցում ենք, որ այդ եւ համանման փաթեթները կիրառվում են ներկան իրավաբանորեն ամրագրել տալու համար: Նման գործիքների ճկուն, գրագետ, համաչափ կիրառման դեպքում կարող ենք արձանագրել լուրջ նվաճումներ»,- գտնում է նա: Մեր զրուցակիցը խորհուրդ է տալիս չմոռանալ, որ Ադրբեջանն է պարտվել իր սանձազերծած պատերազմում, ուստի ներկայիս սահմաններն առավելագույն փոխզիջումն են հայության կողմից: Նա վստահ է, որ անգամ մեկ շրջան զիջելու պարագայում Հայաստանը կանգնելու է ադրբեջանական ռազմական ագրեսիայի վտանգի առջեւ: «Իրականում զիջելով է, որ մենք մոտեցնում ենք պատերազմը: Մենք միջազգային հանրությանը պետք է հասկացնենք, որ չենք կարող զոհել մեր անվտանգությունը, ոչնչացման դատապարտել մեր պետության գոյությունը»,- ասում է Ալեքսանդր Քանանյանը: Յուրի Բարսեղովի կամ Ալեքսանդր Մանասյանի համանման առաջարկներից, ըստ մեր զրուցակցի, այս առաջարկները տարբերվում են նրանով, որ ընդունում են միջազգային իրավունքի գերակայությունը, մանավանդ որ՝ Սերժ Սարգսյանը մոսկովյան Հռչակագրի ներքո իր ստորագրությամբ ճանաչել է այդ գերակայությունը: Նա օրինակ է բերում այն հանգամանքը, որ արցախյան պատերազմի ժամանակ Նախիջեւանն «անհաղորդ» մնաց իրավիճակին, քանի որ ցայսօր գործում է Կարսի եւ Մոսկվայի պայմանագիրը, համաձայն որի՝ Թուրքիան եւ Ռուսաստանը երաշխավորն են, որ Նախիջեւանը չանցնի երրորդ կողմին. «Եթե այսօր իրավական եւ գործուն է համարվում միջազգային իրավունքի տեսանկյունից կատարելապես անվավեր այդ պայմանագիրը, ինչո՞ւ մենք չենք կարող փորձել հաստատել եւ ամրագրել այն, ինչին իրականում հասել ենք զոհողությունների գնով»:
Պարոն Քանանյանը համոզված է, որ 1991-ին կայացված որոշումը՝ Արցախն անկախ պետություն հռչակելու մասին, իրեն սպառել է, քանի որ բանակցային գործընթացը ցույց տվեց, որ միջազգային հանրությունն իրականում երբեք էլ ԼՂՀ-ն չի դիտարկել որպես հակամարտության կողմ: Նա չափազանց վտանգավոր է համարում միջազգային առաջարկներին «ոչ» ասելու ողջ պատասխանատվությունն արցախցիների վրա թողնելը: Բացի այդ, նա համարում է, որ միջազգային հանրության դժգոհությունը մեր նկատմամբ՝ թե՛ ԼՂՀ-ն անկախ ճանաչելու, թե՛ այդ տարածքի նկատմամբ ՀՀ իշխանությունը ճանաչելու դեպքում, նույնն է լինելու, ուստի խորհուրդ է տալիս ավելի գործնական լինել: ԼՂԻՄ տարածքում անկախ ճանաչվող ԼՂՀ-ն, մեր զրուցակցի համոզմամբ, լինելու է անկենսունակ, մանավանդ՝ Ադրբեջանի ռազմատենչության ֆոնին: Նա շատ է զարմանում, որ այսօր Արցախի ողջ քաղաքական ղեկավարությունը առաջնահերթություն է համարում ԼՂՀ անկախության ճանաչումը, հիշեցնելով, որ նախադեպային իրավունքի ուժով, նորերս անկախացած բոլոր պետությունները ճանաչվել են իրենց նախկին վարչական սահմաններում: Խոսելով ԼՂՀ ինքնորոշման մասին, մեր զրուցակիցը հարկ է համարում ընդգծել, որ ներկա ԼՂՀ-ն իրավահաջորդն է ոչ միայն ԼՂԻՄ-ի հայության, այլեւ ողջ Ադրբեջանի հայության, ուստի էթնիկական տարանջատման պարագայում ԼՂՀ ներկայիս տարածքը կարող է դիտարկվել որպես ադրբեջանահայության իրավաբաժին:
Ալեքսանդր Քանանյանն այն կարծիքին է, որ Հայաստանի նկատմամբ երբեւէ չեն եղել անհաղթահարելի ճնշումներ, քանի որ այս տարածաշրջանում դեռեւս չկա որեւէ գերտերության գերիշխանություն՝ Հայաստանին չի կարող պարտադրվել որեւէ մեկին նախընտրելի տարբերակ: Նա համարում է, որ մենք պետք է սկզբունքային լինենք եւ տարածքներ չզիջելու մեր դիրքորոշումը կապենք մեր իսկ գոյության իրավունքի հետ: Նաեւ վստահեցնում է, որ այդ պարագայում դեռ երկար ժամանակ աշխարհը կնախընտրի այնպիսի խաղաղություն, կայունություն, որը ձեւավորված է հայկական եւ ադրբեջանական զինուժի փոխհավասարակշռության սկզբունքով, եւ որքան էլ Ադրբեջանն ավելացնի իր ռազմական բյուջեն, մոտակա տարիների ընթացքում այն չի լինի Հայաստանի նկատմամբ այնքան գերակա, որ Ադրբեջանին թույլ տա ռազմական ագրեսիա ձեռնարկել: Մանավանդ որ ներկայիս սահմաններով Հայաստանը առավելություն ունի Ադրբեջանի նկատմամբ: