Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իշխանություններն են կռվեցնում

Դեկտեմբեր 03,2008 00:00

Ըստ գյումրեցի ազատամարտիկների՝ սրբազան-քաղաքապետ կոնֆլիկտ հրահրողը իշխանություններն են:

Օրերս Ամենայն հայոց կաթողիկոսը վստահեցրեց, որ Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը պաշտոնանկ չի արվի, այնուամենայնիվ, այս հարցը շիրակցիներին դեռեւս հանգիստ չի տալիս: Ի պատասխան քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, որն արդեն քանի օր է՝ ստորագրահավաք է սկսել Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդի դեմ, ի պաշտպանություն սրբազանի՝ մի այլ ստորագրահավաք էլ նախաձեռնել է ժողովուրդը: Երեկ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում մեկը մյուսի հետեւից մամուլի ասուլիս էին հրավիրել Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդի զորակցության նախաձեռնող խմբի անդամներն ու Շիրակի մարզի ԵԿՄ անդամները: Եվ եթե պատվիրակության անդամները կաթողիկոսի հետ ունեցած հանդիպման մասին իրենց տպավորություններն էին կիսում, ապա ԵԿՄ անդամները հարցի քաղաքական ենթատեքստն էին մեկնաբանում: Նրանք նախ հերքեցին այն լուրերը, թե սրբազանը ընդդիմադիր հայացքներ ունի եւ «թունդ լեւոնական է»: «Յուրաքանչյուր բանական մարդ, եթե ինքն իրեն մտածի, կհասկանա, որ քաղաքապետն ո՞վ է, որ սրբազանին կարողանա գահընկեց անել: Այս ամենի հետեւում այլ ուժեր են, սա մենք ի սկզբանե գիտեինք, ու դրա համար էլ խիստ շահագրգռված ենք, որ հարցը լուծվի հաշտության ճանապարհով, զերծ մնանք քաղաքական ուժերից: Կիրակի օրն էլ, ի պաշտպանություն սրբազանի, եկեղեցու առջեւ, այսպես ասած, «մինի» հանրահավաք տեղի ունեցավ: Ասենք, որ այնտեղ սրբազանին պաշտպանողների շարքում ավելի շատ դաշնակցականներ, ԱԺՄ-ականներ ու «Բարգավաճ Հայաստանի» անդամներ էին, քան Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակիցներ: Ավելին ասեմ, որեւէ լեւոնական չկար այնտեղ: Երեկ «Ցայգ» հեռուստաընկերությամբ թոք-շոու էր, ու, մեր տպավորությամբ, մասնակիցները կարծես թե կոմունիստական կուսակցության ժողովի էին նստել ու խնդիրն էլ փորձում էին տեղափոխել նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դաշտ, էդպիսի բան չկա: Սա գյումրեցուն վայել չէ, եւ եթե շահագրգիռ 3-րդ կամ 4-րդ կողմերը չփորձեին լարել՝ այսպիսի իրավիճակ չէր լինի: Ինչի՞ է նմանվում, կարծես թե նույն նախընտրական շրջանը լինի»,- ասաց ԵԿՄ Շիրակի մարզային կառույցի ղեկավար, քաղբանտարկյալ Աշոտ Զաքարյանի եղբայրը՝ Արմեն Զաքարյանը:

Ազատամարտիկ Ժորա Աթոյանն էլ փորձեց բացատրել, թե ովքեր են Շիրակի մարզում կռիվ գցող ուժերը: Ըստ նրա, սա իշխանությունների կողմից նախապես պատրաստված սցենար է, որի իրականացման համար օգտագործվել է քաղաքապետ Ղուկասյանը. «Էս երկրում ով ուզում է լինի, թեկուզ սրբազան, ճշմարիտ խոսք ասելու իրավունք չունի: Եվ այս ամենը շատ գեղեցիկ ձեւով օգտագործվում է սրբազանի դեմ՝ օգտագործում են քաղաքապետին, նրա էմոցիաները, սակայն իրականում խնդիրն ավելի լայն է, իրականում կան ավելի գլոբալ հարցեր, ինչո՞ւ չենք ուզում մտածել այն մասին, որ սա Հայաստանի հիմնական ներքաղաքական ու արտաքին քաղաքական խնդիրներից շեղման տարբերակ է: Էսօր իշխանությունները ժողովրդին զբաղեցնելու խնդիր ունեն: Ու զբաղված են մանր-մունր թվացող հարցերով, բայց սա ազգակործան գործ է: Եթե իշխանությունների մատը խառը չլիներ՝ Գյումրիի քաղաքապետը չէր կարող դուրս գալ սրբազանի դեմ ու ինչ-որ բաներ աներ: 10-15 օր շարունակ երկրի իշխանություններն ու կաթողիկոսն էդ ամենին հանգիստ նայում էին: Այսինքն՝ սա ինչ-որ մեկին ձեռնտու էր՝ շեղել ժողովրդի ուշադրությունը խոշոր, գլոբալ քաղաքական հարցերից՝ անօրինական դատավարություններից, ԼՂՀ խնդրից: Ամոթ է, սրբազանը պետք է պաշտպանված լիներ իշխանության կողմից, այլ ոչ թե մասնավոր անձանց, նա անձեռնմխելի անձնավորություն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել