Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Նախագահը ինչ էլ ասի`ճիշտ է»

Դեկտեմբեր 03,2008 00:00

Երեկ հայտարարեց Գալուստ Սահակյանը

«Հանրաքվեի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկումը խորհրդարանում վերածվեց քաղաքական շոուի: Պատգամավորներից շատերն առիթն օգտագործեցին ամպագոռգոռ հայտարարություններ անելու եւ ցուցադրվելու համար: Ընդդիմադիրները հայտարարում էին, թե օրենքում կատարվող փոփոխություններն անմիջականորեն կապվում են Արցախի հիմնախնդրի հետ, իսկ իշխանական պատգամավորները փորձում էին ապացուցել, որ դա պարզապես հանրաքվեի մասին է եւ կարող է կապ ունենալ ցանկացած հարցի հետ: Անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, օրինակ, երեկ շատ սկզբունքային էր. «Ես չեմ ասում, որ այս փոփոխությունները հակասում են ՀՀ Սահմանադրությանը, բայց չեմ կարող նաեւ ասել, որ դա համապատասխանում է Սահմանադրությանը»: Նա առաջարկեց, որ հանրաքվեի անցկացման իրավունք տրվի նաեւ ժողովրդին. «Պետության կյանքի համար կարեւորագույն նշանակություն ունեցող հիմնախնդիրների հաշվով, հանրաքվեի նախաձեռնության իրավունք ունենան նաեւ քաղաքացիները, ինչն ամրագրված է 1991-ին ընդունված «Հանրաքվեի մասին» օրենքի 9-րդ հոդվածում»: Հիշեցրեց, որ 2003-ի նախագահական ընտրություններից հետո ինքը եւ փաստաբան Աշոտ Սարգսյանը ՍԴ-ում ներկայացրել են Ստեփան Դեմիրճյանի շահերը եւ հասել են նրան, որ ՍԴ-ն որոշում ընդունեց մեկ տարվա ընթացքում փոփոխություններ կատարել «Հանրաքվեի մասին» օրենքում եւ անցկացնել Ռոբերտ Քոչարյանի վստահության հանրաքվե. «Ցավոք, ԱԺ-ն վերածելով հրոսակների կազարմայի, հարձակվեցին ժողովրդի վրա, որը 2004-ի ապրիլի 12-ին պահանջում էր իրականացնել ՍԴ-ի հայտնի որոշումը»: ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը համամիտ չէր Վիկտոր Դալլաքյանի հռետորական հարցին՝ մի սուվերեն պետությունը ունի՞ իրավունք մեկ այլ սուվերեն պետության հարցը դնել հանրաքվեի. «Ես չեմ կիսում այդ տեսակետը, որեւէ մեկը չի կարող ասել, որ եթե անգամ այս հարցը առնչվի էլ ԼՂ հարցին, ապա ինչ ձեւակերպմամբ կդրվի հանրաքվեի: Տեսականորեն, եթե, ասենք, հանրաքվեի դրվի հարց՝ համաձա՞յն է ՀՀ ժողովուրդը, որ ԼՂՀ-ն միանա Հայաստանին, ապա մենք կարո՞ղ ենք ասել՝ դա միջամտություն է մեկ այլ պետության գործերին. իհարկե՝ ոչ»:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավորները դեմ էին այս փոփոխություններին: Զարուհի Փոստանջյանը նկատեց, որ օրինագիծը հակասում է Սահմանադրությանը, եւ հարցրեց. «Ի՞նչ է, ուզում ենք հանրաքվեի միջոցով ժողովրդի վրա՞ դնել այդ բեռը: Միջազգային հակաճգնաժամային խումբը երկու տարի առաջ խորհուրդ էր տվել գնալ եւ պատրաստել մեր ժողովրդին Արցախի հանձնմանը, տարածքների հանձնմանը, այս օրինագծի տակ ես հասկանում եմ, որ եկել է այդ ժամանակը, որ գցեն այդ պարտականությունը ժողովրդի վրա»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ նպատակադրված չէր ելույթ ունենալ, բայց կխոսի, քանի որ տեսնում է «համը հանելու պես մի բան»: Նա հայտարարեց. «Մի հարց տամ ձեզ՝ հանկարծ ժողովուրդը ասեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է, մենք էլ էստեղ լուռ պիտի նստեինք, հա՞: Սա բարդ սցենար է, դրանք պայմանագրեր են, վերջին հաշվով՝ սցենարներ կան: Էդքան հեշտացե՞լ է Ղարաբաղի մասին խոսելը, դա արյան մեջ պիտի զգաս, եւ Ղարաբաղը որեւէ մեկին չի տրված իր համար քաղաքական պատվար դարձնել»: Ամփոփեց՝ օրենքը շատ սովորական օրենք է, ժողովրդավարական բոլոր իր մեկնաբանություններով: Նաեւ զգուշացրեց. «Էստեղից հայտարարություններ են անում, որ երկրի նախագահը ինչ ասում է, նա էլ արվում է: Երկրի նախագահը ինչ ասի, նա էլ պիտի արվի, որովհետեւ երկրի նախագահը մեծ քաղաքական կուսակցության ղեկավար է, կոալիցիոն ուժերի համախմբողը եւ իր մեծ երաշխավորված դերակատարումը պիտի ունենա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել