Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԺԿ-Ն՝ «ՄԱՐՏԻ 1»-Ի ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

Դեկտեմբեր 03,2008 00:00

Երեկ տեղի է ունեցել «Նոր ժամանակներ» կուսակցության 5-րդ արտահերթ՝ փակ համագումարը: Ինչպես նախապես հայտարարվել էր, համագումարում պետք է քննարկվեր ՆԺԿ-ի՝ Հայ ազգային կոնգրեսին անդամակցելու հարցը: Սակայն, ինչպես պարզվեց համագումարից հետո, օրակարգում այդ հարցը չի եղել: Կուսակցության ղեկավարը «Առավոտի» հետ զրույցում չցանկացավ մանրամասնել հարցի հետաձգման պատճառները: Փոխարենը ՆԺԿ-ն որոշում է կայացրել ի դեմս կուսակցության ղեկավարի՝ այսուհետեւ մասնակցել ՀՀ ԱԺ 2008թ. մարտի 1-2-ի Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության հարցերով ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին:

ՆԺԿ համագումարն անդրադարձել է նաեւ հայաստանյան ներքաղաքական խնդիրներին եւ ամրագրել, որ «երկրին անհապաղ անհրաժեշտ են համապետական նոր ընտրություններ», որի արդյունքում ի հայտ կգա «ազգային-պետական մտածողությամբ օժտված գործիչների համախումբ՝ ի նպաստ հայության հարատեւման»: Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ ՆԺԿ մոտեցումները մնացել են նույնը. ԽՍՀՄ օրենքների համաձայն, ԼՂՀ-ն դուրս է եկել Ադրբեջանական ԽՍՀ կազմից եւ դե ֆակտո դարձել անկախ պետություն: Այդ հանրաքվեն պետք է ճանաչվի միջազգային չափանիշներին համապատասխան՝ որպես ժողովրդի կամքի արտահայտման ձեւ: Նաեւ՝ «պայմանագրային առումով պետք է ամրագրվի, որ Ադրբեջանը Հայաստանից որեւէ տարածքային պահանջ չունի եւ միջազգային մակարդակով նման հարց չի դնելու: Միայն այս հիմքի վրա Հայաստանը կարող է եւ պատրաստ է վերականգնել բարիդրացիական հարաբերություններն Ադրբեջանի հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել