Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Քաղաքական վրեժխնդրություն, հաշվեհարդար»

Դեկտեմբեր 03,2008 00:00

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի գործով դատաքննությունը: Հերթական նիստում շարունակվել են հրապարակվել գործով ապացույցները, որոնց առնչությամբ, պաշտպաններից բացի, հայտարարություններով հանդես է եկել նաեւ Գ. Ջհանգիրյանը: Նա վկայակոչել է «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասը, որն արգելում է դատախազին բերման ենթարկել առանց գլխավոր դատախազի համաձայնության՝ բացառությամբ դատական ակտի հիման վրա բերման ենթարկելու դեպքերի: «Իմ պարագայում ակնհայտ է, որ ոչ մի դատական ակտ չկա ու չէր կարող լինել, էլ չեմ խոսում բերման ենթարկելու օրինական, իրավական հիմքերի իսպառ բացակայության մասին: Մնում է, որ ինձ բերման ենթարկելուն համաձայն լիներ գլխավոր դատախազը: Իսկ գործի նյութերում չկա նման փաստաթուղթ, որ դատախազն է նախօրոք նման համաձայնություն տվել»,- ըստ «Ա1+»-ի՝ ասել է Գ. Ջհանգիրյանը: Կարծելով, որ միգուցե իրեն ապօրինաբար բերման ենթարկելիս նկատի է առնվել, որ ինքն այդ պահին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով այլեւս դատախազ չէ, Ջհանգիրյանը հայտարարեց, որ եթե անգամ ընդունենք, թե ՀՀ նախագահի այդ հրամանագիրը օրինական էր, ապա այն ուժի մեջ է մտնում դրա օրինակը իրեն հանձնելուց մեկ օր անց միայն, իսկ ինքը մինչեւ հիմա նման հրամանագիր չի ստացել: «Իսկ ո՞վ է Ջհանգիրյան դատախազին ձերբակալել, մեղադրանք առաջադրել եւ խափանման միջոցը կալանք կիրառելու միջնորդությամբ դիմել դատարան. ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության շարքային քննիչը, բայց ոչ՝ գլխավոր դատախազը: Այսինքն՝ սույն վարույթի ընթացքում բացահայտ ոտնահարվել ու անտեսվել են ոչ միայն Ջհանգիրյան ՀՀ քաղաքացու՝ Սահմանադրությամբ եւ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված իրավունքներն ու ազատությունները, այլեւ Ջհանգիրյան դատախազի իրավական պաշտպանության օրենսդրական բոլոր երաշխիքները»,- հայտարարել է նա:

Գ. Ջհանգիրյանը երեկ նաեւ հայտարարություն է տարածել, որում բացի այն, որ գործող օրենսդրության դիտակետից պարզապես ջախջախել է իրեն հարձակման, բերման ենթարկելու, իր դեմ քրգործ հարուցելու որոշումները, նաեւ հռետորական հարցադրում է ուղղել դատավորին. «Ինչպե՞ս կվարվեր ցանկացած դատախազ, եթե իր հսկողության ներքո գտնվող որեւէ գործով պարզվեր, որ վարույթը սկսվել ու շարունակվել է դատավարական նորմերի նման անթաքույց, կոպիտ խախտումներով: Արդյոք դա անվիճարկելի հիմք չէ՞ր քրեական հետապնդման անհապաղ դադարեցման եւ քրգործի վարույթի կարճման համար: Այո, այդպես կվարվեր ցանկացած այլ դեպքում, այլ գործով, բայց ոչ՝ Ջհանգիրյանի: Դե հիմա, պարոն Վարդանյան, Ձեզ, ինձ, անկողմնակալ դիտորդին, հանրությանը համոզեք, որ Ջհանգիրյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը քաղաքական վրեժխնդրություն ու հաշվեհարդար չէ, այլ քրեական հանցագործության փաստով ծագած քրեաիրավական ու քրեադատավարական հարաբերություններ: Եթե Ձեզ համոզեք, համարեք, որ ինձ ու անկողմնակալ դիտորդին լիովին համոզել եք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել