Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ԵՎ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ ՏԱՐԲԵՐ ԷԻՆ

Դեկտեմբեր 03,2008 00:00

\"\"ԵԽ Կոնգրեսի պատվիրակությունը սեպտեմբերի 28-ին Երեւանում անցկացված ՏԻՄ ընտրությունների գլխավոր առանձնահատկությունը համարել է քվեարկությանը ցածր մասնակցությունը, մինչդեռ Արմեն Գեւորգյանը կարծում է, թե դրանք «առանձնացան քաղաքացիական ակտիվ մասնակցությամբ»:

Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի նստաշրջանի երեկվա լիագումար նիստի օրակարգում 5-րդ կետը «Տեղական ժողովրդավարությունը Հայաստանում» հարցն էր, որի ընթացքում ելույթ ունեցավ Հայաստանի փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը եւ պատասխանեց հարցերի: Բայց մինչ նրա խոսքից որոշ մեջբերումներ անելը՝ անդրադառնանք Երեւանում սեպտեմբերի 28-ին կայացած ՏԻՄ ընտրությունները դիտարկած ԵԽ Կոնգրեսի պատվիրակության ղեկավար Վերոնիկ Մորեյրայի եւ Պաոլո Ռոնդելիի նոյեմբերի 13-ին հեղինակած «Տեղական ընտրությունները Հայաստանում» զեկույցին, որը եւ հիմք էր ծառայել երեկվա քննարկման ու այսօր ընդունվելիք երաշխավորությունների համար:

Կոնգրեսի պատվիրակությունը Երեւանում այցելել էր մոտ 100 ընտրատեղամաս։ Եվ դիտորդները մտահոգություն են արտահայտել, որ դրանցից մի քանիսում «թափանցիկության պակասը եւ լարվածությունը ստվերում է Հայաստանում տեղական ժողովրդավարության շարունակական զարգացումը»։

Զեկույցի հեղինակները նշել են, թե քաղաքական մրցակցությունը շատ բարձր էր Կենտրոն համայնքում, քանի որ այն քաղաքական բոլոր ուժերի կողմից դիտարկվում էր իբրեւ «կապիտալի կառավարման առանցքային դեր ստանձնելու գլխավոր քայլ»: Ըստ դիտորդների՝ այս համայնքի ղեկավարի ընտրությունների ընթացքում շատ բարձր էր քաղաքական բեւեռացվածությունը: Եվ զեկույցում ընդգծել են, թե Կենտրոնում դիտարկված որոշ ընտրատեղամասերում «ընտրողների 98% մասնակցությունը մեծ կասկածներ է առաջացնում քվեարկության օրինականության եւ թափանցիկության վերաբերյալ»:

Սակայն ընդհանրապես այս ՏԻՄ ընտրությունների դիտարկման գլխավոր առանձնահատկություններից մեկը նշվում է քվեարկությանը ցածր մասնակցությունը՝ 30% կամ 50%, ինչը բացատրում են ընտրություններից հոգնածությամբ, «դժգույն ընտրարշավներով» եւ քաղաքական մրցակցության պակասով՝ հատկապես ավագանիների ընտրության պարագայում:

Զեկույցում նաեւ հարցական է դիտված ընդհանրապես նման ընտրությունների անցկացման նպատակահարմարությունը՝ հաշվի առնելով, որ 2009-ին պիտի նոր ընտրություններ անցկացվեն՝ Երեւանի մասին նոր օրենքին համապատասխան:

Որպես թերություն նաեւ նշված է, թե որոշ ընտրատեղամասերում քվեախցերը չէին ապահովում քվեարկության գաղտնիության անհրաժեշտ պաշտպանություն:

Զեկույցում մեջբերված են թեկնածուների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ ԵԽ Կոնգրեսի պատվիրակության հանդիպումների ընթացքում լսած կարծիքները, թե էլեկտրոնային ԶԼՄ-ները դեռեւս չեն ապահովում հավասարակշռված ու բավարար տեղեկատվություն, որը հնարավորություն կընձեռեր քաղաքացիներին կատարել գիտակցված ընտրություն: Պատվիրակությանը նաեւ տեղեկացրել են, թե համայնքի ղեկավարի թեկնածուին (ըստ ամենայնի՝ խոսքն Արարատ Զուրաբյանի մասին է) հրաժարվել են եթեր տրամադրել 17 հեռուստաընկերություններից 16-ը:

Զեկույցի հեղինակները նշում են, թե Հայաստանի իշխանությունները պիտի ապահովեն հիմնական քաղաքական իրավունքների եւ ազատությունների՝ «ինչպիսին, օրինակ, խոսքի եւ հավաքների ազատությունն է, գործնական կիրառումը»:

Դիտորդներին հաղորդել են մի ընտրատարածքից մյուսը ընտրողներին փոխադրելու եւ ընտրակաշառքի դեպքերի մասին, իսկ ինքը՝ ԵԽ Կոնգրեսի պատվիրակությունն արձանագրել է «թափանցիկության պակաս թե՛ քվեարկության եւ թե՛ ձայների հաշվառման ընթացակարգերում»։

Զեկույցի եզրակացության մեջ նշված է. «Հայաստանում ՏԻՄ ընտրությունները ցուցադրեցին, որ քաղաքական ժողովրդավարական մշակույթը Հայաստանում ունի հետագա ամրապնդման կարիք»:

Այժմ անդրադառնանք ԵԽ Կոնգրեսի երեկվա լիագումար նիստում փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ելույթին: Նա վստահեցրեց, թե տեղական ընտրությունների մասին Կոնգրեսի զեկույցները մշտապես կարեւորվել են ՀՀ իշխանությունների կողմից. «Դրանք հաշվի են առնվում Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված պետական քաղաքականության ձեւավորման ժամանակ»: Արմեն Գեւորգյանը նաեւ նշեց, թե չնայած այս տարի կայացած ՏԻՄ ընտրությունների «կազմակերպման ու անցկացման գործընթացում դեռեւս առկա որոշակի թերություններին, որոնք արձանագրվել են նաեւ ձեր դիտորդական առաքելության կողմից՝ մեր կարծիքով, այս ընտրությունները, նախորդների հետ համեմատած, ավելի կազմակերպված էին, առանձնացան քաղաքացիական ակտիվ մասնակցությամբ»:

Արմեն Գեւորգյանի ելույթի մի զգալի բաժին էլ վերաբերում էր տարածաշրջանային համագործակցության հարցերին, եւ այս համատեքստում նա անդրադարձավ եվրոպացիներին այդքան ոգեւորած՝ հայ-թուրքական հարաբերություններում նկատվող տեղաշարժերին եւ հայտարարեց. «Հայաստանը վճռական է բարիդրացիական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, ինչը կնշանակեր փոխադարձ հարգանք, վստահություն եւ բարի կամք»:

Ելույթից հետո Արմեն Գեւորգյանը պատասխանեց Կոնգրեսի պատվիրակների հարցերին: Նրանք մասնավորապես հետաքրքրվեցին «Երեւանում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» օրենքի նախագծով։ Հայաստանի փոխվարչապետը ներկայացրեց, որ օրինագիծն Ազգային ժողովի կողմից ընդունվել է առաջին ընթերցմամբ: Ի դեպ, տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ ԵԽ պատասխանատուների հետ հանդիպումների ընթացքում էլ է Արմեն Գեւորգյանը քննարկել ոչ միայն Հայաստանում իրականացվող դատաիրավական բարեփոխումների հարցերը, մամուլի եւ խոսքի ազատության ոլորտում պետության կողմից իրականացվող միջոցառումները, այլ նաեւ Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված՝ տեղական ինքնակառավարման ոլորտում օրենսդրական բարեփոխումները, եւ մասնավորապես «Երեւանում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի ներկայացրած փորձագիտական եզրակացությունը. «Մասնավորապես, հաշվի առնելով փորձագետների առաջարկությունները՝ էապես ավելացվել են Երեւանի քաղաքապետի լիազորությունները»: Եվ Արմեն Գեւորգյանը հավաստիացրել է, որ փորձագետների հետ քննարկումների արդյունքում ձեւավորված բոլոր մոտեցումները հաշվի կառնվեն օրենքի նախագծի վերջնական տարբերակում։

Իսկ այսօր ԵԽ Կոնգրեսի մշտական հանձնաժողովը կընդունի սեպտեմբերի 28-ին Հայաստանում կայացած ՏԻՄ ընտրությունների դիտարկման վերաբերյալ երաշխավորություններ, որոնց կանդրադառնանք վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել